25 Նոյեմբեր, Բշ
Ոմն հոգետես ծեր մի աշակերտ ուներ, որին բնակեցրել էր իրենից երեք մղոն հեռու և հանձնարարություն էր տվել՝ գիտենալ և ճանաչել սատանայի բազմադիմի խարդախությունները, ինչպես որ տեսել և ուսանել էր ծերից չարի խորամանկության բոլոր հնարքները: Սակայն օրերից մի օր սատանան եպիսկոպոսի կերպարանք առած եկավ ծերի աշակերտի մոտ և նստեց նրա դիմաց՝ բավական հեռու` իբր հոգնած էր ճանապարհից: Իսկ եղբայրը երբ տեսավ, չճանաչեց, որ դա չարի երևմունք է, այլ նրան ընդառաջ գնաց և երկրպագեց որպես եպիսկոպոսի: Եվ սատանան ասաց. «Եղբա՛յր և որդի՛, ողջ տեսա քեզ, սակայն ողորմությո՛ւն արա և ընդունի՛ր ինձ, քանզի վշտացա քաղաքից, նրա ամբոխից և խստապարանոց ժողովրդից, ովքեր առավել սատանային են անսում, քան թե Աստծուն, փախա նրանցից և եկա անապատում հանդարտությամբ բնակվելու, ինչին փափագում էի իմ մանկությունից ի վեր: Բայց նաև այս եմ խնդրում քեզնից, որ ոչ ոք չգիտենա իմ մասին, ոչ էլ անգամ քո մեծն ծեր հայրը, որպեսզի քաղաքացիներն իմանալով՝ չգան թախանձելու ինձ»: Եվ եղբայրը հավատաց չարին՝ իբրև եպիսկոպոսի և կատարեց նրա բոլոր ցանկությունները, քանզի նրա համար բնակարան շինեց քարայրի մեջ՝ իրեն մոտիկ, և օրը մեկ անգամ տեսնում էր նրան և լսում նրա թուլությամբ խառն խրատները: Եվ գնալով խռովությամբ ու բարկությամբ էր լցվում եղբայրը, սակայն չէր գիտակցում, քանի որ ծածկվել էր նրանից գիտությունը, քանզի առանց հոր թույլտվության էր: Ահա այսպես չար է փոքրերի և երիտասարդների ինքնակամ հոժարությունը: Եվ Աստված հայտնեց մեծն ծերին այդ ամենը, և նա աղերսագին աղոթեց եղբոր փրկության համար, որպեսզի իսպառ չկորչի: Իսկ եպիսկոպոսը՝ սատանան, չկարողացավ ծածկել իր խորամանկությունը, այլ եղբորն ասաց. «Որդյա՛կ, ո՞ւմն է այս կացինը»: Եղբայրն ասաց. «Իմ հոր կացինն է, տե՛ր»: Եպիսկոպոսն ասաց. «Տե՛ս, որդյա՛կ, քո հոր սերը, որ մի կացնի անգամ քեզ արժանի չհամարեց, այլապես կասեիր՝ իմն է»: Եղբայրն ասաց. «Ինչը նրանն է` իմն է, տե՛ր, և չկա ոչինչ, որ նա չկամենա ինձ»: Եպիսկոպոսն ասաց. «Այդպես չէ, որդյա՛կ, այլ եթե կամենում ես քո հոր ճշմարիտ մտածումներն իմանալ, գնա՛ նրա մոտ և իշխանաբար ասա՛, թե` այն կացինն իմն է, ոչ թե քոնը, և դրանով փորձի՛ր նրա ճշմարիտ վերաբերմունքը քո հանդեպ»: Եվ սատանան չիմացավ, որ դրանով բացահայտվելու էր իր խարդախությունը: Իսկ եղբայրը, տգիտությամբ ապուշացած, դարձյալ չճանաչեց եպիսկոպոսի խառնակչական խրատը, այլ նրա հոգին խռովվելով` զայրույթով լցվեց ընդդեմ աստվածատես ծերի: Այդ գիշեր նրա միտքը պղտորված էր, սակայն դրանից էլ գլխի չընկավ, այլ առավոտյան նույն խռովահույզ մտքերով գնաց ծերի մոտ, երկրպագեց և ասաց. «Եկա, հա՛յր, որպեսզի գիտենաս և ճանաչես, որ այդ կացինն իմն է, ոչ թե քոնը, և այլևս այն չեմ տա քեզ»: Սուրբ ծերն ասաց. «Այո՛, որդյա՛կ, քոնն է և ոչ թե իմը. և ոչ միայն այդ, այլև՝ ինչ որ գտնես ինձ մոտ` վերցրո՛ւ և տա՛ր քեզ հետ և այլևս չվերադարձնե՛ս ինձ, քանզի ես էլ եմ քոնը՝ հնազանդ քո իշխանությանը»: Լսելով այս՝ մոլորյալ եղբայրը սթափվեց ծերի աղոթքով և զղջումով ընկավ ծերի ոտքերն ու ասաց. «Թողությո՛ւն շնորհիր ինձ` մոլորյալիս, քանզի չհասկացա, թե ինչ խոսեցի»: Ասաց սուրբ ծերը. «Օրհնյալ է Տեր Աստված, որ դարձյալ ինձ տվեց իմ մոլորյալ որդուն»: Եվ եղբորն ասաց. «Ով որդյա՛կ, մի՞թե եպիսկոպոս տեսար և քեզ մոտ պահեցիր, որ այսպես խոսեցիր»: Եվ եղբայրն ասաց. «Այո՛, հա՛յր, եպիսկոպոս տեսա և այժմ էլ ինձ մոտ է առանց քո հրամանի, դրա համար էլ այս մոլորությունը պատահեցինձ»: Ասաց նրան ծերը. «Ով որդյա՛կ, որքան ջանք թափեցի` ուսուցանելով քեզ չարի բոլոր խարդախությունները, դու էլի չճանաչեցիր: Արդ, չար սատանային ճանաչելու համար բավակա՞ն չէր միայն այն, որ քեզ ողջույն չտվեց. դրա համար էլ քեզ մոտ չեկավ, այլ հեռու նստեց, որպեսզի դու գնայիր իր մոտ: Նա ինքը սատանան է, և նրա խրատից չճանաչեցի՞ր, որ քեզ շփոթմունքով լցրեց»: Երբ եղբայրը տեսավ, որ հայրը մեկ առ մեկ պատմեց իր հետ կատարվածը, և քանի որ ճանաչում էր իր հոր հոգետեսությունը, գոչեց՝ նրա առջև ընկնելով և ասաց. «Ողորմի՛ր մոլորյալիս և աղոթի՛ր առ Տեր Աստված, որպեսզի նենգավորի այլ փորձությունների մեջ չընկնեմ»: Քանզի մինչև հայրը չպատմեց, չիմացավ, որ այն եպիսկոպոսը սատանա է: Եվ հոր աղոթքից հետո միասին գնացին եղբոր խրճիթը և այրում չգտան այն եպիսկոպոս ներկայացածին, քանզի հայտնի դարձավ նրա նենգությունը, և հալածվեց այնտեղի սահմաններից սուրբ ծերի աղոթքներով, իսկ եղբայրը զգաստացավ և փրկվեց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016