6 Հոկտեմբեր, Կիր
Սեպտեմբերի 26-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հայի խաչի տոնը՝ Վարագա Ս. Խաչը: Արդեն հինգերորդ տարին է, որ խաչի այս տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը ուխտի Ս. Պատարագին մասնակցելուց և Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչի օրհնությանն ու զորությանը հաղորդակից դառնալուց հետո, եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Կոտայքի թեմի Կարենիս գյուղի Ս. Մատթեոս վանք (5-րդ դար): Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղությանը, գերեվարված և անհայտ կորած զինվորների վերադարձին էր նվիրված երիտասարդաց միության հերթական ուխտագնացությունը:
Հնագույն սրբավայրը, որ այցելեցին երիտասարդ ուխտավորները, Վարագա Ս. Խաչի տոնի նշանավոր ուխտավայրերից մեկն է և տոնի առթիվ մեծ թվով ուխտավորների էր իր սուրբ հարկից ներս հյուրընկալել: Ուխտավայրում երիտասարդաց միության անդամների հետ հանդիպեց և սրբավայրի պատմությունը ներկայացրեց Կարենիս գյուղի վարչական ղեկավար Արմեն Բաղդասարյանը: Երիտասարդները տեղեկացան, որ սրբավայրն ամբողջովին խոնարհված է եղել և համայնքի ջանքերով որոշակի աշխատանք է կատարվել և առ այսօր շարունակվում են վանքի վերականգնման ու ամրացման աշխատանքները, հայտնաբերվել են խաչքարեր, իսկ վանքում՝ խորանի տակ՝ խոռոչի մեջ պահվող սուրբ մասունքներ՝ Ս. Մատթեոս առաքյալի աջը և Ս. Անդրեաս առաքյալի գլուխը, որ տեղափոխվել են Ս. Էջմիածնի թանգարան:
Այնուհետև երիտասարդները վանք այցելած մյուս ուխտավորների հետ միասին Տեր Վահանի գլխավորությամբ միասնական աղոթք առաքեցին առ Տեր՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված ու անհետ կորած մեր քաջորդիների համար։ Տեր Հայրը, ներկաներին ուղղելով իր խոսքն, ասաց. «Առանց աղոթքի բուժարար ազդեցության՝ դժվար է վերականգնվել, ապաքինվել, հուսադրվել, որովհետև այս աշխարհում և կյանքում մեզանից և մեր ուժերից վեր բազում չար ու խավարային իրողություններ կան, որոնք միայն աղոթքի զորությամբ են հաղթահարվում ու չքանում: Որովհետև մարդ կարող է նայել իր շուրջը եղած խավարին ու սարսափել, վախենալ, հենարաններ փնտրել ու չգտնել, օգնություն ակնկալել տարբեր տեղերից և չստանալ, բայց աղոթքը այն հրաշագործ ուժն է, որ նախ և առաջ մարդու հոգու ներսում գոտեպնդում է նրան, զորություն հաղորդում և ապա երկինքը իր ողջ զորությամբ մոտեցնում իրեն, մոտեցնում երկրին: Երբեմն մարդ կարող է աշխարհի արհավիրքներից, աղետներից, պատերազմներից, հիվանդություններից, փոթորկալից իրադարձություններից փոքրիկ երեխայի նման սարսափել և թաքնվելու անկյուն փնտրել: Եվ հենց այդ պահին է, որ աղոթքը օգնության է գալիս մարդուն և օգնության բերում Սուրբ Հոգու շնորհները՝ խաղաղությունը, անդորրը, վստահությունը, համբերությունը, մխիթարությունը, լույսն ու ապրելու ուժը և նրա ոտքերի տակ հողը դարձնում է անսասան»:
Ուխտի ճանապարհներն ուխտավորների համար իմաստավորվում և բազմապտուղ են դառնում անսասան հավատի դեպքում, որին խորթ է որևէ կասկած: Քրիստոս Իր հետևորդներին բազմիցս է հիշեցնում կասկածները հաղթահարած հավատի ուժի մասին. «Ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկ. 11:24):
Կարինե Սուգիկյան