Աստծու օրհնությամբ յուրաքանչյուր երկիր ու ազգ ունի իր Լուսավորիչը: Հայոց աշխարհին Տերը շնորհել է բազում Լուսավորիչներ, երկրորդ Լուսավորիչը, որ հայտնի է նաև հոգիների Լուսավորիչ անունով, Հայ եկեղեցու առաջին հայրապետ սբ. Գրիգորն է, որին նվիրված երեք տոներից երկրորդը՝ ելն ի Վիրապեն, այս տարի Հայ եկեղեցին նշեց հունիսի 10-ին: Տոնի առթիվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Գոշավանք:
Միջնադարյան վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (1191-96 թթ.) ուխտավորները մասնակից եղան տոնական Սուրբ Պատարագին, որը մատուցեց Տեր Գրիգորը: Քարոզին Տեր Հայրը, անդրադառնալով Հայոց առաջին հայրապետի առաքելությանը, մասնավորաբար ասաց. «Լուսավորիչ բառի հիմքը լույս արմատն է, որն, ըստ էության, աստվածային է ու բխում է Կենսատու Արեգակից, և տեսնում ենք, որ սբ. Գրիգոր Լուսավորչի ողջ գործունեությունը, այսինքն՝ լուսավորչությունը, ուղղված էր մարդկանց հոգիները մաքրելու, վեր բարձրացնելու ու սրբագործմամբ հասցնելու մեր գոյության գլխավոր նպատակին՝ Աստծուն միավորելուն: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի անդադար աղոթքները շարժեցին հայ ժողովրդի և եկեղեցու հանդեպ Բարեգութ Երկնակալի ողորմածությունը, Աստծու կենարար լույսը սփռվեց հայոց հողի վրա, և փրկության հույսն ավետվեց ամենքիս: Այսօր էլ տոնի կապակցությամբ հայցենք սբ. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը նախ՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության, այնուհետև՝ ամենքիս հոգևոր աճի համար, որպեսզի արժանի լինենք Աստծու լույսն ու սրբությունը կրելու մեր հոգիներում, այնպես էլ մարմիններում և այն տարածելու՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության»:
Սուրբ Սեղանի շուրջը համախմբվելուց հետո ուխտավորները համախմբվեցին սիրո ճաշի շուրջը՝ ճաշակելու Տիրոջ պարգևած բարիքները և մասնակից լինելու տարբեր թեմաների շուրջ ծավալված հոգեշահ զրույցին:
Տերունի օրերին, տերունական և սրբոց տոներին մատուցվող Սուրբ Պատարագի արարողությանը Քրիստոսի հետ միասին անտեսանելի կերպով ներկա են նաև Աստվածամայրը, հրեշտակներ և սրբեր, որոնք ներկաների հետ միասին հավասարապես մասնակցում են արարողությանը: Դրախտային ընտանիքը եկեղեցին է, որը կազմված է Հաղթական և Զինվորյալ եկեղեցիներից, որ միավորում է բոլոր քրիստոնյաներին Քրիստոսի շուրջը և համարվում է Քրիստոսի մեկ, միասնական և անբաժանելի Մարմինը: Ս. Գրիգոր Լուսավորիչը և ի Տեր ննջած մյուս բոլոր սրբերը Հաղթական եկեղեցի են կազմել, քանի որ չարի դեմ պատերազմելով` հաղթանակ են տարել:
Իսկ Զինվորյալ եկեղեցին այս աշխարհում ապրող քրիստոնյաների հավաքականությունն է, և զինվորյալ է կոչվում, որովհետև այդ եկեղեցու անդամները դեռ աշխարհի փորձությունների, չարիքների դեմ պատերազմի մեջ են և պետք է հոգևոր մարտ մղեն՝ հայցելով Հաղթական եկեղեցու բարեխոսությունն ու Աստծու զորակցությունը:
Կարինե Սուգիկյան