26 Դեկտեմբեր, Եշ
Սուրբ լեռան վրա մի վանական էր ապրում: Նա ամեն օր խմում էր և ուխտավորների հետ վիճաբանության պատճառ դառնում: Երբ նա մեռավ, մի խումբ հավատացյալներ հայր Պաիսիոսի մոտ շտապեցին՝ ուրախ լուրը հայտնելու, որ վերջապես խնդիրը լուծվել է: Հայր Պաիսիոսը պատասխանեց, որ գիտի վանականի մահվան մասին և տեսել է, թե ինչպես է հրեշտակների գունդը եկել նրա հոգին տանելու: Ուխտավորները տարակուսեցին և դժգոհություն հայտնեցին: Նրանցից մեկը խնդրեց, որ ծերը հստակեցնի, թե ում մասին է խոսում՝ մտածելով, որ ծերն իրենց չի հասկացել: Հայր Պաիսիոսը հետևյալը պատմեց նրանց. «Հենց այդ վանականը ծնվել էր Փոքր Ասիայում, աղետից ոչ շատ առաջ: Որպեսզի նորածնին տանը միայնակ չթողնեն, ծնողները նրան իրենց հետ բերքահավաքի էին տանում, իսկ որպեսզի լաց չլինի, մի փոքր թունդ ալկոհոլ էին ավելացնում կաթին, և նա այդպես քնում էր: Այդ պատճառով, մեծանալով ալկոհոլին հակվեց: Բժիշկները նրան խորհուրդ տվեցին ընտանիք չկազմել, այդպես նա հայտնվեց Աթոսում և վանական դարձավ: Այնտեղ նա մի ծերի գտավ և պատմեց, որ գինեմոլ է: Ծերը նրա համար կանոն սահմանեց՝ ծնրադրություն անել և աղոթել Սուրբ Աստվածածնին, խնդրելով մեկ բաժակով կրճատել ալկոհոլի քանակը: Մեկ տարի պայքարից ու ապաշխարությունից հետո նրան հաջողվեց բաժակների քանակը 20-ից 19-ի հասցնել: Պայքարը շարունակվում էր և բոլոր տարիների ընթացքում նա հասավ օրական 2-3 բաժակի: Տարիներով մարդիկ միայն հարբեցող վանականի ու կռվարարի էին տեսնում, իսկ Աստված տեսնում էր, թե զինվորն ինչպես է մեծ եռանդով ու ջանքով պայքարում կիրքը հաղթահարելու համար»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի