Եգիպտոսում մի անապատական վանական էր ապրում: Եվ ահա այն դևը, որ տարիներ շարունակ հալածում էր նրան, խոստացավ, որ այլևս ոչ մի գայթակղությամբ նրան չի տանջի, եթե իր առաջարկած երեք մեղքերից մեկը գործի: Եվ հետևյալ մեղքերն առաջարկեց՝ սպանություն, շնություն և հարբեցողություն:
- Այս մեղքերից մեկնումեկը գործիր,- ասում էր նա,- կամ մարդ սպանիր, կամ շնացիր, կամ էլ մեկ անգամ հարբիր և հետո խաղաղություն կվայելես ու ես այլևս չեմ գայթակղեցնի քեզ դրանից հետո:
Անապատականն այսպես մտածեց. «Մարդ սպանելը սարսափելի է, քանի որ այդ փաստն արդեն իսկ մեծ չարիք է և մահապատժի է արժանի թե՛ ըստ աստվածային և թե՛ ըստ մարդկային դատաստանի: Շնանալն ամոթ է և ափսոս է այսքան տարի պահված մարմնի մաքրությունը կորցնել, և նողկալի է ապականություն չճանաչած մարմինն այդպես ապականել: Իսկ մեկ անգամ հարբելը մեծ մեղք չի թվում, քանի որ մարդ քնում է ու արագ սթափվում: Այսպիսով կգնամ ու կհարբեմ, որպեսզի դևն այլևս չհալածի ինձ ու կարողանամ խաղաղ ապրել անապատում»: Եվ ահա վերցրեց իր ձեռքի աշխատանքը, քաղաք գնաց, վաճառեց ու պանդոկ մտավ՝ հարբելու:
Բայց այնպես պատահեց, որ, սատանայական ազդեցությամբ, զրույցի բռնվեց մի անամոթ ու անառակ կնոջ հետ ու մեղք գործեց: Դրանից հետո այդ կնոջ ամուսինը եկավ ու նրանց հանցանքի պահին բռնելով՝ սկսեց ծեծել: Բայց վանականն ավելի ուժեղ գտնվեց և, ի վերջո, կռվի ժամանակ սպանեց նրան:
Այս կերպ վանականը բոլոր երեք մեղքերն էլ գործեց՝ հարբեցողությունից սկսելով: Հարբած ժամանակ համարձակորեն գործեց այն մեղքերը, որ սթափ վիճակում վախենում էր ու նողկում դրանցից, և դրանց միջոցով էլ կործանեց իր բազմամյա ճգնությունները:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի