ՀՀ նախագահը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեց Ճրագալույցի Ս. Պատարագին

Ապրիլի 20-ին՝ Ավագ շաբաթ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու խորաններից ազդարարվեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ճրագալույցի Ս. Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տոնական Ս. Պատարագին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հընթացս Ս. Պատարագի Տեր Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին: Եկեղեցին այնքան մարդաշատ էր, որ մեծ թվով մարդիկ Ս. Պատարագին մասնակցում էին եկեղեցու բակից: Ատյանում կատարվող նախատոնակի արարողությունից հետո ներկաները միմյանց Ս. Հարության ավետիսը և Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցեցին:

Ս. Պատարագի ավարտին նախագահը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան սրահում մասնակցեց զատկական տնօրհնեքի: Զատկական սեղանի շուրջ նախագահը փոքրիկ զրույց ունեցավ եկեղեցու հոգևոր դասի, խաչքավորի, ծխական խորհրդի և համայնքի անդամների հետ: Հնչեցին փոխադարձ տոնական շնորհավորանքներ և բարեմաղթանքներ: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, շնորհավորելով նախագահին, ուրախությամբ նշեց, որ համայնքի համար նշանակալից էր այս օրը, քանի որ առաջին անգամ Ս. Հարության տոնին իրենց աղոթակից եղավ նախագահը՝ համայնքի հետ կիսելով Տիրոջ հրաշափառ Հարության ուրախությունը: «Քրիստոս հարյավ ի մեռելոց, այս մի արտահայտության մեջ պատկերված է մարդու կյանքի իմաստն ու գերագույն նպատակը: Չկա ավելի կարևոր իրողություն մահկանացու մարդու համար, քան հարությունն է, քանի որ չկա քրիստոնեություն, առանց հարության և չկա կյանք, առանց հարության»,- ասաց Տեր Գրիգորը և Նավասարդ Սրբազանի, եկեղեցու հոգևոր դասի և համայնքի կողմից նախագահին մաղթեց քաջառողջություն, նոր հաջողություններ և անսպառ եռանդ հայրենաշեն առաքելության մեջ՝ ի նպաստ հայոց ազգի աստվածասեր և ազգանվեր ոգու զորացմանը: Հանրապետության նախագահն էլ ներկաներին մաղթեց, որ Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը լուսավորի ու նոր ավյունով լցնի յուրաքանչյուրի սիրտը, մղի նոր ու բարի գործերի՝ ի փառս Աստծո և հայ ժողովրդի:

Հարության ուրախությամբ համակված նախագահը և ներկաները միմյանց հրաժեշտ տվեցին՝ կրկին միմյանց փոխանցելով հարության կենարար ավետիսը: Ինչպես դարեր շարունակ, այնպես էլ այսօր հայ ժողովրդի հոգուց չի մարել հարության լույսն ու հավատը, այն դարձել է հայի համար մղիչ ուժը ապրելու և արարելու:

 

Կարինե Սուգիկյան

20.04.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․