6 Հոկտեմբեր, Կիր
Սուրբ Պսակը մեր Եկեղեցու խորհուրդներից մեկն է: Ինչո՞ւ է այր ու կնոջ ամուսնությունը քրիստոնեության մեջ համարվում խորհուրդ` Սուրբ Պսակ անունով:
Սուրբ Եկեղեցին ունի յոթ խորհուրդներ, որոնք են` Մկրտություն, Դրոշմ, Հաղորդություն, Ապաշխարություն, Պսակ, Ձեռնադրություն, Կարգ հիվանդաց կամ Վերջին օծում: Այս խորհուրդները կատարվում են մարդու կյանքի կարևոր հանգրվաններում և հավատացյալին արժանացնում աստվածային օրհնություններին ու շնորհներին: Սրանք կոչվում են խորհուրդ, որովհետև առնչություն ունեն ոչ թե տրամաբանությանը կամ գիտելիքներին, այլ խորհրդավոր կերպով գերբնական իրողություններին հաղորդվելու հետ: Եվ քանի որ անբացատրելի ու անտեսանելի են դրանց ազդեցության, ներգործության ձևերը, դրա համար էլ խորհուրդ են, խորհրդավոր են իրենց էությամբ: Եկեղեցու մեծագույն խորհուրդներից է Սուրբ Հաղորդությունը, երբ նվիրագործվող հացն ու գինին Սուրբ Պատարագի արարողության ժամանակ օրհնությամբ և Սուրբ Հոգու ներգործությամբ փոխարկվում են Քրիստոսի ճշմարիտ Մարմնի և Արյան: Այդ փոխարկման ընթացքը, ձևը մենք չենք տեսնում, մեզ համար մնում են խորհրդավոր, դրա համար էլ խորհուրդ է անվանվում: Նմանապես Պսակի արարողության ժամանակ Աստված շնորհներ է տալիս նորապսակներին, նրանց Իր օրհնություններով միացնում սուրբ ամուսնությամբ: Քրիստոս ասում է. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. 19.6, Մարկ. 10.9): Աստծո կողմից պսակվողներին միացնելը, նրանց վրա երկնային շնորհների իջնելը, ներգործելը մենք չենք տեսնում, բայց հավատում ենք դրան, որով նաև Սուրբ Պսակն է խորհուրդ:
Հավատքը տարբերվում է գիտելիքից: Երբ մեկը մեզ ասում է, որ իր ձեռքում ինչ-որ բան կա, հավատում ենք, բայց երբ նա ասելուց հետո ձեռքը բացում և ցույց է տալիս, մենք արդեն ոչ թե հավատում ենք, այլ գիտենք: Ահա այսպես էլ խորհուրդը կապ ունի ոչ թե գիտելիքի, այլ հավատքի հետ, որով արտահայտում ենք նաև մեր մեծ վստահությունը Աստծո, Նրա խոստումների, Նրա խորհրդավոր ու մարդկային մտքի համար անըմբռնելի և տրամաբանությամբ անբացատրելի ներգործության հանդեպ:
Հայ ընտանիքն ինչո՞վ է առանձնանում կամ տարբերվում այլ ազգերի ընտանիքների մոդելներից:
Պետք չէ գերագնահատել կամ թերագնահատել հայ ընտանիքի բնութագիրը այլ ազգերի ընտանիքների հետ համեմատությամբ: Օտար ժողովուրդների մեջ էլ կան բազում ընտանիքներ, որոնք ապրում են քրիստոնեավայել կյանքով կամ հիմնված են սիրո, առաքինության, երեխաների հանդեպ հոգածության և տարեցների նկատմամբ խնամքի վրա: Սակայն աշխարհում այսօր նկատելի է ընտանիքի ավանդական պատկերացման աղավաղումը, երբ սեռական փոքրամասնությունների համատեղ կեցությամբ և որոշ երկրներում նրանց թույլատրվող որդեգրման հետևանքով երեխան ունենում է ոչ թե հայր կամ մայր, այլ երկու մայրեր կամ երկու հայրեր, և նույնիսկ արդեն պետական գրանցումներում դուրս է մղվում «հայր» կամ «մայր» անվանումը` փոխարինվելով ծնողների համարակալմամբ:
Հայ հասարակության մեջ թերևս ավելի է շեշտված ընտանիքի նվիրական լինելու գաղափարը, ընտանեկան ավանդույթները պահելու նախանձախնդրությունը: Հատկապես հայ կանայք նախանձախնդիր են ոչ միայն հայ, այլև հայ քրիստոնեական ընտանիք հիմնելուն: Ռուս Եկեղեցու աստվածաբաններից մեկը, անդրադառնալով ընտանիքների հարցին, հատկապես շեշտել է հայ կանանց յուրահատկությունը, ովքեր նույնիսկ օտարների հետ ամուսնության դեպքում մեծ նախանձախնդրություն են ցուցաբերում իրենց զավակներին մեծացնելու որպես Հայ Առաքելական Եկեղեցու անդամներ, ինչպես նաև իրենց ամուսիններին հակում դեպի Հայ Եկեղեցին: Քիչ չեն դեպքերը, երբ այլազգի ամուսիններն իրենց հայ կանանց հետ այցելում են հայ եկեղեցիներ և խնդրում իրենց զավակներին մկրտել հայկական եկեղեցում, նաև ամուսիններն են երբեմն դառնում Հայ Առաքելական Եկեղեցու անդամ: Սա մեր կանանց առանձնահատուկ բարեպաշտության և հայ քրիստոնեական ընտանիքի գաղափարին մեծագույն նվիրվածության դրսևորում է:
Նախկինում նահապետական ընտանիքներում գրեթե բացառվում էր ամուսնալուծությունը, որովհետև այն ժամանակ ամուսնալուծությունը չէր քարոզվում, և մարդիկ ջանում էին միասնաբար ապրել ու աշխատել սիրո, համերաշխության, հնազանդության մեջ, միասին մեծացնել երեխաներին, օգնել նրանց կազմելու իրենց սեփական ընտանիքը: Այսօր բավականին մեծ հնչողությամբ քարոզվում է ամուսնալուծությունը ներկայիս ազատականությամբ, ինչպես նաև նման բարքեր ջատագովող տարբեր օտարերկրյա ֆիլմերի, հեռուստասերիալների միջոցով: Սակայն հայ հասարակության մեջ ընտանիքը միայն դրական լույսի ներքո չէ: Հայ ընտանիքներում էլ լինում են երեխաների ծեծ, բռնություն, կանանց հանդեպ բռնության դեպքեր, ինչի վկայությունը կանանց պաշտպանության կենտրոնների գործունեության զբաղվածությունն է: Արտագնա աշխատանքը ևս վնասում է ընտանիքներին: Հայաստանի ներկա պայմաններից ելնելով, երբ առկա է մեծ չափերի հասնող գործազրկությունը, բազմաթիվ հայրեր, ընտանիքը պահելու, նյութապես ապահովելու համար մեկնում են այլ երկիր, հատկապես Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Այդ արտագնա աշխատանքը տևում է մինչև մեկ տարի, հայրերն ընդամենը մեկ կամ մի քանի ամսով վերադառնում են տուն` արձակուրդի, և հետո նորից մեկնում բավականին երկար ժամանակահատվածով: Տուժում են երեխաների դաստիարակությունը, հոգեբանությունը, բացի դրանից` մարդկանց ողջախոհությունն ու կողակցի հանդեպ հավատարմությունը:
Ողջախոհությունն առաքինություն է, երբ գործվում է կամովի, իսկ պարտադրված ողջախոհությունն առաքինություն չէ, քանի որ դրսևորվում է կամքից անկախ, պայմանների թելադրությամբ: Այսպիսին կարող է լինել նավաստիների ողջախոհությունը, երբ նրանք երկար ամիսներ նավարկության մեջ լինելով` հեռու են մնում սեռական կյանքից, պարտադրաբար ապրում են ժուժկալությամբ, չափավորությամբ և ողջախոհությամբ: Իհարկե, կան սիրող, ընտանիքին ամբողջապես նվիրված հայրեր, ովքեր ամիսներ շարունակ ընտանիքից հեռու գտնվելով` պահում են իրենց ողջախոհությունը: Սակայն եթե մեկն ամուսնացել է ոչ թե որդեծնության վեհ գաղափարի, սիրո անբաժանելի միության ամրապնդման բարձր գիտակցությամբ, այլ մարմնական հաճույքների առաջնային ցանկություններով, ապա այդպիսի մեկը կանգնած է շնության վտանգի առջև` ամիսներ շարունակ ընտանիքից հեռու գտնվելով: Հայաստանի տարբեր մարզերում առկա սեռավարակների` ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի խնդիրը մասնագետները բացատրում են նաև արտագնա աշխատանքից վերադարձածների կողմից ընտանիքում վարակի տարածման իրողությամբ: Մեր հասարակության մեջ պետք է առավել ամրապնդել ընտանիքի գաղափարը, ընտանեկան սերը, դժվարությունները միասին հաղթահարելու վճռականությունը, ընտանիքի ամրապնդման համար մշտապես հոգալու և ջանալու նախանձախնդրությունը:
Ամուսնական միությունը կարո՞ղ է լուծարվել:
Ամուսնական միությունը լուծարելի է և՛ երկրի պետական օրենքով, և՛ եկեղեցական հատուկ կանոններով: Օրենքի և եկեղեցական կանոնների միջև այս հարցում կարող են հակասություններ լինել, որովհետև օրենքը սահմանում է ամուսնալուծության թույլտվություն այնպիսի դեպքերի համար, որոնք նախատեսված չեն կամ ընդունելի չեն եկեղեցական կանոններով: Ամուսնությունը, հաստատված լինելով պետական գրանցմամբ և կամ եկեղեցում սուրբ Պսակի արարողությամբ, լուծարելի է հատուկ հանգամանքների պատճառով: Հռոմի Կաթոլիկ Եկեղեցում ամուսնալուծությունն ընդունված չէ: Միայն պապը կամ եկեղեցական համապատասխան մարմինը կարող է ամուսնությունն անվավեր համարել:
Ըստ Ավետարանի` ի՞նչը կարող է ամուսնալուծության օրինական պատճառ լինել, և ո՞ր դեպքերում է Եկեղեցին թույլատրում ամուսնալուծությունը:
Քրիստոս ամուսնության մասին ասում է. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. 19.6, Մարկ. 10.9): Քրիստոս ամուսնալուծության միայն մեկ պատճառ է նշում` շնությունը: Երբ հրեաներն առարկեցին Քրիստոսին` ասելով, որ Մովսեսը պատվիրեց ամուսնալուծության ցանկության պարագայում ապահարզանի թուղթ տրամադրել և ամուսնալուծվել, Տերն ասաց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով այդպես պատվիրեց» (Մատթ. 19.7-8, Մարկ. 10.4-5): Նախկինում հրեաներն այնքան խստասիրտ էին, որ կարող էին անգամ կնոջն սպանել կամ կնոջ կյանքը վտանգել, դրա համար էլ մարգարեն պատվիրեց ապահարզանի թղթով կանանց ազատ արձակել:
Քրիստոս ասաց. «Ամեն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, նա՛ է, որ նրան շնության է մղում. և ով որ արձակվածին է առնում, շնանում է», «Ով իր կնոջն արձակում է, և դա պոռնկության պատճառով չէ, և ուրիշին է առնում, շնանում է. շնանում է և նա, ով արձակվածին է առնում» (Մատթ. 5.32, 19.9): Քրիստոսի այս արգելքին անդրադառնալով` եկեղեցական հեղինակները բացատրում են, որ Տերն այս կարգադրությամբ ոչ թե ընդհանրապես մերժեց ամուսնալուծության գնալու բացառիկ դեպքերը, այլ արգելեց այդ կարևոր հարցում մարդու անհատական կամքի կամ քմահաճույքի դրսևորումը: Եկեղեցին բացի անառակության պատճառից կարգեց ևս մի քանի պատճառներ, որոնցից են ամուսիններից մեկի յոթ տարի բացակայությունը, անբուժելի վարակիչ հիվանդությամբ տառապելը: Հնում, երբ Հայաստանը ենթարկվում էր նաև օտարների ասպատակությունների, պատերազմների, շատերը նաև գերեվարվում էին, և յոթը տարի բացակայությունը կարող էր նշանակել, որ գերեվարվածն այդ ընթացքում մահացել է, և նրա կողակիցն ազատ է ու կարող է երկրորդ անգամ ամուսնանալ:
Ո՞վ է իրավասու լուծարել ամուսնությունը:
Աշխարհիկ և կրոնական տեսակետով տարբեր մոտեցումներ կան: Աշխարհիկ տեսանկյունից ամուսնությունն իրավասու է լուծարել հատուկ լիազորություն ունեցող պետական պաշտոնյան, կրոնական տեսակետով` Եկեղեցին` բարձրաստիճան հոգևորականի, այսինքն` եպիսկոպոսի, կաթողիկոսի որոշմամբ: Աշխարհիկացման հետևանքով, երբ փորձ է արվում նվազեցնել Եկեղեցու դերը կամ առավել շեշտել նյութական արժեքները` ի հակադրություն հոգևոր արժեքների, պետական կառույցների կողմից նաև վերցվում է Եկեղեցուն պատկանող լիազորությունը և գործածվում իբրև ծաղրանմանություն Եկեղեցու գործունեության: Դրանցից է պսակի արարողությունը, երբ սովորական պաշտոնյան քահանայի նմանողությամբ կանգնում է ամուսնացող զույգի առջև և նրանց հայտարարում կին ու ամուսին: Նման մի ծաղրանմանություն է կատարվում հիվանդանոցներում, որոնք տրամադրում են հոգեբանների ծառայություններ: Խոսքը հոգեվերլուծության մասին է, երբ հոգեվերլուծաբանը պահանջում է իր մոտ եկածին պատմել իրեն հուզող խնդիրները, նրան մտատանջող արարքները` նմանակելով ապաշխարության խորհուրդը, մեղքերի խոստովանության կարգը կատարող հոգևորականին, երբ հավատացյալը խոստովանում է իր մեղքերը, և հոգևորականը եկեղեցական կանոնների, սուրբ Հայրերի խրատների հիման վրա խորհուրդներ է տալիս հոգևոր կյանքի կարգավորման համար:
Ինչևէ, Հայաստանում Եկեղեցին և պետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց կատարած ամուսնության վավերականությունը: Հայաստանում եկեղեցուց պսակի վկայականը տրվում է ԶԱԳՍ-ի վկայականը ներկայացնելուց հետո: Սակայն ամուսնալուծության պարագայում տարբեր խնդիրներ են առաջանում: Եկեղեցին պսակում է զույգերին, միացնում Աստծո օրհնությամբ, մինչդեռ հետո պետական պաշտոնյան լուծարում է այդ ամուսնությունը: Ընդ որում, ամուսնության լուծարման համար հաճախ պատճառ են հանդիսանում այնպիսի հանգամանքներ, որոնք ամուսնալուծության պարագայում անընդունելի են Եկեղեցու կողմից: Օրինակ` այսօր լինում են ամուսնալուծություններ կապված չբերության` ամուսիններից մեկի զավակ ունենալու անկարողության հետ, մինչդեռ Եկեղեցին այս հանգամանքը որպես հիմնավոր պատճառ չի ընդունում ամուսնալուծության համար: Ամուսինների փոխադարձ անհասկացողությունը նույնպես եկեղեցական տեսակետով ամուսնալուծության ընդունելի պատճառ չէ, այլ Եկեղեցին հորդորում է և նրանց հետ աշխատանք տանում` աղոթքով, ընտանիքի սրբության գիտակցությամբ, զավակների հանդեպ սիրով հաղթահարելու դժվարությունները:
Բացի վերոնշյալից, խառնաշփոթ է առաջանում եկեղեցական արարողության հետ կապված: Սուրբ Պսակի արարողությամբ պսակվածը, պետական պաշտոնյայի կողմից ամուսնալուծվելով, կարող է գալ եկեղեցի երկրորդ ամուսնության համար: Եվ ստացվում է, որ Եկեղեցին մեկ անգամ արդեն պսակվածին առանց ամուսնալուծելու պսակում է նաև երկրորդ անգամ: Նման խնդիրներ հազվադեպ են լինում Սփյուռքում, որովհետև այնտեղ ծխական համայնքների կազմավորված և գործող լինելու շնորհիվ կարգավորվում են նաև այս հարցերը: Ամուսնալուծության համար Եկեղեցու անդամները դիմում են եկեղեցական իշխանություններին և հիմնավոր պատճառների դեպքում ամուսնալուծվում, հրահանգներ ստանում, իմանում, թե որքան ժամանակից հետո երկրորդ ամուսնության թույլտվություն կունենան: Եկեղեցու սոցիալական հայեցակարգի մշակման ընթացքում այս հարցերը ևս պետք է նկատի առնվեն, և Եկեղեցու պաշտոնական տեսակետների ներկայացման մեջ առաջարկվեն նաև լուծումներ ստեղծված կացության համար:
Որո՞նք են ամուսնալուծության պատճառներն ու հետևանքները հայ իրականության մեջ:
Ամուսնալուծության հիմնական պատճառն ամուսնացողների կամ նրանցից մեկի անլրջությունն է ընտանիքի ստեղծման կարևոր իրողության հանդեպ: Երբ նշանադրված զույգը գալիս է եկեղեցի ամուսնության, արարողության սկզբում նրանց ընթերցվում է սուրբ Հայրերի խրատն ամուսնության մասին: Ամուսնացողներին Եկեղեցին զգուշացնում է, որ ամուսնական կյանքը հաշտ ու անհարթ, առանց դժվարությունների չի լինելու, պատահելու են տեսակ-տեսակ նեղություններ, աղքատություն, բայց Աստծո կամքն է, որ ամուսինները, միմյանց զորակցելով, հաղթահարեն դժվարությունները: Այս խրատը լսելուց հետո պսակվողները, գտնվելով եկեղեցու Սուրբ Խորանի դիմաց, Աստծո առջև ուխտ են անում տեր և հնազանդ, սիրող ամուսիններ լինել: Եթե մարդիկ մտքով հասուն են, ապա գիտակցում են եկեղեցում Աստծո առջև իրենց ուխտի կարևորությունն ու լրջությունը և համատեղ կյանքի ընթացքում ծագած դժվարությունների պարագայում ջանում են հաղթահարել խնդիրները, պահպանել ընտանիքը:
Ընտանիքը կենդանի օրգանիզմ է, և դրա կազմալուծումը ցավ է պատճառում ընտանիքի բոլոր անդամներին: Չպետք է մոռանալ, որ գործ ունենք մարդկային «ճակատագրերի», հատկապես երեխաների կյանքի հետ և իրավունք չունենք խեղաթյուրելու միմյանց կյանքի ընթացքը: Այդ իսկ պատճառով ընտանիք կազմելուց, ամուսնանալուց առաջ պետք է լավ և լրջորեն մտածել, հասուն լինել ընտանիք ստեղծելու համար: Ընտանիքը կոշիկ չէ, որ մաշվելուց հետո դեն նետենք և նորը գնենք, և կամ զգեստ չէ, որ պատռվելուց հետո նորով փոխարինենք, այլ գործ ունենք կենդանի մարդկանց կյանքի և փոխաբերական իմաստով ասված` ճակատագրի հետ: Հասարակության հիմքն ընտանիքն է, և եթե հասարակությունը պատկերացնենք մի շղթայի կերպարանքով, որի օղակները ընտանիքներն են, ապա ավելի պատկերավոր կտեսնենք, որ մեկ օղակի թուլանալով` շղթան տկարանում է, և օղակի քանդվելով` այդ շղթան մասնատվում: Այսպիսով, ընտանիքի տկարացումը տկարացնում է նաև հասարակությունը: Նյութական-տնտեսական առումով ևս երկիրը վնաս է կրում, քանի որ ընկճված, վշտացած մարդը չի կարող լավ աշխատել, նրա աշխատանքի արդյունավետությունը, օգտակար գործողության գործակիցն ընկնում է, և երկիրը վնաս է կրում նաև տնտեսական առումով:
Եթե հասարակությունը պատկերացնենք հավատացյալների հավաքականության իմաստով` որպես Եկեղեցի, ապա ուրեմն ընտանիքի ամրությամբ ամուր է նաև այդ Եկեղեցին, և ընտանիքի տկարությունն իր հերթին վնասում է Եկեղեցու ամրությանը: Պողոս առաքյալը, խոսելով Եկեղեցու մասին` որպես բազում անդամներով մի մարմնի, ասում է. «Եթե մի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները. և եթե մի անդամը փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները» (Ա Կորնթ. 12.26): Այսպիսով, ընտանիքի կազմալուծման տխրությունն ազդում է նաև Եկեղեցու` հավատացյալների հավաքականության վրա: Հետևաբար, պետք է ամուր պահել ընտանիքը նաև հասարակության հաստատունության, Եկեղեցու զորության համար:
Ո՞րն է ամուր ընտանիքի հիմքը:
Ամուր ընտանիքի հիմքը նախ և առաջ սերն է, բայց նաև` հավատարմությունը, վճռականությունը` ընտանիքը հաստատուն, ամուր պահելու: Ամուսնացածները և ամուսնության նոր պատրաստվողները պետք է իմանան, որ մարդը փոփոխական է, և դա իր արտահայտությունն է գտնելու նաև ընտանեկան կյանքում: Հին հույն փիլիսոփաներից Հերակլիտն ասում է, որ մարդ չի կարող երկու անգամ նույն գետի մեջ մտնել: Սա վերաբերում է ոչ միայն աշխարհի, իրերի փոփոխականությանը, այլև մարդու: Միևնույն մարդու հետ տևական ժամանակից հետո հաջորդ հանդիպմանը այդ մարդն այլևս նույն անձը չէ, որովհետև նա անընդհատ փոփոխվում է և կամ նույնը չի մնում իր փորձառությամբ, մտքերի ընթացքով, ապրած օրերի թվով և այլն: Այս փոփոխությունը տեսանելի է նաև ընտանեկան միջավայրում, ամուսինների կյանքում:
Ամուսնալուծության պատճառներից մեկն էլ նախաամուսնական շրջանի պայմանների պակասը կամ բացակայությունն է: Մինչ ամուսնությունը զույգերը սովոր են միմյանց տեսնել միայն տոնական զգեստներով, ապրել հուզումնալից պահեր ժամադրության գնալու կամ ժամադրությանը սիրելիին սպասելու, արկածային, ինտրիգային զգացումներ ունենալու: Եվ քանի որ ամուսնությամբ այս ամենը դադարում է, դա կարող է խնդիր առաջ բերել զգացմունքների ընկալումներում: Մինչամուսնական և ետամուսնական շրջանը կարելի է համեմատել մրգատու ծառի հետ, որը գարնանը ծաղկում է: Մենք հիանում ենք նրա ծաղիկներով, բույրով, հմայքով, բայց երբ գալիս է պտղաբերության ժամանակը, ծաղիկներն անհետանում են, և ծառն օգտակար պտուղներ է տալիս: Այսպես էլ մինչ ամուսնությունը զգացումները կարող են ծաղիկների հիասքանչության հետ համեմատվել, իսկ ամուսնությունը` պտղաբերության, երբ արդեն չկան ծաղիկների հմայքն ու տեսարանը, սակայն մենք գիտակցում ենք, որ դրան հաջորդողն է ավելի հասուն և օգտակար: Նաև ամուսնությունը, թեկուզ և նվազեցնում է «հեքիաթային զգացումների» առկայությունը, բայց այն ավելի հասուն իրավիճակն է, որում ևս դժվարությունների հաղթահարումով և ամուսինների միասնականությամբ ընտանեկան ծառը կարող է նոր ծաղիկներով ծաղկել և նոր պտուղներ բերել:
Տեր Ադամ քհն. Մակարյան