25 Նոյեմբեր, Բշ
Հարուցյալներից առաջինը
Չնայած որ Քրիստոսից առաջ եղել էին հարություն առած մարդիկ ինչպես Հին Կտակարանի, այնպես էլ Տիրոջ երկրային կյանքի ժամանակ (Գ Թագ. 17.17-22, Դ Թագ. 4.32-37, 13.21; Մատթ. 9.18-25, Մարկ. 5.35-42, Ղուկ. 7.11-15, 8.49-55, Հովհ. 11.43-44), սակայն Քրիստոսն է կոչվում հարուցյալներից անդրանիկը (Ա Կորնթ. 15.20, 23; Կող. 1.18), որովհետև մյուս հարուցյալները նորից մեռնելու էին, իսկ Քրիստոսի Հարությունը եղավ հավիտենական կյանքի համար մարդկանց ընդհանրական հարության օրինակը:
Ընդհանրական հարության ժամանակ մարդիկ գերեզմաններից Տիրոջն ընդառաջ են ելնելու նոր, անապական մարմիններով, քանզի Աստված նորոգելու է մարդկային մարմինները: Աստվածային այս կարողության մասին է վկայում չորս օրվա մահացած Ղազարոսի հարությունը: Մարդկային դիակը սկսում է փտել չորրորդ օրը, բայց Քրիստոս նորոգեց Իր սիրելի Ղազարոսի մարմինը և նրան հարություն տվեց: Նույնպես և Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակ Աստված պիտի առավել նորոգի մեռյալների մարմինները, ովքեր նոր կյանքի կկոչվեն արդեն կատարյալ մարմիններով, ինչպես նշում է Սուրբ Պողոս առաքյալը. «Բայց մեկը կասի` ինչպե՞ս են հարություն առնում մեռելները. կամ` ի՞նչ մարմնով պիտի գան: Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանա, եթե չմեռնի: Եվ ինչ որ սերմանում ես, սերմանվածը այն նույն մարմինը չէ, որ ծնվելու է: Այսպես է նաև մեռելների հարությունը. սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում առանց ապականության. սերմանվում է անարգությամբ և հարություն է առնում փառքով. սերմանվում է տկարությամբ և հարություն է առնում զորությամբ. սերմանվում է շնչավոր մարմին և հարություն է առնում հոգևոր մարմին» (Ա Կորնթ. 15.35-37,42-44):
Արեգակի խավարում
Շատ հետաքրքիր է Դիոնիսիոս Արիսպագացու դարձի պատմությունը, որը կապված է նաև Քրիստոսի խաչելության ժամանակ արեգակի խավարման հետ: Մի քանի տարի առաջ մենք բոլորս ականատես եղանք ողջ աշխարհում արեգակի մեծ խավարման: Այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արեգակի խավարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ լուսինը գտնվում է արևի և երկրի մեջտեղում և ծածկելով արևի ճառագայթների ճանապարհը երկիր` արեգակի խավարման տպավորություն է թողնում: Սակայն զարմանալին այն է, որ Քրիստոսի խաչելության ժամանակ բնության օրենքներով արեգակի խավարումն անհնարին էր, որովհետև լիալուսին էր: Դա հայտնի է նրանից, որ խաչելությունը հրեաների զատիկից հետո եղավ, իսկ հրեաները մինչև այսօր այդ տոնը տոնում են լիալուսնի ժամանակ: Լիալուսնի ժամանակ երբեք հնարավոր չէ, որ լուսինը գտնվի արեգակի և երկրի մեջտեղում: Արեգակի այս զարմանալի խավարումից դարեր առաջ դրա մասին կանխագուշակվել էր Ամոսի մարգարեությունում: Ահա թե ինչ է ասվում այնտեղ. «Այդ օրը,- ասում է Տեր Աստված,- այնպես պիտի լինի, որ արեգակը մայր պիտի մտնի միջօրեին, և երկրում լույսը պիտի խավարի ցերեկով, ձեր տոնը սուգ պիտի դարձնեմ, ձեր բոլոր երգերը` ողբեր՚ (8.9): Հենց այդ ժամանակ Դիոնիսիոս Արիսպագացին, ով նաև զբաղվում էր աստղագիտությամբ և Երուսաղեմից շատ հեռու էր, տեսնելով, որ արեգակի խավարումն ամեն ինչով հակառակ է բնության օրենքներին, ասաց. «Կամ աշխարհն է կործանվում, կամ Արարիչն է չարչարվում»: Եվ երբ այս մեծ մարդը որոշ ժամանակ անց Աթենքի Արիսպագոսում լսեց Պողոս առաքյալի քարոզությունը, անմիջապես դարձի եկավ (Գործք 17.34)` հասկանալով արեգակի խավարման պատճառը: Շատ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում սրան` ասելով. «Շատ էլ որ Ավետարանում գրված է խավարման մասին: Քրիստոսի աշակետներն էին գրողները, ինչ էլ որ ուզեին կգրեին»: Սակայն այն ժամանակ արեգակի այս զարմանալի խավարումը ապացուցվում է նաև պատմական փաստերով և այս դեպքին ականատես տարբեր պատմիչների թողած գրավոր վկայություններով: Շատ արժեքավոր է հատկապես հռոմեացի պատմիչ Ֆլեգոնի վկայությունը, որովհետև նա բացի պատմիչ լինելուց նաև աստղագետ էր: Տեղեկություններ տալով այս հրաշքի մասին` պատմիչը հաղորդում է, որ արեգակի խավարումն այնքան ուժեղ էր, որ երևում էին նույնիսկ աստղերը:
Տեր Ադամ քհն.Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից