Հանուն ինչի՞

 Մի կավագործ գեղեցիկ բաժակներ է պատրաստում, այնքան գեղեցիկ ու բազմազան, որ մարդիկ հավաքվում են նրա շուրջը և իրենց հիացմունքն են արտահայտում: Նրանցից մեկը տարակուսանքով ասում է.

- Ես էլ ոսկերիչ եմ, բայց ինչ անում եմ, կիսատ է մնում, քանի որ տրամադրությունս ընկնում է կամ ծուլանում եմ, և գործս այլևս չեմ շարունակում, իսկ դու ջանադրաբար այս բաժակներն ես պատրաստում, որոնք թանկարժեք չեն, և մեծ գումար չես վաստակում դրանց միջոցով:

Կավագործը, խնդությամբ և եռանդով լեցուն, պատասխանում է.

- Ինչ անում եմ, ի սրտե եմ անում՝ հանուն Աստծո փառքի: Այս բաժակները պատրաստում եմ, ստեղծագործում մեծ սիրով ու ջանադրությամբ, քանի որ հասկանում եմ, որ մի լավ բան եմ անում, որն օգտակար է մարդկանց և հաճելի Աստծուն: Իսկ դու ինչ անում ես, անում ես հանուն քեզ և ոչ թե Աստծո փառքի համար, դրա համար էլ խոչընդոտների հանդիպելիս ձանձրանում ես և սպառվում:

Ով ում սիրում է, նրա համար գործում է մեծ սիրով ու եռանդով: Ես այսպես եռանդով եմ գործում, որովհետև Աստծո հանդեպ սերն է այդպես թելադրում, իսկ դու խորհիր, թե ո՞ւմ ես սիրում և հանուն ինչի՞ ես անում, քանի որ Աստծո հանդեպ սերը պակաս է քո ներսում...

 

Հովհաննես Մանուկյան

01.12.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․