Սա այն կարևորագույն կոչերից մեկն է, որ Քրիստոսահիմն եկեղեցին ազդարարել և ազդարարում է առ այսօր: Դարեր շարունակ եկեղեցուց ծնունդ առած սրբերն իրենց վարքով աստվածանման առաքինության՝ ողորմածության, կրողներն ու գործադրողներն են եղել: «Ողորմածության երգիչ» է կոչվել Սբ. Հովհան Ոսկեբերանը, ով այս առաքինության մասին հետևյալն է գրել. «Ողորմած մարդն ավելի բարձր է, քան մահացածին կենդանացնողը»:
Հուլիսի 12-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքն այս կոչին հավատարիմ այցելեց Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Եկմալյան 27 հասցեում բնակվող կարիքավոր ընտանիքին: Համայնքի այցը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ ինչ-որ կերպ մխիթարեց Մարտիրոսյան ընտանիքին, որ սոցիալական խնդիրներից բացի մեծ ցավ է ապրում. ամիսներ առաջ՝ մարտի 14-ին, Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում հայտնաբերել էին հրազենային վնասվածքից մահացած իրենց որդու՝ 19-ամյա ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի դին: Մարտիրոսյան ընտանքում հինգ զավակներ են մեծացել՝ չորս տղա և մեկ դուստր, վերջինս թույլ լսող է: «Չէի նեղվում երբեք որևէ խնդրից, քանի որ աշխարհի ամենահարուստն եմ իմ զավակներով: Հպարտանում եմ իմ տղաներով, բայց այժմ չեմ կարողանում համակերպվել քաջ, հոգատար, աշխատասեր և ժպտերես որդուս կորստով»,- ասաց ընտանիքի մայրը՝ Լալա Ղազարյանը (49 տ.): Ընտանիքի երկու որդիները սոցիալական խնդիրները լուծելու համար ստիպված են եղել մեկնելու արտագնա աշխատանքի: «Ո՛չ ես և ո՛չ ամուսինս ի վիճակի չենք աշխատելու, որդուս մահից հետո ինձ մոտ սուր հոդացավեր են սկսվել, իսկ ամուսնուս մոտ անցյալ տարի կաթվածից պարալիզացվել է աջ ոտքն ու ձեռքը»,- ասաց տիկին Լալան:
Բնակարանը, ուր արդեն երեք տարի է, ինչ բնակվում է Մարտիրոսյան ընտանիքը, ժամանակավոր կացարան է՝ բարեկամի կողմից տրամադրված:
Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց՝ մաղթելով, որ Սբ. Հոգին մխիթարի և հոգեպես ամրացնի իրենց: Ապա ընտանիքին հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի աջակցությամբ գնված սննդի փաթեթներ և հիգիենիկ պարագաներ:
Կարինե Սուգիկյան