3 Դեկտեմբեր, Գշ
- Հա՛յր, իսկ ինչո՞ւ ենք այդքան դժվարությամբ բարիք գործում, սակայն այդքան դյուրությամբ չարի մեջ ընկնում:
- Որովհետև, նախ և առաջ, մարդն ինքը պետք է ջանք թափի, ճիգ գործադրի բարու մեջ, իսկ չարի մեջ մարդուն սատանան է օգնում: Դրանից բացի, մարդիկ բարուն չեն ընդօրինակում և բարի մտքեր էլ չունեն: Ես հաճախ եմ աշխարհականներին հետևյալ օրինակը բերում: Ենթադրենք ես ավտոմեքենա ունեմ: Սկսում եմ մտածել. «Ինչի՞ս է պետք: Ծանոթս էլ մեքենա ունի և կարող է ինձ տեղ հասցնել: Անհրաժեշտության դեպքում կարող եմ տաքսի կանչել: Ավելի լավ է մեքենաս իմ ծանոթ բազմազավակ հորը նվիրեմ, որպեսզի իր երեխաներին քաղաքից դուրս, վանքեր տանի, թող հանգստանան և ուժ հավաքեն»: Այսպիսով, եթե ես մեքենաս ուրիշին նվիրեմ, ապա ոչ ոք ինձ չի ընդօրինակի: Սակայն, եթե ես մեքենաս փոխեմ (որ նույն ձեր ունեցածից էր) ու ավելի բարձր դասի մեքենա գնեմ, ապա դուք գիշերը չեք քնի, որպեսզի մի միջոց գտնեք ձերն էլ իմ մեքենայի պես փոխելու: Դուք չեք էլ մտածի այն մասին, որ ձեր այժմյան մեքենան նույնպես լավն է: Այդ դեպքում այսպես կասեք. «Ինչ-որ բան կվաճառեմ, պարտք կվերցնեմ, բայց մեքենաս կփոխեմ»: Իսկ առաջին դեպքում, ընդհակառակը, ինձ ոչ ոք չի ընդօրինակի, ոչ ոք չի ասի. «Ինչի՞ս է պետք այդ մեքենան: Ավելի լավ է նվիրեմ մեկին, ում իսկապես անհրաժեշտ է»: Դեռ կասեն էլ, թե խելքս թռցրել եմ:
Մարդիկ հեշտությամբ են չարի ազդեցության տակ ընկնում: Հոգու խորքում նրանք ընդունում են բարությունը, այն նրանց մոտ հարգանք է առաջացնում: Սակայն հեշտությամբ ընկնում են չարի ազդեցության տակ և տարվում են դրանով, որովհետև չարի մեջ տանգալակին* է ցուցումներ տալիս: «Քաղցր բլրակ» գտնելը հեշտ է, քանի որ բանսարկուն զբաղվում է հենց նրանով, որ Աստծո արարածներին դեպի այդ բլրակն է հրում: Իսկ Քրիստոս միանգամայն ազնվորեն է գործում: «Սա բարի է,- ասում է Նա,- «Եթե մեկը կամենում է հետևել ինձ…» (Մտթ. 16:23): Նա ուժով չի ստիպում Իր մոտ գնալ, չի ասում. «Քայլով մա՛րշ, ինձ մոտ»: Սատանան ազնվաբարո չէ: Նա խճճում է մարդուն, որպեսզի տանի այնտեղ, ուր ինքն է ուզում, այն դեպքում, երբ Աստված հարգում է մարդու ազատությունը: Նա մարդկանց ոչ թե որպես գերիներ է ստեղծել, այլ որպես որդիներ: Նա գիտեր, որ մեղսագործություն է տեղի ունենալու, բայց նույնիսկ չնայած դրան՝ մարդկանց Իրեն գերի չդարձրեց… Նա նախընտրեց երկիր գալ, մարմնանալ, խաչվել և այդ կերպ փրկել մարդուն: Աստված մարդուն ազատություն է շնորհել: Եվ չնայած այն հանգամանքին, որ սատանան կարող է այն ի չարս գործածել, մարդուն շնորհված ազատության մեջ բարենպաստ հնարավորություն կա, որպեսզի մարդիկ մաղվեն: Պարզ է, թե մարդն ինչն է ի սրտե անում, (ինչը՝ ոչ): Եվ եթե մեկի պատվախնդրության զգացումը բարձր է, ապա դա շատ նկատելի է:
* տանգալակի – Հայրն այդպիսի մականուն էր տվել սատանային:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի