23 Նոյեմբեր, Շբ
Մարդն իր մեջ կրում է Աստծու պատկերն ու նմանությունը և կոչված է նմանվելու իր Նախատիպին: Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոս, դարձավ նոր Ադամ, որպեսզի մարդու մեջ վերականգնի մեղքի պատճառով խաթարված՝ Աստծու պատկերն ու նմանությունը: «Մոռացե՛ք ձեր հին կյանքն ու նախկին գործերը և եղեք նոր մարդ՝ նորոգվելով ըստ ձեր Արարչի պատկերի, որպեսզի կարողանաք ճանաչել Նրան» (Կող. 3:9-11): Ս. Մակար Եգիպտացին, ներկայացնելով չարի գործունեությունը, նշել է, որ նա, ամեն հնարավոր տարբերակներով գայթակղեցնելով մարդուն, ներքաշում է մեղքերի մեջ՝ դարձնելով նրան աստվածային պատվիրաններին անհնազանդ ու աստվածամարտ: Այսինքն՝ հին մարդը, հրաժարվելով կատարյալ մարդուց, հագնում է խավարի թագավորության, անհավատության, ունայնության, հպարտության, արծաթասիրության և այլ մոլությունների անմաքուր հագուստները:
Բազումողորմ Աստված բազում ուղիներ է շնորհել մարդուն, որպեսզի վերջինս հրաժարվի հին մարդուց և իր մեջ նորոգի Աստծու պատկերն ու նմանությունը: Այդ փրկարար ուղիներից են խոկումն ու աղոթքը:
Օգոստոսի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը աղոթքի ու խոկման հերթական ուղին անցավ՝ ուխտի մեկնելով Կոտայքի թեմի սրբավայրեր: Առաջին սրբավայրը, որ հյուրընկալեց ուխտավորներին, Պտղնավանքն էր (7-րդ դ.): Խոնարհված սրբավայրում համայնքի անդամները համախմբվեցին ընդհանրական աղոթքի շուրջը և օրվա հիշատակելի սրբերի՝ Եփեսոսի Սուրբ ժողովի երկու հարյուր հայրապետների բարեխոսությանը դիմելով՝ Տիրոջ ողորմածությունը հայցեցին Հայաստան և Արցախ աշխարհի համար: Համայնքի միասնական աղոթքները հնչեցին նաև Արամուսի Ս. Հակոբ (19-րդ դ.), Ակունքի Ս. Պողոս, Ս. Պետրոս (12-13-րդ դդ.) և Ս. Կարապետ (19-րդ դ.) եկեղեցիներում: Ուխտավորների հերթական հոգենորոգ ուղին ուղեկցվում էր նաև հոգեշահ զրույցներով, որ անցկացնում էին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու դպիրները:
«Հարաժամ աղոթքի փութալը տերունական պատվեր է, միշտ և անդադար պետք է աղոթել Նրան: Քանզի, թեպետ այլ առաքինությունների համար չափ ու սահման ունենք, այսինքն՝ պահոց պնդությունն ու մարմնի ճնշումն ըստ կարողության են, իսկ ողորմությունը՝ ըստ ունեցվածքի և ժամանակի պատշաճության, սակայն աղոթքի պտուղն Աստված պահանջում է ամեն ժամ և ամեն տարիքում ու դիպվածում»,- ասել է Խոսրով Անձևացին:
Կարինե Սուգիկյան