Հարբեցողություն

«Գինին անառակության է մղում, հարբեցողությունը՝ թշնամության, և ով անձնատուր է լինում դրանց, խելացի չէ» (Առակ. 20:1):

Եկեղեցու սուրբ հայրերն ու վարդապետներն ուսուցանում են, որ Աստծու ստեղծած ամեն բան բարի է: Սակայն,  ինչպես Ծննդոց Գիրքն է վկայում, երբ մարդիկ չարաչար են վարվում նրանց հետ, դրանք նրանց համար տանջանքների են վերածվում, ինչպես որ հարբեցողները, գինին ոչ բարվոք գործածելով, տանջվում են նրանից: «Զգո՛ւյշ եղեք.... գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով...»,- զգուշացնում է Տերը (Ղուկ. 21:34): Սբ. Պողոս առաքյալն էլ, երկրորդելով Տիրոջ խոսքը, ասում է. «Մի՛ հարբեք գինով. դրա մեջ զեխություն կա» (Եփես. 5:18): «Գինին տրվեց որպես ընկերական սիրո միջնորդ ու տրտմության փարատիչ, իսկ հարբեցողներն այն դարձրին կռվի ու տրտմության նյութ»,- ասում է Պողոս Ադրիանուպոլսեցին, իսկ  Վ. Այգեկցին ավելացնում է, որ «Եթե ուրախության և սիրո օերերին կամ մարմնի տկարության համար չափավոր խմես, չես պատժվի: Բայց եթե շատ խմես, խելագարվես, շվայտանաս ու զեխանաս, կպատժվես Աստծու կողմից, որովհետև մեղքերի սկիզբ դարձավ»: Հստակ է, որ գինու չափավոր գործածությունը նույնիսկ բարերար ազդեցություն է ունենում մարդու վրա՝ տկարության դեպքում օգնելով և զորացնելով հիվանդներին, ինչպես և Պողոս առաքյալն է իր Տիմոթեոս աշակերտին գրում. «Այսուհետև միմիայն ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի էլ խառնիր՝ քո ստամոքսի և հաճախակի տկարությունների պատճառով» (Ա Տիմոթ. 5:23): Ուրեմն տեսնում ենք, որ գինին չար բան չէ, բայց նրա չարաչար գործածությունը պատճառում է մեծամեծ չարիքներ: Դժբախտաբար ոգելից խմիչքների ոչ չափավոր գործածումը հաճախ լուրջ ու դժվարբուժելի ախտի է վերածվում՝ ապականելով մարդու հոգին և մարմինը: Հարբեցողությունը դիվական ախտ է, մեծագույն չարիք և մեղք, մարդու բանականությունն ապականող թույն: Սուրբ Գրքից էլ բազմաթիվ օրինակներ գիտենք, որ շատերը կործանվեցին հարբեցողության պատճառով: «Հարբեցողությունը կորցնել է տալիս մարդու միտքը և մարդուն հեռացնում մարդկային կարգից, որովհետև մարդը մտքո՛վ է մարդ»,- ասում է Պողոս Ադրիանուպոլսեցին: Աստված մեզ միտք և գիտակցություն է տվել, որով և տարբերվում ենք անբան անասուններից, իսկ հարբեցողը, զրկվելով բանականությունից և կորցնելով միտքը, ոչ միայն հավասարվում է անբան անասուններին, այլև նրանցից ավելի վատթար ու անմիտ դառնում, գործում է ամեն անարգություն, չի ճանաչում բարեկամներին ու ընտանիքը, ամենքին հայհոյում է, սպառնում, ամենքի հետ կռվում, որով բոլոր մարդկանցից ավելի անարգ ու նախատելի է դառնում: Վ. Այգեկցին հարբեցողությունը կրկնապատիկ մեծ չարիք է համարում, քան դիվահարությունը, որովհետև «դիվահարն իր անձն է միայն չարչարում, իսկ հարբեցողը տանջվում է մարմնով, չարչարվում հոգով, մեռնում մեղքերով, գործում անկարգ խառնակություններ և դառնում շատերի կորստյան պատճառ»: Այլև կորցնում է պատիվն ու ունեցվածքը, այլևս չի հոգում իր ընտանիքի հոգևոր ու մարմնավոր կարիքները, այլ օրեցօր ավելի ու ավելի ընկղմվելով այդ ախտի մեջ՝ կամա թե ակամա հրաժարվում է իր ծնողական պարտականություններից, արհամարհում կնոջն ու երեխաներին՝ կրկնապատկելով իր մեղքերի բազմությունը: Սբ. Պողոս առաքյալն ասում է, որ եթե մեկը յուրայիններին և մանավանդ ընտանիքին խնամք չի տանում, հավատն ուրացել է և ավելի չար է, քան անհավատը» (Ա Տիմոթ. 5:8): Եվ թերևս առավել խոցվում ու տառապում են հարբեցողի հարազատները, կինն ու երեխաները՝ տանջվելով հոգով ու մարմնով: Հարբեցողը պատճառ է դառնում իր հարազատների նվաստացման ու ստորացման, իր երեխաների դժբախտության և հիվանդության: «Արդարև, մարդու փառքը իր հոր պատվից է գալիս» (Սիրաք 3:13): Մեր իրականության մեջ հազվադեպ չի պատահում, որ հարբեցող հոր զավակներն անշեղ, առաքինի ընթացք ունենան՝ ոչ միայն չկրկնելով իրենց ծնողի սխալը, չհետևելով նրա օրինակին (թեև, ցավոք, երբեմն նկատվում է նաև հակառակ իրողությունը), այլև ապացուցելով հասարակությանը, որ իրենք ոչ միայն կարող են, այլև պարտավոր են գովելի ընտանիք ունենալ, բարոյական կյանք վարել՝ սովորելով իրենց հոր սխալի վրա՝ հիշեցնելով բոլորին, որ զավակները պատասխանատու չեն ծնողների սխալների համար, ինչպես Սբ. Գիրքն է ասում. «Որդին հոր մեղքը չպիտի կրի» (Եզեկ. Ժ18:20): Պողոս Ադրիանուպոլսեցին ասում է. «Չարաբարո հոր բարի զավակ լինելը զավակի պատիվն է ավելացնում, որովհետև ինքնուրույն սովորեց բարի լինել»:

Ո՞վ գիտե, գուցե մի օր Տիրոջ ողորմածությամբ և շնորհով անուղղելի համարվող հարբեցողն ուղղության գա, դարձ ապրի և հավատի գա, հրաժարվի իր նախկին պարսավելի ու ամոթալի ընթացքից, խորապես զղջա  իր սխալների համար՝ որոշելով այլևս չվարադառնալ «իր փսխածին» և «չթավալվել տիղմի մեջ» (տե՛ս Բ Պետ. 2:22):

Ողորմած Աստված սպասում է յուրաքանչյուր մեղավորի դարձին և ապաշխարությանը, յուրաքանչյուր կորած և մոլորյալ անառակի վերադարձին և անկեղծ խոստովանությանն ու զղջումին: «Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում,- ասում է Տեր Աստվածը,- և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի» (Եզեկ. 18:23): Երկնավոր Հայրն ընդառաջ է գալիս անառակության և մոլորության ճանապարհից ետ դարձած Իր զավակներին, Իր անհուն ու անսահման ողորմածությամբ ու գթառատությամբ ներում և քավում է ճշմարիտ զղջում և դարձ ապրած մեղավորներին՝ հայրաբար խնամելով և դարմանելով նրանց հոգու և մարմնի վերքերը: «Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (Ղուկ. 15:7),- ասում է Տերը:

Սթափվենք և դառնանք առ Աստված, քանի դեռ ուշ չէ, հիշենք առաքյալի սաստող խոսքերը. «Մարմնի գործերը հայտնի են. այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նախանձ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ և սրանց նման ուրիշ բաներ», և գիտենանք, որ «նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու» (Գաղ. 5:19-21):

 

Անժելա Խաչատրյան

29.05.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․