13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Երանեալ է այր որ համբերիցէ փորձանաց. զի եթէ ընտիր ևս գտանիցի, առցէ զպսակն կենաց՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց տէր»:
«Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին» (Հակոբոս 1:12):
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ.
Ավետարանական այս խոսքերը լիովին վերաբերում են 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ նահատակված հայորդիներին, որոնց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դասել է սուրբերի շարքը, և որոնց հիշատակության օրն է այսօր: Նրանք նահատակվեցին «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»: Նրանք փաստեցին, որ իրենց հավատքն առ Աստված կենդանի հավատք է՝ աննկուն և աներեր, և ոչինչ ու ոչ ոք չի կարող սասանել այն:
1915 թվականին նրանք կարող էին ընտրել կյանքն ու բարեկեցությունը, սակայն գերադասեցին մահը՝ քրիստոնյա անունը կրելով, քան կյանքը՝ Քրիստոսին ուրացած: Մեր Տերն ասում է. «Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի» (Մատթեոս 16:26): 20-րդ դարասկզբին հայ ժողովուրդը կարող էր հրաժարվել իր հավատքից և շահել այս կյանքը, որ սահմանափակվում է ընդամենը այս աշխարհի ժամանակային և տարածական պատկերացումներով: Հրաժարվել հավատքից նշանակում էր ուրանալ Հիսուս Քրիստոսին, ուրանալ սեփական ազգությունը և ձուլվել թուրք ժողովրդին: Սակայն նա իր նախնիների պես դարձավ և ապացուցեց, որ Քրիստոսի ճշմարիտ հետևորդն է, որ կարող է և՛ խոսքով, և՛ գործով վկայել իր հավատքը: Չվախեցավ նրանցից, որ «մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթեոս 10:28):
Հայ ժողովուրդը այդ օրհասական պահին մեկ անգամ ևս ապացուցեց, որ պատրաստ է իր խաչը վերցնել և գնալ Քրիստոսի հետևից՝ աներկբա հավատալով, որ ով որ կորցնում է իր անձը հանուն Հիսուս Քրիստոսի, կգտնի այն (Մատթեոս 10:38,39): Հինգերորդ դարում պատմության մեջ արձանագրված, հավատքի համար մղված կենաց-մահու պատերազմը 20-րդ դարում նույնպես վկայվեց հանուն հավատքի մարտիրոսվելու պատրաստակամությամբ:
Սիրելինե՛ր, Ավագ ուրբաթ օրը մենք տիեզերքի Արարչի թաղման կարգն ենք կատարում, որովհետև իսկապես խաչի վրա Հիսուս մահացավ, թաղվեց, սակայն մենք գիտենք, որ մահը ժամանակավոր է, և Քրիստոս երրորդ օրը հարություն է առել և մենք՝ աշխարհի քրիստոնյաներս, ցնծությամբ տոնելու ենք երբևէ եղած ամենաավետաբեր տոնը՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարությունը: Ուրբաթ տխրում ենք, կիրակի ուրախանում: Այդպես է և քրիստոնյայի կյանքը, կարճատև է նրա տխրությունը, որովհետև, Աստծո զավակը լինելով, նա հարատև չի մնում տառապանքների ու ցավերի մեջ, ինչպես նաև փորձության և տխրության ճիրաններում: Նույնիսկ մահն է անզոր խորտակելու նրա կյանքը, քանի որ Աստված հավերժ է և հավերժական կյանք է խոստացել նաև Իրեն հավատացողներին:
Երբ Քրիստոս խաչի վրա էր, նրան ծաղրում էին և ձեռք առնում՝ ասելով. «Եթե Աստծու Որդի ես, իջի՛ր այդ խաչից» (Մատթեոս 27:40), կամ՝ «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել» (Մատթեոս 27:42), սակայն եկավ ժամանակը, և Նա հարություն առավ, ապացուցեց, որ Աստծո Միածին Որդին է և Աստված, ու դարեր շարունակ Իր վարդապետությամբ անպարտելի է ու անխորտակելի՝ Նրա թագավորությունը:
Այդպես էլ մեր ժողովրդի վարքագրությունն է, չարչարանքներին ու պատերազմներին հաջորդում են փառաց պսակն ու հարությունը: Սկզբում կարող է թվալ, թե հաղթանակը չարչարողինն է և մարդասպանինը, մինչդեռ այդպես չէ: Փաստն այն է, որ մենք այսօր տոնում ենք մեր հաղթանակի և հարության տոները, մենք ուրախանում ենք այն մտքով, որ մեր նահատակները Երկնային թագավորի կողմից արժանացել են փառաց պսակին, և որ մեր ժողովուրդը չի ոչնչացել և շարունակում է իր գոյությունը:
Եվ այսօր մենք, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակության օր սահմանելով, պետք է գիտակցենք մեր ազատության և անկախության գինը: Այսօր, երբ մեզ մեր երկրում ոչ ոք չի հարկադրում ուրանալ կամ հրաժարվել մեր հավատքից, մենք հեշտությամբ և անգիտակցաբար չպետք է մերժենք և ժխտենք մեր քրիստոնեական ճշմարիտ հավատքը՝ իր արժեքներով, չպետք է մեր ազգային վերելքի ճանապարհին քրիստոնեությունը համարենք խոչընդոտ կամ արգելք, քանի որ Աստվածաշնչյան պատգամները երբեք ժամանակավրեպ չեն, երբեք ի վնաս մեզ չեն կարող լինել, այլ միայն կարող են նպաստել մեր ժողովրդի վերելքին և բարգավաճմանը:
Մենք օտար արժեքներով ու գաղափարախոսությամբ չենք կարող մեր ազգային ըմբռնումներին ու պատկերացումներին ձև և բովանդակություն հաղորդել, որովհետև մեր ժողովրդի աշխարհընկալումը սերտաճած է ավետարանական պատվիրաններին ու քրիստոնեական բարոյական արժեհամակարգին: Հետևաբար՝ այսօր հավատքի և հայրենիքի համար պայքարը ընթանում է նաև գաղափարական դաշտում:
Սիրելինե՛ր, այս տարի, երբ վեհափառ հայրապետը հայտարարել է ընտանիքի տարի, մենք մեր աղոթքն ու օրհնությունն ենք բերում մեր ընտանիքներին, որպեսզի աճեն և բազմանան, օրհնվեն որդեծնությամբ: Եվ մաղթում ենք, որ մեր ժողովուրդը՝ որպես հարուցյալ ազգ, բազմանա իր զավակներով, լիանա և լցվի շնորհաշատ օրհնություններով ու բարօրությամբ, մեր պապերի կողմից մեզ իբրև ժառանգություն հասած մեր երկիրը թող բարգավաճի խաղաղ երկնքի ներքո «ի շինութեան, ի խաղաղութեան և յանսասանութեան»:
Թող մեր Տերը, որ հարություն պարգևեց մեր ժողովրդին, լուսավորի նաև մեր խորհուրդներն ու մտքերը, մեր բանականությունը սթափեցնի Իր պատվիրանների լույսով, որպեսզի, հասկանալով և գնահատելով քրիստոնեական բազմադարյան մեր արժեքները, տուրք չտանք սնոտի գաղափարներին և ժամանակավոր արժեքներին ու մերժենք Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարանը, որ ավանդեցին մեզ մեր հայրերը, այն Ավետարանը, որի նմուշօրինակները փրկելու համար Մեծ Եղեռնի ժամանակ մարդիկ վտանգի ենթարկեցին ու նույնիսկ չխնայեցին իրենց կյանքը:
Թող Տերը Մեծ Եղեռնի ժամանակ նահատակված և մարտիրոսված իր սուրբերի բարեխոսությամբ մեզ աննկուն հավատք շնորհի, որպեսզի կարողանանք հաղթահարել քրիստոնեական հավատքի արդի խոչընդոտներն ու արգելքները, կարողանանք գնահատել և փայփայել մեր սուրբ եկեղեցին, որի համար արյուն հեղեցին նրանք:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան