12 Հոկտեմբեր, Շբ
Կարեւոր է հասկանալ, թէ այսօրուայ Հելոուինի տօնակատարութիւնը շատ չի տարբերւում հնագոյն ժամանակների Հելոուինից: Այդ օրն այսօր էլ, ինչպէս անցեալում էր, կախարդութեան, գաղտնագիտութեան ու դիւապաշտութեան տօնն է: Բայց Հելոուինի մասին առաւել ազդեցիկ վկայութիւնները, որոնք յայտնում են ժամանակակից կախարդներն ու վհուկները, իրենց իսկ բառերն են: Այն հարցին, թէ՝ «Արդեօ՞ք Սամհայնի օրն այսօր դիտւում է որպէս կրօնական տօն», կախարդական կազմակերպութիւններից շատերը պատասխանեցին այսպէս. «Այո՛, շատ հեթանոսական կրօնների հետեւորդներ, քրմեր ու վհուկներ նշում են այդ օրը՝ որպէս կրօնական փառատօն, որին վերաբերւում են որպէս իրենց մահացածների յիշատակութեան օրուայ: Սա (Հելոուինը) կախարդանքի, գուշակութեան, ոգեհմայութեան գիշերն է, երբ հարցաքննւում են մեռեալները՝ ապագան իմանալու համար: Սա նաեւ նոր նախաձեռնութիւնների գիշերն է»[1]:
Որեւէ անձ, մասնակցելով չար ուժերին ու հանգուցեալ ոգիներին ընդօրինակելու այս դիւական ծիսակարգին, անմիջականօրէն հաղորդակցութեան մէջ է մտնում չար ոգիների հետ, որոնց տէրը ոչ թէ Սամհայնն է, այլ ինքն իսկ՝ սատանան։ Մասնակից լինելով Հելոուինի խրախճանքին ու բաժանելով ուտեստներ, մենք ոչ միայն քաղցրաւենիք ենք նուիրաբերում անմեղ երեխաներին, այլ նաեւ, այդ նուիրաբերութեամբ պատւում ենք Սամհայնին, հետեւաբար նաեւ սատանային ու նրա դեւերին։
Պէ՞տք է արդեօք իրենց քրիստոնեայ համարող անձինք որեւէ կապ ունենան այս հակաքրիստոնէական տօնակատարութեան հետ: Ճշմարիտ հաւատացեալների համար այս միջոցառմանը ցուցաբերած մասնակցութիւնը հոգեւոր դաւաճանութիւն է Աստծու եւ սեփական մշակոյթի հանդէպ: Հին կռապաշտական-հեթանոսական Հելոուինը ծիսական պաշտամունքն է մահուան տիրոջը՝ սատանային: Ու զարմանալի չէ, որ ամերիկեան «Սատանայի եկեղեցին» այս օրը բացայայտօրէն հռչակեց իր ամենակարեւոր տօնը, որը, ըստ նրան, պէտք է օգտագործուի որպէս ապացոյց սատանայական պաշտամունքի ու վկայութեան:
Հելոուինը միայն զուարճալի խաղ չէ: Մենք պէտք է յիշենք, թէ իրականում, բացի չար հրեշտակներից, կան նաեւ չարի կամակատար մարդիկ, ովքեր, ըստ էութեան, ծառայում են դեւերին: Նրանց գործունէութիւնը, նրանց աղօթքները, նրանց զոհերն ունեն չափազանց բացասական ազդեցութիւն: Մարդիկ, զգեստաւորուելով Հելոուինի աւանդական տարազներով եւ մասնակցելով այս կռապաշտական-հեթանոսական միջոցառմանը, ակամայից մասնակցում են դիւային ոգիների ծառայութեանը: Մենք երբէք դէմ չենք զուարճանալուն: Բայց եթէ մարդիկ չեն հասկանում այն ծէսերի բուն իմաստը, որոնց մէջ ներգրաւուած են, դա կարող է յանգեցնել ծայրայեղ բացասական հետեւանքների:
Կրօնների հանրագիտարանում գրուած է. «Այս առիթով հաւատում էին, թէ գերբնական ուժերի այս հաւաքոյթը տեղի է ունենում մէկ այլ կերպով եւ ոչ թէ տարուայ այլ ժամանակահատուածների նման: Սամհայնի օրն ու նախօրէն որակուած էին որպէս մի ժամանակահատուած, երբ մարդկային ու գերբնական աշխարհների միջեւ բոլոր արգելքները չէզոքացուած էին: Այդ օրերին մեռած ոգիները կարող էին այցելել երկրային բնակիչներին, իսկ մարդիկ հնարաւորութիւն ունէին ներթափանցել աստուածների ու գերբնական արարածների ոլորտները»[2]:
“Britannica” հանրագիտարանում գրուած է. «Մեռեալների հոգիներն այս օրը պէտք է վերադառնային իրենց կացարանները, իսկ աշնանային փառատօնը ուրուականների, կախարդների, վհուկների, սեւ կատուների եւ բոլոր տեսակի դեւերի հետ ձեռք էր բերում չարաբաստիկ նշանակութիւն: Ժամանակն էր հաշտեցնելու գերբնական զօրութիւններն ու իշխանութիւնները՝ վերահսկելու բնութեան գործընթացները: Բացի դրանից, Հելոուինը համարւում էր ամուսնութեան, յաջողութեան, առողջութեան ու մահուան առաւել բարենպաստ ժամանակ: Դա եղել է միակ օրը, երբ դիմում էին դեւի օգնութեանը՝ այդ նպատակներին հասնելու համար»[3]: “Britannica” հանրագիտարանի 11-րդ հրատարակութեան մէջ նաեւ ասւում է, թէ՝ «Քրմերը հաւատում էին, թէ կելտերի Նոր տարուայ (տօնւում է Նոյեմբերի 1-ին) նախօրէին մահուան չաստուած Սամհայնը հաւաքում էր մեղաւոր ոգիները, որոնք վերջին տասներկու ամիսների ընթացքում վերամարմնաւորուել են կենդանիների մարմիններում»[4]:
Ամերիկեան մէկ այլ՝ “Dictionary of the Occult and Paranormal” բառարանում գրուած է. «Հելոուինն ի սկզբանէ հեթանոսական, խաւարի, կրակի եւ մահուան տօն էր: Հելոուինը նաեւ կարեւոր տարեթիւն էր վհուկների օրացոյցում: Ըստ մոգերի ու կախարդների կազմակերպութեան, ամբողջ տարուայ ընթացքում վհուկներն ունեն ութ խոշոր փառատօն, որոնցից Հելոուինն ամենաարդիւնաւէտ ժամանակն է՝ հաղորդակցուելու դեւերի ու հանգուցեալների ոգիների հետ: «Հելոուինն ամբողջ աշխարհում նկատւում է որպէս «Ազգային մոգութեան օր». նոյնիսկ Հոկտեմբերի 25-ից 31-ը համարւում է Ազգային մոգութեան շաբաթ»[5]:
Պաշտամունքների, աղանդների, կրօնների եւ գաղտնագիտութեան բառարանը[6] մէջբերում է սատանայական «Սուրբ Գիրք»-ը՝ Հելոուինը նշելով որպէս հիմնական դիւական փառատօն: Ինչպէ՞ս կարելի է արդարացնել Հելոուինի տօնակատարութիւնները, երբ սատանայապաշտներն այս տօնն իրենց օրացոյցում առանձնացրել են որպէս «սրբազան օր»: Իսկ մէկ այլ ամերիկեան բանահիւսական հանրագիտարանում ասւում է. «Հելոուինը կապ ունի ոգեղէն ուժերի հետ, որոնցից շատերը վտանգ են ներկայացնում ու սարսափազդու են»[7]։
Wicca-ի (կախարդութեան) ու կելտական աւանդութեան նախկին քրմապետ Թոմ Սանգուինետը (Tom Sanguinet) գրում է. «Ժամանակակից տօնը, որ մենք կոչում ենք «Հելոուին», նշուելով լիալուսնի ամենամօտ օրը՝ Նոյեմբերի 1-ին, կախարդների Նոր տարին է: Դա այն ժամանակն էր, երբ «ոգիները», դեւերը գտնւում էին իրենց իշխանութեան գագաթնակէտին եւ վերադառնում էին երկիր մոլորակը… Հելոուինն իրօք բացարձակապէս չար է, եւ մենք երբեւէ ոչինչ չենք կարող անել, որ սա ընդունելի դառնայ Տէր Յիսուս Քրիստոսին»[8]:
Ինչպէս արդէն նշել ենք, հեթանոսական եւ գաղտնագիտական ծէսերում անհատական մասնակցութիւնը, նոյնիսկ ձեւական, առանց որեւէ հաւատի, չի կարող անցնել ապարդիւն, քանի որ այդպիսով մարդիկ բացում են դարպասներն այդ էութիւնների առաջ, որոնց որ պատկերում են, իսկ երեխաները փորձում են խաղալով ընդօրինակել՝ դնելով դեւերի, արնախումների սարսափազդու դիմակներ: Մարդկանց հետաքրքրութիւնը սատանայական, դիւային թեմայով ոչնչութիւններին չի անցնի առանց հետք թողնելու: Հելոուինը հաղորդակցութիւն է դժոխքի, խաւարամոլութեան, կախարդութեան, դիւականացման (դեմոնիզմի), շամանութեան, արնախումների եւ այլ վնասատուների հետ: Այնպէս որ սկսուել է սատանայական ու դիւապաշտական քարոզչութեան, սոցիալական գաղտնագիտութեան մի նոր դժոխային դարաշրջան: Եթէ վաղ ժամանակներում կախարդիչ խորհուրդներով տարուելը եւ մոգութեամբ զբաղուելը կարող էր լինել հասարակութեան միայն մի փոքր մասը, ապա հիմա դիւական ոլորտի դռները ամբողջովին բացուած են: Երեխաները նոյնիսկ քիչ ջանքով կարող են մուտք գործել այնտեղ: Այսօր գաղտնագիտութիւնը գալիս է քաղցրաւենիքով ու դիմակահանդէսի վառ տարազներով: Այսօր երեխաներն այլեւս չեն վախենում չարից, քանի որ գերեզմանոցները, կմախքները, արիւնալի զոմբիներն արդէն չեն առաջացնում բնական վախի ու մերժման զգացում: Այն, ինչը տարիներ շարունակ ընկալւում էր որպէս դժոխքի պտուղ, այժմ պատճառում է զուարճանք: Ստացւում է, թէ չարը կարող է լինել լաւ, նոյնիսկ անհրաժեշտ: Այս դէպքում, բոլոր այն համոզմունքները, թէ Հելոուինը եւ նմանատիպ տօնակատարութիւնները, չնայած իրենց ակնյայտ կռապաշտական-հեթանոսական ծագմանը, ըստ էութեան անվնաս են, անմեղ ու չունեն շատ արժէք, դրանցով խափանւում են աւանդական հոգեւոր հիմքերը: Գաղտնագիտութիւնն իր բոլոր դրսեւորումներով հիմնուած է սատանայի պաշտամունքի վրայ, օգնում է հակաքրիստոսի ընդունման նախապատրաստական աշխատանքներին եւ զարգացնում է դիւապաշտական հին ու նոր կրօնների ակտիւ գործունէութիւնը: Եթէ ինչ-ինչ պատճառներով քրիստոնեան ներգրաւուած է եղել Հելոուինի ծիսակատարութիւններին, ապա անհրաժեշտ է գալ անկեղծ խոստովանութեան եւ ապաշխարութեան:
Չնայած վհուկները բողոքում են, թէ ոչ մի կապ չունեն սատանայի հետ, սակայն նրանց «Կախարդութիւն. Տեսութիւն եւ Պրակտիկա» յայտնի ուսումնական ձեռնարկի «Կախարդների Աստուածը» վերնագրով գլխում յստակ ասւում է հետեւեալը. «Կախարդների Աստուածը… Նա է… Դժոխքի Տէրը… Նրա անունն է… Արուսեակ (Լիւցիֆեր)… Բաալ (Բել)…»[9]: Իրական կախարդներն ու վհուկները դեռեւս գոյութիւն ունեն: Նրանք Հելոուինը դեռ համարում են որպէս իրենց «ամենասուրբ» գիշերը: Վհուկներից շատերն են պահանջում, որ իրենց այդ յատուկ օրը՝ Հելոուինը, համարուի տօն ազատ աշխատանքից, պահանջելով նաեւ, որ, ի յիշատակ իրենց այդ մեծագոյն տօնի, փակուեն բոլոր դպրոցները: Այսպէս, օրինակ, 2004 թուականին Հելոուինի օրը Վաշինգտոնի թաղամասերում տեղական վհուկների պահանջով արգելուել են նոյնիսկ դպրոցների դասընթացները[10]:
Վիկկա[11] հեթանոսական կրօնի հազարաւոր հետեւորդները, ովքեր հետեւում են հին կելտական սովորութիւններին, մինչեւ օրս Հելոուինը հին անուամբ կոչում են Սամհայն՝ այն համարում տարուայ ամենասուրբ գիշերը։ “USA Today” թերթում նոյնիսկ մէջբերուած են մի վիկկայական կախարդի հետեւեալ խօսքերը. «Քրիստոնեաներն առանց գիտակցելու մեզ հետ նշում են մեր տօնը... դա մեզ հաճելի է»։ Այդ օրը հազարաւոր կախարդներ, գաղտնագէտներ, «Սատանայի եկեղեցու» ծառայողներ ու գործիչներ կատարում են իրենց չար արարողութիւններն ու սատանայական ծիսակատարումները: Պաշտօնապէս գրանցուած է, թէ ամերիկեան «Սատանայի եկեղեցին» Հելոուինը բացայայտօրէն հռչակեց որպէս իր հիմնական տօնը, որի գլխաւոր նպատակն է ցոյց տալ իր երկրպագութիւնն ու նուիրուածութիւնը սատանային: Բացի սատանայապաշտներից՝ սա ընտրուել է որպէս հիմնական տօն նրանց համար, ովքեր այսօր գիտակցաբար պարտաւորւում են ծառայել չարին՝ կախարդները, վհուկները, հնագոյն հեթանոսական կուռքերի վերականգնողներն ու ջատագովները: Հելոուինի կատարման երեկոն տարուայ ամենավտանգաւոր օրն է, երբ սատանայապաշտներն ու վհուկները փողոցներից գողանում են երեխաներին ու նրանց զոհաբերում սատանայի անունով:
Տեղեկատուական ծառայութեան աշխատակից, գաղտնուսոյց շարժումների հետազօտող Ջէք Ռոպերը (Jack Roper) գրում է. «Հելոուինը՝ սատանայապաշտական ծէսերի ու յանցագործութիւնների՝ տարուայ ամենաբարձր ցուցանիշների ժամանակն է»: Իսկ «Սատանայի եկեղեցու» հիմնադիր, գրող, երաժիշտ ու գաղտնագէտ Անտոն Սզանդոր ԼաՎեյն ասում է. «Ծննդեան տարեդարձից յետոյ երկու խոշոր սատանայական տօներն են՝ “Walpurgisnacht”-ը (տօնւում է Մայիսի 1-ը) եւ Հելոուինը... Ես ցնցուած եմ այն փաստով, որ քրիստոնեաները տօնում են Հելոուին… Ես ուրախ եմ, որ քրիստոնեաների ծնողները թոյլ էին տալիս, որ իրենց երեխաները տարեկան առնուազն մէկ գիշեր դեւին երկրպագեն: Բարի գալուստ Հելոուին»[12]: Սատանայապաշտական շատ խմբեր Հելոուինը համարում են յատուկ գիշեր այն պատճառով, որ սա դարձաւ տարուայ միակ օրը, երբ սատանայի վկայակոչութիւնը կարող է յատկապէս օգնել գուշակելու յետագայ ամուսնութիւնները, առողջութիւնը, մահերը, բոյսերի պտղաբերութիւնը եւ այն ամէնը, ինչ որ կարող է պատահել Ամանորի օրը: Այսօր մենք ականատես ենք լինում զանազան սատանայական աղանդների ծագմանն ու տարածմանը: Հոկտեմբերի 31-ի լոյս Նոյեմբերի 1-ի գիշերը կատարւում են սատանայապաշտական ծառայութիւններ: Կան բազում փաստեր, երբ սատանայի ծառաներն այդ օրն առեւանգում ու զոհաբերում են փոքրիկ երեխաներին: Իսկ վերջերս, ինչպէս արդէն տեղի է ունեցել Կալիֆորնիայում, սատանայի ծառաներն սկսել են կատարել նաեւ ուղղափառ քահանաների ծիսականացուած սպանութիւնները: Սատանան, օգտագործելով բոլոր յարմար առիթները, ամէնուր իր ցանցերն է տարածում՝ փորձելով հնարաւորինս շատ անմեղ մարդ որսալ: Սատանայապաշտ քահանայապետ Բլանշ Բարտոնը (Blanche Barton), «Սատանայի եկեղեցի» կայքէջում գովելով Հելոուինը, գրում է հետեւեալը. «Հելոուինը նոյնիսկ ամենատաղանդաւոր մարդկանց հնարաւորութիւն է տալիս մէկ գիշեր համտեսելու չարիքը: Նրանք հնարաւորութիւն են ունենում պարել սատանայի հետ… Ես տեսնում եմ, թէ ամբողջ աշխարհում սատանայապաշտներն այս գիշեր փոքր խմբերով միանում են։ Եւ այսպէս, Հելոուինի 500-րդ տարեդարձին բարձրացնում են իրենց բաժակները՝ ի պատիւ սատանայական ուժերի»[13]:
Հելոուինի մէկ այլ ահաւոր փաստ նկարագրում է նախկին սատանիստ Իռեն Ա. Պարկը (Irene A. Park). «Քրմերն Իռլանդիայում Հելոուինի (տօնւում է Հոկտեմբերի 31-ի) նախօրէին տնից տուն եւ շրջակայ գիւղերն էին այցելում ու սատանայի համար նուիրատուութիւն հաւաքում: Նրանք իրենց հետ տանում էին լուսավառ դդումներ ու սայրասուր փայտէ բեղիկներ (որոնք այժմ կոչւում են՝ լեպրիկոնի գաւազան կամ բախտի եղջիւր): Իւրաքանչիւր տան համար, ըստ նուիրատուութիւնների չափի, նրանք սահմանում էին իրենց պահանջները: Իսկ եթէ տան տէրերը չէին ցանկանում կամ ի վիճակի չէին տալ այն, ինչ պարտաւոր էին (կանխիկ գումար կամ նուէրներ), քրմերն օգտագործում էին այդ սուր գաւազանը տան տիրոջն ամորձատելու կամ էլ իրենց ընտրած լաւագոյն կենդանուն իւրացնելու համար»[14]:
«Նոր Դար» (New Age) կրօնական շարժման յայտնի հետազօտող Թեքսէ Մարսը (Texe Marrs) պատմում է Հելոուինի օրը կախարդների գործունէութեան մասին. «Մեր հետազօտութիւնը հաստատում է, թէ այս չար գիշերը (Հելոուինը) տեղի են ունենում կախարդների խրախճանքներ, հարբեցողութիւններ, շուրջպարեր, անէծքների պոռթկումներ, ոգեհմայութիւն, սեռական օրգիաներ, նոր անդամների ընդունելութիւններ, ինչպէս նաեւ մարդկանց ու կենդանիների զոհաբերութիւններ: (Կախարդները փորձագետներ են դարձել՝ զոհաբերութիւնից յետոյ իրենց հետքերը մաքրելու: Այս դէպքում նրանք օգտագործում են դիակիզման վառարաններ ու խորը փորած գերեզմաններ, որոնք գտնւում են անդամակիցների մասնաւոր հողատարածքներում)… Ամէն տարի Ամերիկայի տարբեր հատուածներում Հելոուինի նախաշեմին ակնկալւում է երեխաների առեւանգում կախարդների կողմից: Չնայած ձեր երեխաների առեւանգման հնարաւորութիւնը կարող է ցածր լինել, այնուամենայնիւ, մեզնից իւրաքանչիւրը պէտք է զգոյշ լինի ու ճիշդ դատողութիւն ունենայ»[15]:
Գոյութիւն ունեն բաւական յայտնի պատմական փաստեր, երբ մարդկային զոհաբերութիւններ են տեղի ունեցել որոշ սատանայապաշտական խմբերում: Նմանատիպ մարդկային զոհաբերութիւններ պարբերաբար եղել են նաեւ դրուիդ քրմերի հաւաքներին: Ըստ հռոմէացի պատմիչ Կորնելիոս Տակիտոսի (Ք. ա. 50-20 թթ.)՝ քրմերն «իրենց զոհասեղանները պատում էին զոհերի արեամբ», մասնաւորապէս՝ յանցագործների արեամբ: Ըստ հռոմէացի քաղաքական ու ռազմական գործիչ, գրող ու պատմագիր Յուլիոս Կեսար կայսեր (Ք. ա. 100-44 թթ.)՝ դրուիդների կողմից կատարուող մարդկային զոհաբերութիւնները շատ տարածուած սովորութիւն էին, բայց եթէ չաստուածները քրմերին չէին յայտնւում յանցագործների զոհաբերութեամբ, այդ դէպքում զոհաբերում էին նաեւ անմեղ մարդկանց: Մեռնող զոհերի տանջանքներն ու մաքառումները պարունակում էին գուշակելի գիտելիքներ ապագայ իրադարձութիւնների մասին: Դրուիդներն ունեցել են լիակատար վստահութիւն մարդկային զոհաբերութիւնն ընկալելու որպէս գուշակութեան միջոց: Ըստ շոտլանդացի լրագրող, գաղտնագէտ Լուիս Սփենսի (Lewis Spence)՝ «իսկապէս սարսափելի էր այդ մեթոդը, համաձայն որի՝ քրմերը մարդկային զոհաբերութեան միջոցով իրենց գուշակութիւններն էին անում յետագայ իրադարձութիւնների մասին, իսկ յոյն պատմիչ Դիոդորոս Սիցիլիացին (Ք. ա. 90-30 թթ.) նշում է, թէ նրանք «իրենց կանխատեսումները ձեւաւորում էին ըստ նախնիների աւանդած որոշ կանոնների»[16]: Դրուիդները խմում էին իրենց զոհերի արիւնը եւ ուտում նրանց մարմինները:
“Harper’s” հանրագիտարանում գրուած է. «Դրուիդներն իրենց զոհերին սպանում էին նետահարելով, խեղդելով, ցցերի վրայ հանելով, դանակահարելով, կոկորդները կտրելով: Յետոյ խմում էին նրանց արիւնը»[17]: Յոյն պատմիչ եւ աշխարհագրագէտ Ստրաբոնը յայտնում է. «Նրանք, երբ հայրերը մահանում են, պատուաւոր բան են համարում նրանց ուտել եւ յարաբերութիւն ունենալ ոչ միայն ուրիշ կանանց հետ, այլեւ իրենց մայրերի եւ քոյրերի հետ»[18]:
Նախկին սատանայապաշտ Ջոն Ռամիրեզն (John Ramirez) ասում է. «Մենք Հելոուինի տօնակատարութեան մէջ վնաս չենք տեսնում, քանի որ կարծում ենք, թէ դա հաճելի է: Մենք նկարում ենք դէմքերը, հագնում ենք «անմեղ» հանդերձներ, զարդարում բնակարանները, նոյնիսկ եկեղեցիներն են իրենց մուտքի դռները դդումով զարդարում: Այս գործողութիւնները նման են դեւին լիազօրագիր տալուն՝ ասելով. «Ահա իմ տունը, եկէ՛ք այստեղ, խնդրում եմ»: Մենք կարծում ենք, թէ մենք չենք կատարում որեւէ դիւային ծէս կամ մարդկային զոհաբերութիւն: Բայց արդեօք գիտէ՞ք, թէ երբ դուք զարդարուէք, անմիջապէս կը պատկանէք թշնամուն: Քանի որ դա անելով՝ դուք փոխանցեցիք ձեր օրինական իրաւունքները եւ ինքներդ ձեզ ու ձեր երեխաներին նուիրեցիք տօնելու դեւի տօնը: Դուք պարզապէս պայմանագիր կնքեցիք թշնամու հետ եւ արդէն զոհաբերել էք ձեր երեխաներին հոգեւորապէս՝ իրենց հագցնելով համապատասխան հագուստները: Ես յիշում եմ իմ հարսանիքը 1987 թուականի Հոկտեմբերի 31-ի գիշերը, որն ամենադիւային հարսանիքն էր այս մոլորակի վրայ: Իմ հարսը եւ ես որոշեցինք ամուսնանալ Հելոուինի օրը դիւապաշտական ծիսակատարութեամբ, որը տեւեց ամբողջ գիշեր, եւ հարսանեկան զանգերը լսելի էին մինչեւ դժոխքը: Որպէս սատանայապաշտներ՝ Հելոուինը յատուկ էր մեզ համար, եւ մենք անհամբեր սպասում էինք նրան, քանի որ գիտէինք նրա հետեւանքներն ու գիշերուայ մութ ուժը: Դա շատ տարբեր է ցանկացած այլ գիշերից՝ կախարդութեան աշխարհում: Դա նման կը լինէր այն հարցին, եթէ ես այսօր հարցնէի հաւատացեալներին. «Որքա՞ն կարեւոր է Աւագ Ուրբաթը ձեզ համար՝ նախքան Զատիկը եւ Յիսուսի յարութեան օրը»: Հելոուինն ունի այդպիսի քաշ ու կարեւորութիւն նրանց համար, ովքեր մթութեան մէջ են ապրում: Ես յիշում եմ Հելոուինին նախորդող օրերը: Մենք՝ որպէս սատանայի երկրպագուներ, դիւական աշխարհից ունէինք մեր հրահանգները, թէ ի՛նչ պէտք էր անել, ու մենք գիտէինք, թէ այն լինելու է երկար գիշեր: Ես քնում էի ամբողջ օրը՝ հանգստանալու ու պատրաստ լինելու կէսգիշերուայ համար, որպէսզի կարողանայի դժոխքն աշխարհ բերել: Որոշ եկեղեցիներ փոխարինում են «Հելոուին» բառը եւ այն կոչում «Բերքահաւաք», իսկ մարդիկ տարազներն են հագնում՝ քաղցրաւենիք ու խնձոր բաժանելով: Դա ցնցում է իմ սիրտը… Շատերի համար, ովքեր տօնում են Հելոուինը, այս տօնը տեղափոխւում է Նոյեմբերի 1-ին, որը յայտնի է նաեւ որպէս «Մեռեալների օր» կամ «Տօն ամենայն սրբոց», բայց դրա մէջ սուրբ բան չկայ, դա դիւային է: Ես զարմանում եմ, թէ ինչպէ՛ս է այս տօնը տարածւում աշխարհում, որովհետեւ «ամենայն սրբոց» անուանումը խաբուսիկ է եւ ապակողմնորոշիչ… Այս տօնը ոչ մի կապ չունի սրբերի հետ»[19]:
Մէկ այլ նախկին սատանայապաշտ Գլեն Հոբբսն (Glenn Hobbs) ասում է. «Աշխարհում կան երեխաներ, որոնք կորցնում են իրենց կեանքը Հելոուինի գիշերը»: Նա իր պապի յորդորներով սատանայապաշտ էր դեռ երեխայ հասակից: Ահա՛ թէ ինչ է նա պատմում իր ներգրաւուածութեան ու սատանայապաշտների համար Հելոուինի կարեւորութեան մասին. «Ամէն անգամ, երբ գալիս է Հելոուինի ժամանակը, տեսնում էք բեմական տարազներ, քաղցրաւենիք, դդումներ, չար դիմակներ. տեսնում էք, թէ ինչպէս են մարդիկ իրենց տները պատում կմախքներով. տեսնում էք, թէ ինչպէս է մայրն իր մի փոքրիկ աղջկայ վրայ վիշապի գլուխ հագցնում. տեսնում էք, թէ ինչպէս է փոքրիկ տղան ուրախանում դեւի դիմակը ստանալու համար: Բոլոր այս մահուան խորհրդանիշները վերադարձնում են միայն իմ սարսափելի մահուան յիշողությունները, երեխաների հանդէպ դաժան բռնութիւնների յիշողութիւնները. եւ այս ամէն ինչը՝ սատանայի անունից: Սատանայապաշտութեան մէջ ես ներգրաւուած էի դեռ երեխայ հասակից: Ես սերունդների սատանայապաշտ էի, քանի որ իմ ընտանիքը ու նրանից առաջուայ ընտանիքը՝ բոլորն էլ ներգրաւուած էին սրա մէջ: Առաջին յիշողութիւնները Հելոուինի մասին, ինձ համար որպէս երեխայի, ամենամութ ժամանակաշրջանին էին եւ ոչ հաճելի… Մի փոքրիկ աղջիկ կար, ով ինձ հետ ներգրաւուած էր գաղտնագիտութեան մէջ: Նրա անունն էր Բեքի: Նա տարբեր տեսակի երեխայ էր, որ օրհնուած էր ու ծնուել էր զոհաբերուելու համար, մինչ ես օրհնուած էի քահանայապետ դառնալու համար: Մենք յատուկ ծիսակարգով պէտք է միասին ամուսնանայինք: Դա ամուսնութիւն էր գազանի հետ: Ես եւ այդ փոքրիկ աղջիկը փոքրուց ամուսնացանք ու տեղի ունեցան շատ սեռական բռնութիւններ. շատ արիւն էր թափւում մեզ վրայ՝ միացնելով մեզ: Մեզ տեղափոխում էին տարբեր սենեակներ, որտեղ հանում էին մեր հագուստներն ու տալիս տարբեր թմրամիջոցներ: Մի քանի շաբաթ անցկացրինք տեսակ-տեսակ ցնցումներով: Կատարւում էին զանազան ծիսակատարութիւններ ու կենդանիների սպանութիւններ: Կանչում էին Արուսեակին (Լիւցիֆերին), ու նրա չար ոգիներին, որպէսզի գան եւ ինձ դիւահարեն՝ քահանայապետի պաշտօնի օրհնութիւնն ստանալու համար: Եկաւ Հելոուինի գիշերը: Մարդիկ գլխածածկ էին եւ հագել էին մուգ շագանակագոյն վերարկուներ: Նրանք գոռում էին, աղմկում եւ աղաղակում սգացնող մղձաւանջով: Սովորական երեւոյթ էր ծիսակարգի ընթացքում, երբ մարդիկ շրջակայքում գտնուող դեւերի ներկայութեամբ ցնցուելով ընկնում էին գետին: Յետոյ մի կին եկաւ եւ ասաց. «Ժամանակն է գնալու»: Ինձ ուղեկցում էին դէպի քարէ խորանը: Սկզբում ես ուզում էի հասկանալ, թէ ի՛նչ է կատարւում, քանի որ երբէք չգիտէի։ Նկատի ունեմ, որ նրանք այդ խորանն օգտագործում էին տարբեր բաների համար. օրինակ՝ կենդանիներ զոհաբերելու, քահանայապետի կողմից սեռական բռնութիւն կատարելու. մի խօսքով՝ դժուար էր իմանալ, թէ ի՛նչ է լինելու: Վերջապէս ինձ տարան խորանի մօտ, որտեղ ես տեսայ այդ փոքրիկ աղջկան: Նրա ձեռքերն ու ոտքերը տարածուած կապուած էին խորանի ծայրերին գտնուող կեռիկներից: Աղջիկն իսկապէս շատ գունատ էր: Ես նկատեցի, որ նրա ոտքերին ու դաստակի ստորին հատուածներում կտրուածքներ կան, որտեղից նրանք վերցնում էին նրա արիւնը, որ ծորում էր ու լցւում յատուկ սկիհների մէջ, որոնք փոխանցում էին տարբեր մարդկանց, ովքեր խմում էին այդ արիւնը: Եւ ահա քահանայապետն իր ձեռքն առաւ յատուկ ծիսական աթամը[20] (երկբերան դանակը), յետոյ իմ ձեռքի մէջ դնելով եւ ամուր սեղմելով, այն խրեց փոքրիկ աղջկայ կրծքավանդակի մէջ: Այսպէս, երբ յիշում եմ Հելոուինի ընթացքում տեղի ունեցածի մասին, գիտէք, դա Հելոուինի գիշերուայ իրադարձութեան գագաթնակէտն էր, երբ սպանեցին այդ անմեղ փոքրիկ աղջկան: Սա մի բան է, որ տեղի է ունենում ամէն մի Հելոուինի ժամանակ: Սա մեկուսացուած իրադարձութիւն չէ, այլ սատանայապաշտների համար սրբազնագոյն կրօնական փառատօն: Ես նկատի ունեմ, որ աշխարհում կան երեխաներ, որոնք Հելոուինի գիշերը կորցնում են իրենց կեանքը, իսկ մենք, որպէս հասարակութիւն, դուրս ենք գալիս ու տօնում, դռնից դուռ ենք թափառում ու քաղցրաւենիք խնդրում: Սա մեծ «տօն» է, եւ ես կարծում եմ, թէ սա բաւական մեծ հեգնանք է, երբ մի խումբ մարդիկ մտածում են, թէ դա պարզապէս զուարճանք է, իսկ մարդկանց մի այլ խումբ մարդկային կեանք է կործանում։ Թւում է, թէ կայ պատնէշ, որ ոչ ոք չի ուզում դիմագրաւել փաստերը, թէ իրականում ի՛նչ է կատարւում... Հելոուինը սատանայապաշտների սուրբ գիշերն է, երբ կորցնում են անմեղ մարդկային կեանքեր: Ես չեմ կարող ասել՝ գնացէ՛ք ու զուարճացէ՛ք Հելոուինով: Կարեւոր էլ չէ, եթէ դուք միայն մասնակցում էք Հելոուինին, նոյնիսկ եթէ դուք սատանայապաշտ չէք ու կարծում էք, թէ դա պարզապէս զուարճանք է: Ո՛չ. որովհետեւ սատանայապաշտները Հելոուինն օգտագործում են որպէս ծխածածկոյթ՝ շփոթեցնելու ու մոլորեցնելու համար: Շատ ցաւալի է, երբ տեսնում ենք, որ քրիստոնեաներն են տօնում Հելոուինը: Քրիստոնեաներն առաջինը պէտք է դէմ կանգնեն այս սարսափելի սովորութեանը: Նրանք երբէք պէտք չէ մասնակցեն Հելոուինին: Քրիստոնեաները, որպէս Քրիստոսի եղբայրներ ու քոյրեր, պէտք է միասնական լինեն ու պայքարեն այդ խաւար ուժերի դէմ՝ աղօթելով մասնակից երեխաների համար, որպէսզի Աստուած ինչ-որ կերպով միջամտի, պահպանի ու փրկի նրանց կեանքը»[21]:
[1] «Cult Watch Response», October 1988, vol. 1, No. 1, p. 68.
[2] The Encyclopedia of Religion, “Halloween,” 1987, p. 176.
[3] The Encyclopædia Britannica, 15th edition, Micropaedia, “Halloween,” vol. 4, p. 862.
[4] The Encyclopædia Britannica, “Halloween,” vol. 12, p. 857.
[5] www.magictimes.com/archives/2000/pr20000912a.htm. (առ 13/04/2018)։
[6] The Dictionary of Cults, Sects, Religions and the Occult, Zondervan, 1993, p. 244.
[7] Encyclopedia of American Folklore, Linda S. Watts, Halloween, 2007, p. 746-750.
[8] http://truediscipleship.com/the-dark-side-of-halloween/ (առ 13/04/2018)։
[9] Angeles, Ly de. Witchcraft: Theory and Practice, Witch’s God, 2000, p. 60.
[10] ”Schools says Halloween Disrespectfull to Witches.” ABC News, Oct. 21, 2004
http://abcnews.go.com/US/story?id=184701 (առ 14/03/2018)։
[11] Ըստ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի՝ Վիկկան (անգլերէն՝ Wicca) արեւմտեան նոր հեթանոսական կրօն է, որի հիմքում ընկած է բնութեան պաշտամունքը։ Այն տարածուել է 1954 թուականին Ջերալդ Գարդների շնորհիւ, որը պաշտօնաթող եղած անգլիացի պետական ծառայող էր. եւ այդ ժամանակ նա այդ կրօնն անուանեց կախարդութիւն (անգլերէն՝ Witchcraft)։ Նա պնդում էր, թէ կրօնը, որին ինքը հաղորդակից էր, հնագոյն կախարդութեան ժամանակակից փրկուած կրօնն է, որը գաղտնի գոյութիւն է ունեցել հարիւրամեակների ընթացքում՝ հիմքում ունենալով մինչքրիստոնէական եւրոպական հեթանոսութիւնը։ Համարւում է, թէ վիկկայական աստուածաբանութիւնն առաջ է եկել 1920-ական թուականներին։ Վիկկայականները հիմնականում երկրպագում են եղջիւրաւոր չաստծուն, եռակի չաստուածուհուն, որոնք երբեմն հանդէս են գալիս որպէս բարձրագոյն պանթէիստական չաստուածութեան մասեր, որոնք դրսեւորւում են իրենց տարբեր բազմաստուածային կերպարներում։ Վիկկային յատուկ են ծիսական կախարդութիւնների կիրառումը, ազատ բարոյական նորմերը եւ «Տարուայ անիւի» ութ տօների նշումը։
https://hy.wikipedia.org/wiki/Վիկկա (առ 13/04/2018)։
[12] Anton Szandor LaVey, The Satanic Bible, 1969, p. 96.
[13] http://www.av1611.org/halloween.html (առ 14/04/2018):
[14] Irene A. Park, “Seven High Pagan Masses and Halloween,” 1982, p. 1.
[15] http://www.christian-faith.com/origins-of-halloween/ (առ 15/04/18)։
[16] Lewis Spense, “The History and Origins of Druidism,” London: Thorson, n.d., 2003, p.159.
[17] Harper’s Encyclopedia of Mystical & Paranormal Experience, Rosemary Ellen Guiley, SanFrancisco, 1991, p. 167.
[18] https://books.google.com/books?isbn=0191583359 (առ 15/04/2018):
[19] http://gcshelp.org/ru/novosti/kultura-i-iskusstvo/bivshiy_satanist_«ya_v_shoke_ot_togo__chto_hristiane_prazdnuyut_hellouin».html (առ 15/04/2018)։
[20] Աթամը (Athamé) դիւական արարողակարգի սեւագոյն եւ երկշեղբ դաշոյնն է, կախարդական գործիքներից մէկը, որ օգտագործւում է աւանդական կախարդութեան եւ այլ նորապաշտական կրօններում, ինչպիսին է Վիկկան... Աթամի օգտագործումը միայն ծիսական ու կախարդական նպատակների համար է: Արարողութեան ժամանակ այն ծառայում է էներգիաները կարգաւորելու համար:
[21] Halloween: Trick or treat? - Jeremiah Films
https://archive.org/details/HalloweenTrickOrTreatWEB (առ 15/04/2018)
Գևորգ սրկ. Գևորգյան
«Հելոուինը՝ զուարճա՞նք, թէ՞ դիւապաշտութիւն» գրքից