26 Դեկտեմբեր, Եշ
Աշխարհի արարումից ի վեր մարդը կարիք ունի Աստծու հետ հաղորդակցության: Աստծու հետ զրույցը՝ աղոթքը, քրիստոնյայի կյանքի կարևորագույն զրույցն է, նրա կյանքի ուղեցույցն ու անբաժանելի մի մասը: «Ես երբեմն նախանձում եմ այն մարդկանց, ովքեր ապրել են Քրիստոսի ժամանակներում: Ի վերջո, նրանք տեսան Նրան իրենց սեփական աչքերով, լսեցին Նրան և նույնիսկ կարող էին խոսել Նրա հետ: Բայց կարծում եմ, որ մենք նրանց համեմատ ավելի լավ վիճակում ենք: Քանի որ նրանք հաճախ չէին կարող Նրան անհանգստացնել իրենց կարիքներով, բայց մենք կարող ենք անընդհատ աղոթքով շփվել Քրիստոսի հետ»,- ասել է Հայր Պաիսիոս Աթոսացին: Ուխտագնացությունն աղոթքի երկար մի ուղի է, որ հնարավորություն է տալիս ուխտավորներին վայելելու Աստծու հետ հաղորդակցության քաղցր պտուղները:
Այդ պտուղները վայելելու հերթական հնարավորությունն ունեցավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, որ մայիսի 29-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Գուգարաց թեմի սրբավայրեր: Ուխտավորների աղոթքի ուղին հագեցած էր աղոթքով և հոգևոր զրույցով: Վաչագան սարկավագն, անդրադառնալով քրիստոնեական կյանքի կարևոր մի ընթացքին՝ որոշումների կայացմանը, նշեց, որ ճիշտ որոշումների հիմքում ճիշտ հարցադրումն է և մարդկանց կողմից ընդունված որոշումներով է գրվել պատմությունը, կերտվել՝ ապագան, ուստի մարդը պետք է ոչ թե զգացումներով, այլ գիտակցաբար աստվածահաճո որոշումներ կայացնի՝ այն պատասխանատվությունն ունենալով, որ իր կրած որոշումների հետևանքները ոչ միայն ինքը, այլ նաև իր միջավայրն է կրելու. «Անհրաժեշտ է ազնիվ և ուժեղ լինել՝ պարտականությունները տեսնելու և ինքնատիրապետման համար, քանի որ Երկնքի Արքայությունը ձեռք բերելու համար ուժ են գործադրում, և ուժեղները ձեռք են բերում այն (Մատթ. 11:12)»:
Ուխտավորների աղոթքի ուղին կանգ առավ Կուրթան գյուղից արևելք գտնվող սրբավայրում՝ Հնեվանքում (7-րդ դար), որտեղ նրանք մասնակից դարձան Խաղաղական ժամերգությանը, ապա սիրո ճաշը վայելելուց հետո շարժվեցին դեպի Ստեփանավան քաղաքի Ս. Սարգիս եկեղեցի (12-րդ դար)՝ մասնակցելու Հանգստյան ժամերգությանը:
Ուխտավորները ճանապարհի մեծ մասը լռության մեջ անցկացրին, քանի որ լռության մեջ՝ աղմկոտ աշխարհի խառնաշփոթից հեռու, մարդն ի վիճակի է լինում ողջ հոգով աղոթել: Ըստ եկեղեցու հայրերի՝ լռությունը մարդուն մոտեցնում է Աստծուն, քանի որ աղոթքի նպատակը միայն խոսելը չէ, այլ նաև՝ լսելը, մինչ աղոթելը պետք է լսել լռությունը, քանի որ լռության մեջ է հնարավոր դառնում լսել Աստծու ձայնը և Աստծու հետ խոսել:
Հերթական ուխտագնացությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հանուն հայրենիքի խաղաղության, համախմբվեց ընդհանրական աղոթքի շուրջ, այն աղոթքի, որի մասին Քրիստոս ասաց. «Եթե երկրի վրա ձեզնից երկու հոգի միաբանվեն որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, Իմ երկնավոր Հայրը կկատարի դա. որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. 18:20): Ընդհանրական աղոթքի գեղեցկությունը կայանում է նրանում, որ մարդիկ միավորվում են մեկ խնդրանքի շուրջ և որպես Քրիստոսի Մարմնի անդամներ՝ աղոթում միմյանց և զինվորյալ եկեղեցու զորացման համար:
Կարինե Սուգիկյան