12 Հոկտեմբեր, Շբ
Ամեն օր և առավել ևս տերունի օրերին քրիստոնյան իր աղոթքներում հիշում է հարազատներին, ընկերներին, հայրենակիցներին, իր մեծ ընտանիքը՝ եկեղեցու համայնքը: Քրիստոնյայի աղոթքն է, որ բոլորը, Աստծու կամքն իրագործելով, աստվածային ներկայության օրհնությունը վայելեն և ընթանան փրկության ուղով: Միմյանց համար աղոթելը միայն անունների թվարկում չէ, այլ սրտանց, ջերմեռանդ և հարատև աղոթք, ինչպիսին ունեին անդամալույծի չորս ընկերները, որ ցանկանում էին Տիրոջ մոտ հասնել, որպեսզի բժշկվի իրենց հիվանդ ընկերը: Այդ նպատակի համար նրանք մեծ ջանքեր գործադրեցին և հնարամտություն ու համառություն դրսևորելով՝ բացեցին տանիքն ու իրենց ընկերոջը մահիճով իջեցրին Քրիստոսի առաջ (Մարկ. 2:1–12; Ղուկ. 5:17–27): Նրանց հավատքի և սիրո ջանքերը մեծ պտուղ տվեցին:
Հարատև աղոթելու փափագը քրիստոնյային առաջնորդում է ուխտագնացության՝ աղոթքի ճանապարհ անցնելուն: Մարտի 5-ին՝ Մեծ պահքի երրորդ կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ մեկնեց ուխտագնացության: Հերթական աղոթքի ուղին, որ ուղղված էր հայրենիքի և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի զորացմանը, նրանց առաջնորդեց Նորավանք: Միջնադարյան վանական համալիրում ուխտավորները մասնակից եղան Ս. Պատարագի՝ դպրաց դասի հետ միասին կատարելով Ս. Պատարագի երգեցողությունը: Արարողության ավարտին ուխտավորները պատարագչի՝ Տեր Արամ քահանա Կարապետյանի հետ հոգևոր զրույց ունեցան:
Հավատքով արված աղոթքներն անպատասխան չեն մնում: Հիսուս բուժեց անդամալույծին՝ տեսնելով նրա ընկերների բացարձակ հավատքն Իր հանդեպ: Աստված հավատավոր մարդկանց աղոթքների միջոցով օրհնում է նրանց շրջապատը՝ մեծ բարիքների արժանացնելով: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր հետևորդներին հորդորեց՝ ասելով. «Ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկ. 11:24-25):
Կարինե Սուգիկյան