Հետևելով Սուրբ Գրքի արքայական օրենքին

«Հայր Աստծո համար անկեղծ և իսկական բարեպաշտությունը կարոտության մեջ եղող որբերին և այրիներին այցելելն ու նրանց օգնելն է և աշխարհի մեջ ապրելով հանդերձ՝ ինքն իրեն անարատ պահելը» (Հակոբ. 1:27): Քրիստոնեական կրոնը ճանաչում է այն հավատը, որի հիմքում մարդասիրությունն է, քանի որ հավատը, որը չի արտահայտվում մարդասիրությամբ, ոչ միայն ապտուղ է և անօգուտ, այլև անմաքուր է Տիրոջ առաջ: Քրիստոնեական կրոնը չի ճանաչում այլ օրենք, քան մարդասիրության օրենքը, «բայց դուք լավ կանեք, եթե իսկապես կատարեք Սուրբ Գրքի արքայական օրենքը, որ ասում է. «Սիրիր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Հակոբ. 2:8)»: Աստծո հանդեպ սիրո միջոցով անձն իրեն քրիստոնյա է ճանաչում, բայց ի չիք է դառնում այդ սերը, եթե բացակայում է սերը մերձավորի հանդեպ: «Այն մարդը, որ ասում է՝ «Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում» (Ա Հովհ. 4:20): Եթե անձն իրեն ճշմարիտ քրիստոնյա է համարում, երկրպագում ու պաշտում է Աստծուն, որ հանուն մարդկության փրկության մարդացավ և Իր կյանքը զոհեց, ապա նրա համար չպետք է անծանոթ լինի մարդասիրության մեծագույն օրենքը, որ պատգամեց Տերը. «Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ: Մեծագույն սերն այն սերն է, որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամների համար» (Հովհ. 15:12-13):

Առաջին դարից առ այսօր արքայական օրենքը կյանքի կոչելու արդյունքում են եկեղեցական համայնքներում կյանքի կոչվել սոցիալական ծրագրերը: Հուլիսի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Պետրոսյան Տաթևին (30 տ.) փոխանցեց դրամական աջակցություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքից Դավիթ Սիրադեղյանը՝ դստեր ծննդյան առթիվ: Տաթևն իր ընտանիքի հետ բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգած, Մոլդովական 50/1 բն. 16 հասցեում: Ընտանիքի երկու զավակներից ավագը՝ Դավիթը (6 տ.), Դաունի համախտանիշ ունի: Արև Դավիթը մի շարք նախասիրություններ ունի, սիրում է երաժշտություն լսել, լողալ, ֆուտբոլ խաղալ: Տաթևն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

 

15.07.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․