23 Նոյեմբեր, Շբ
Տարբեր հարթակներում հաճախ է քննարկվում կրոնի դերի և նշանակության մասին հարցը: Կարծիքները տարբեր են, երբեմն՝ իրարարամերժ, երբեմն՝ համահունչ միմյանց: Մարդկության սկզբնավորումից ի վեր հասարակությունները, պատմության էջերը շրջելով, մշտապես դավանել են այս կամ այն կրոնը, որովհետև զգացել են, որ կարիք ունեն փոխհաղորդակցության հոգեղեն իրականության հետ: Այդ զգացումը ձեռքբերովի կամ արհեստական չէ, այլ բնական է, բխում է անհատի ներսից, կրոնական ձևակերպմամբ՝ մարդու հոգուց: Աստվածաշունչը տալիս է պատասխանը, թե ինչու մարդն ունի նման ձգտում: Ծննդոց գիրքը վկայում է, որ մարդը ստեղծված է Արարչի պատկերով և նմանությամբ (Ծննդ. 2:26): Աստծու պատկերի դրոշմն է՝ կնքված անհատի էության մեջ, և մարդու բնութենական հոգեղենացած այդ պատկերը բնականորեն ձգտում է գտնել այն կատարյալ նմանությունը, որը Երկնավոր Հոր նմանությունն է, քանի որ այդ պատկերն ու նմանությունն են հարազատ ու բարեկամ իրեն ու ամբողջացնում են մարդու անհատականությանը:
Բայց երկինքն ու երկիրը սահմանազատած աստվածային արարչագործ վրձինը առավել ևս սահմանազատել է երկնային տարածությունը թանձրացական աշխարհից և շղարշով ծածկել երկնային կյանքի անպատմելի իրականությունը: Անշուշտ, երկնայինի ու երկրայինի սահմանազատման պատճառը մարդու ընտրությունն է, ընտրություն, որը սկզբնավորվել է ադամական պատմությամբ: Բայց յուրաքանչյուր անհատ իր կյանքի ընթացքում ուշ թե շուտ անդրադառնում է այն հարցին, թե ով է Աստված, արդյոք Նա գոյություն ունի, ինչու հավատալ Նրան և այլն: Անկախ նրանից, թե մարդն ընդունում է կամ չի ընդունում Աստծուն, կյանքում գալիս է մի պահ, երբ անդրադառնում է այս հարցերին թեկուզ իր հոգում, մտքում: Շատերն են ասում, թե այդքան խոսում եք հավատի, Աստծու մասին, բայց այդպես էլ չտեսանք ձեր պատմած աստվածաշնչյան Աստծուն, առաքյալների ավետարանած Քրիստոսին: Եվ եթե իրոք գոյություն ունի, ինչո՞ւ չենք տեսնում, լսում, հանդիպում Իրեն:
Աշխարհիկ տրամադրություններով տարված ու ապրող մարդու համար բարդ է հասկանալ հոգևոր իրականությունն ու դրա արժեքը (Ա Կորնթ. 2:13-15), որովհետև ինչքան էլ մարմնավոր մարդը կարդում է, լսում, ծանրութեթև անում և այլն, այնուամենայնիվ, բանականությունը պահանջում է ռացիոնալիզմ, շոշափելի, տեսանելի ապացույցներ, որոնք կարող են փաստել լսածի, կարդացածի ավետարանական լուրը: Նմանատիպ դիրքորոշման մեջ ամրացած մարդուն ինչքան էլ փորձես հավաստիացնել, որ կյանքի երջանկությունը, գրավականը հավատն է առ Աստված, նա չի ընդունի, որովհետև նրա հավատի ընդունումն ու անդրադարձը մնում են ռացիոնալիզմի սահմաններում, իր մտքում: Սակայն այլ է Քրիստոսին ընդունող մարդու հավատը։ Ինչպես Կիրիլ պատրիարքը «Հովվի խոսքը» գրքում նշում է՝ դրա համար հավատը սկսվում է բանականությունից և վերջանում սրտով:
Ի՞նչն է այն էական հիմնավորումը, որ հավատի ավետումը մնում է մարդու մտքի տիրույթում ու այն ենթարկում քննադատության և մերժման: Ի՞նչն է պատճառը, որ կյանքի տարբեր հարթություններում գտնվող անհատները կրկին թերահավատորեն են մոտենում Աստծուն և Նրա գոյությանը: Կարող ենք բերել բազմաթիվ պատճառներ, հանգամանքներ, սակայն հոգևոր տեսության լույսը ուրվագծում է այն մեծագույն հիմնակետը, թե մարդն ինչու է այդպես վարվում և չի հանդիպում Աստծու կենդանի ներկայությանն իր երկրային կյանքում: Ո՞րն է այդ գաղտնիքը կամ լույսի բանալին, հակառակ նրան, որ մարդն ինչքան էլ գեղեցիկ ու պատկերավոր հոգևոր խոսքեր լսի, կարդա, տեսնի, նույնիսկ հրաշքների ականատես լինի, միևնույն է, մնում է նույն դիրքորոշմանը և չի հանդիպում Աստծուն: Հիշատակելի է նաև այն փարավոնը, որը Մովսեսի միջոցով ականատես եղավ բազմաթիվ հրաշքների ու երևույթների, բայց ասվում է՝ Աստված կարծրացրեց նրա սիրտը (Ելք 10:20, 11:27): Թվում է, թե անարդարացի է, թե ինչու Աստված կարծրացրեց փարավոնի սիրտը, չէ՞ որ փարավոնը կարող էր հավատալ, և եգիպտացիների գլխին արհավիրքներ կարող էին չգալ, եթե նրա սիրտը Աստված չկարծրացներ: Բայց հարկ է նշել, որ մենք տեսնում ենք իրերի մակերեսը և ոչ թե բովանդակությունն ու խորիմաստությունը: Երբ Աստված մեզ պարգևում է իր լուսասփյուռ հայտնությունը, երևան են գալիս փոխկապակցված կարևոր իմաստների բանալիներ՝ ճանաչելու, արժևորելու, փնտրելու աստվածաբանական խորհուրդները, որոնք բացվում են, ինչպես դեռևս մեզ անհայտ խնամքով ծալված, փակ ոսկեզօծ ձեռագրի գրվածքները: Արդ, հոգու բացված ձեռագրի մեջ տեսնում ենք, որ ամեն անձ ձգտում է գտնել, ընթանալ այն ուղղությամբ, ինչ փնտրում է, արժևորում և ճանաչում: Նա, ով Աստծուն չի փնտրում, եթե նույնիսկ հազարամյակներ էլ ապրի, բազմափորձ գիտելիքներ ձեռք բերի, տեսություններ, կրոններ, գիտական լուրջ հետազոտություններ ուսումնասիրի, միևնույն է, այդպես էլ չի հավատա, չի ընդունի, չի ընկալի, ոչ էլ կհասկանա Աստծուն ու, ապրելով մի ամբողջ կյանք, այդպես էլ չի հանդիպի Նրան, քանի որ տվյալ անձն իր սրտով, հոգով ու մտքով իրականում Աստծուն չէ, որ փնտրում է, այլ ուրիշ իրողություն, այլ արժեք, այլ իրականություն և այլն: Եվ սա վերաբերում է ոչ միայն աթեիստներին, այլև շատ հավատացյալների, քանի որ նրանք էլ իրենց կյանքում այդպես էլ չեն հանդիպում կենդանի Աստծուն ու Նրա կենդանի հաղորդակցությանը: Կարևոր է, երբ մարդը նկատում է Աստծու Հոգու կանչը, Աստծու հետ բարեկամ լինելու զգացումը՝ իր հոգում դրոշմված Աստծու պատկերը և ձգտում փնտրել ու ճանաչել Արարչին՝ ջանք գործադրելով մոտենալ, իր միտքը, կամքն ու զգացմունքը ներդնել այս ուղղությամբ: Ինչքան մեծ է մարդու փնտրտուքն առ Աստված, այնքան մեծ են աստվածճանաչողությունն ու աստվածային հայտնությունն իր հանդեպ: Եթե փարավոնն իր հոգում Աստծուն փնտրեր, Արարիչը նրա սիրտը չէր կարծրացնի, սակայն փարավոնը փառք, իշխանություն, հարստություն էր փնտրում և արժևորում, և Աստված, կարծրացնելով նրա սիրտը, Իր ամենակարող զորությունն ու խստությունը ցույց տալու պատճառ էր ստեղծում հպարտացած ու իրենց Աստծուն հավասար դասող մարդկանց առջև, որպեսզի եգիպտացիներն ու փարավոնը տեսնեն ու փնտրեն ճշմարտությունն ու կենդանի Արարչին: Աստված իր խստությամբ հնարավորություն էր տալիս նրանց, կամենում էր նրանց առջև ապաշխարության և փրկության դուռը բացել, ինչպես բացեց Նինվեի բնակիչների առջև (Հովնան 3:1-10): Սակայն այդպես էլ փարավոնն ու եգիպտացիները, տեսնելով գերբնական երևույթները, չկամեցան հետ դառնալ ու փնտրել կենդանի Աստծուն: Այսպես էլ ներկայումս բազմաթիվ մարդիկ, եթե նույնիսկ հրաշքներ տեսնեն (Ղուկ.16:31), չեն ընդունի Քրիստոսին, որովհետև նրանք իրենց էգոիզմն են փնտրում և արժևորում, ձգտում ունենալ աշխարհի փառքը, իշխանություն, հարստություն, կարիերա, բնազդային ազատություն և այլն:
Եկեք չմոռանանք, որ Աստված վերացական չէ: Աստված անձնավորյալ բնություն է: Նա նկատում է, թե ով ինչ է իրականում փնտրում և արժևորում, մեր խնդրանքների իմաստն ու բովանդակությունը հասկանում (Հռոմ. 8:27, Ա Կորնթ. 2:10, Եբր. 4:12-13): Մենք կարող ենք ասել՝ թող Քո կամքը լինի, սակայն այդպես էլ չզգալ աստվածային հաղորդակցությունն ու չհասկանալ Նրա կամքը, որովհետև Նա կանխապես գիտի, թե իրականում մենք մեր սրտերում ու հոգում իրապես ինչ ենք ուզում, ու համապատասխանաբար էլ արձագանքում է ամեն անհատի: Մարդն ինքն իրեն չի կարող արդարացնել ու ասել, թե լսեցի, կարդացի, ուսումնասիրեցի, վերլուծեցի, փորձեցի խաղաղություն գտնել, ձգտել հոգևոր կյանքով ապրել, բայց այդպես էլ Աստված մնաց վերացական կերպար ինձ համար: Չէ՞ որ Արարիչը տեսնում է սրտիդ խորհուրդները, թե իրապես ինչ ես ցանկանում: Այս հարցի պատասխանը մասնավոր է: Ամեն անհատ ինքնաանդրադարձ պիտի կատարի, որպեսզի հասկանա՝ արդյոք Աստծո՞ւն է փնտրում, թե՞ պարզապես իր սեփական շահերի համար կամենում է Աստծու զորությունը, Նրա ամենակարողության միջոցով ինչ-որ հոգևոր կամ նյութական արժեքներ կամ մասնագիտական հաջողություն, փառք, իշխանություն, հանրաճանաչություն, բարեկեցիկ կյանք, խաղաղություն և այլն: Իրականում շատ մարդիկ իրենց սրտերում այս ամենն ավելի են արժևորում ու վեր դասում, քան Աստծուն: Երբ այդօրինակ մարդն այս ամենը ձեռք է բերում, սկսում է անտեսել Աստծուն, արդեն համարում է, որ Նրա կարիքը չունի: Անհատը կարող է այդ մասին չարտահայտվել, բայց իր սրտի ու հոգու խորունկ գաղտնարաններում թաքցնում է իր իրական նպատակը, թե ինչու չի հավատում կամ ինչու է հավատում Աստծուն: Եվ այս դեպքում հարկ եղած ժամանակ հրեաների նման իր շահադիտական նկատառումներից ելնելով պատրաստ է գոչել ամբոխի միջից՝ խաչը հանիր նրան (Ղուկ. 23:21): Եվ Երկնավոր Հայրը, սա տեսնելով, երբեմն իր լռությամբ բացահայտում է մարդու կեղծավոր մոտեցումն Իր հանդեպ, ցույց տալիս մարդու շահամոլ, կեղծ հավատը, որն առնչություն չունի աստվածային սիրո փոխհարաբերության պատվիրանի հետ:
Նրան, ով իրապես փնտրում է Աստծուն, Աստված էլ կհայտնի, կլուսավորի տվյալ անհատի միտքն ու հոգին, ու այդ մարդու առջև կբացվի Արարչի կամքը: Եվ մարդը կյանքի ակնթարթների մեջ կհանդիպի հավիտենականության Հորը: Այդ հանդիպումը լինում է տարբեր կերպ՝ աննյութական մակարդակից մինչև տեսանելի, շոշափելի հաղորդակցությամբ: Կախված է ամեն անհատի անձնական մոտեցումից Աստծու հանդեպ, և ըստ Սուրբ Հոգու կամեցողության: Նա հայտնում է Իրեն տվյալ անհատին այնքանով, որքանով անհրաժեշտ է տվյալ անձին: Արդ, պետք չէ զարմանալ, սպասել պատասխանների, թե ինչու իմ խնդրանքը չի կատարվում կամ ուշանում է, կամ չեմ հասկանում Նրա կամքը և այլն: Ընդհակառակը՝ իր սիրտը կարծրացրած մարդու հոգին չի լսում երկնային նախախնամության ձայնը՝ արդյո՞ք Ինձ էիր փնտրում:
Հովհաննես Մանուկյան