4 Նոյեմբեր, Բշ
Հայր Մակարիոսն Ալեքսանդրիայում մեզ պատմեց, թե՝ երբ ես դեռ Սկյութիայում էի նստում, այնտեղ եկան երկու օտարական պատանիներ` մեկն արդեն մորուքավոր, մյուսի մորուքը դեռ նոր էր սկսում աճել: Երբ ինձ տեսան, հարցրին. «Որտե՞ղ է հայր Մակարիոսի խուղը»: Իսկ ես ասացի. «Ես եմ Մակարիոսը»: Եվ նրանք, ընկնելով իմ առջև, ասացին. «Մենք կամենում ենք այստեղ մնալ»: Տեսնելով նրանց այդպես փափկակենցաղ՝ քանզի մեծություն ու հարստություն էին թողել, նրանց ասացի. «Դուք այստեղ չեք կարող մնալ»: Ասաց ինձ ավագը. «Եթե այստեղ չենք կարող մնալ, ուրիշ տեղ կգնանք»: Եվ ես մտքում ասացի. «Ինչո՞ւ հեռացնեմ սրանց, որ գայթակղվեն. անապատի դժվարություններն իրենք կհալածեն սրանց»: Եվ ասացի նրանց. «Եկե՛ք ձեզ համար խրճիթ շինեք»: Նրանք ասացին. «Ցո՛ւյց տուր մեզ տեղը»: Ես նրանց տվեցի կացին, բրիչ ու մի տոպրակ հաց ու ցույց տվեցի ժեռուտը, որտեղից պետք է քարը կտրեին: Եվ ասացի նրանց. «Փա՛յտ բերեք անտառից և ծածկե՛ք ձեր կտուրն ու այդպե՛ս բնակվեք»: Կարծում էի, թե շուտով կփախչեն անապատից դժվարությունների պատճառով: Ինձ նաև հարցրին, թե ի՞նչ գործ են անում այստեղ: Ես ասացի. «Պարան են հյուսում», և վերցնելով արմավենու ոստեր` նրանց ցույց տվեցի գործելու ձևը և ասացի. «Այսպես կողովնե՛ր հյուսեք և տվե՛ք ուղտապաններին, և նրանք ձեզ հաց կբերեն»: Եվ այս ասելով նրանց` գնացի իմ խուցը: Իսկ նրանք ամեն ինչ համբերությամբ կատարեցին և ինձ մոտ չեկան երեք տարի: Իսկ ես մտատանջությունների մեջ էի, թե արդյոք ինչպե՞ս են նրանք կենցաղավարում, քանզի ուրիշները հեռվից գալիս են ինձ մոտ, իսկ սրանք, որ այսքան մերձ են, չեն գալիս, այլ միայն լռությամբ գնում են եկեղեցի՝ Հաղորդություն առնելու: Եվ աղոթելով առ Աստված` պահքի մեջ մնացի մեկ շաբաթ, որպեսզի ցույց տա ինձ նրանց գործերը, ապա վեր կացա և գնացի նրանց մոտ` տեսնելու, թե ինչպես են ապրում: Երբ դուռը բախեցի, բացեցին իմ առաջ, լռելյայն ողջունեցին ինձ, ավագն ակնարկ արեց կրտսերին, և սա, դուրս ելնելով, նստեց դրսում, իսկ մյուսը՝ կողքիս նստած, պարան էր հյուսում՝ առանց գեթ մի բառ խոսելու: Իններորդ ժամին եկավ կրտսերը, ավագը նրան դարձյալ ակնարկ արեց, և նա, դուրս գալով, մի քիչ ոսպապուր եփեց և դարձյալ մեծի ակնարկով՝ լռելյայն սեղանին դրեց երեք պաքսիմատ: Ես ասացի. «Եկե՛ք ճաշենք»: Եվ սեղան նստելով՝ ճաշեցինք, ապա բերին կուժը, և ջուր խմեցինք: Երեկոյան ինձ ասացին. «Հա՛յր, գնալո՞ւ ես քո խուցը»: Ես ասացի. «Ո՛չ, այլ այստեղ եմ ննջելու այսօր»: Եվ ինձ համար փսիաթից անկողին պատրաստեցին, իսկ մյուսի վրա իրենք մեկնվեցին` հանելով թիկնոցները և արձակելով գոտիները, իսկ ես աղաչեցի Աստծուն` ցույց տալ ինձ նրանց գործերը: Եվ տանիքը բացվեց ու պայծառ մի լույս հայտնվեց, որը նրանք չէին տեսնում, իսկ իմ առումով գիտեին, թե քնած եմ: Զարթնեցրեց ավագ եղբայրը կրտսերին, վեր կենալով՝ կապեցին գոտիները և ձեռքերը դեպի երկինք բարձրացրին, իսկ ինձ քնած էին կարծում: Եվ ահա տեսնում էի դևերին, որոնք ճանճերի պես գալիս էին կրտսեր եղբոր վրա և կամենում էին նստել նրա աչքերին ու բերանին, և տեսնում էի Աստծո հրեշտակին, որ հրեղեն սուր ուներ և հալածում էր դևերին ու պաշտպանում էր նրան, իսկ ավագին չէին համարձակվում մերձենալ: Տեսնելով այս` փառաբանեցի Աստծուն և հասկացա, որ ավագը կատարելության է հասել, իսկ կրտսերի դեմ դեռ պատերազմում էին դևերը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016