3 Դեկտեմբեր, Գշ
Յուրաքանչյուրիս պատմությունից հայտնի է մեր ազգի հերոսական ու փառահեղ էջերը, մեր Հայ Զինվորի մարտական ոգին, նրա արիությունն ու հավատը: Մեր հայ քաջերը, արհամարհելով մահը, իրենց մահով կյանք պարգևեցին գալիք սերունդներին:
Այսօր էլ, անկասկած, Հայ Զինվորը, ինչպես Պաուլո Կոելիոն կասեր, Լույսի Զինվոր է՝ Քրիստոսի ճշմարիտ Զինվոր է: Իսկ Լույսը անմահ է, այն չի ոչնչանում: Ահա թե ինչու Աստված Լույս է: Իսկ հայ հոգին մշտավառ պահեց իր Լույսը Լուսավորչի Կանթեղի մեջ: Մարդկանց մեջ հայտնվեց Աստված: Աստծո Որդին եղավ Մարդու Որդի, Իր հարությամբ սրբագործեց Անմահությունը:
Մարմիններ մահացած. որոնք, այո, քայքայվում են. բայց որքա՜ն կրակներ են բոցավառվում հոգիներում, որքա՜ն կայծեր սրտերում, և որքա՜ն լույսեր մտքերում: Հրաշալի մի կյանք, որ վերջ չունի:
Առանց մահի, չկա անմահություն: Մահը կյանք է: «Եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և չմեռնի, ինքը կմնա որպես առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիվ հատիկներ կտա» (Հովհաննես 12:24): Ցորենի մահը վերածնում է հասկերի, որոնք նրա կյանքը դալարեցնում են, կրկնապատկում շարունակ, այսինքն՝ անմահացնում: Ցորենը չի մնում հողածածկույթում, այնտեղ Հարուցյալ է ննջում, որ հավերժացնում է կյանքը:
Լույսի Զինվորը չի մոռանում, որ Տերը իր հետ է, և եթե Տերը իր հետ է, ո՞վ կարող է իր դեմ լինել (Հռոմեացիներ 8:31) և իր սիրտն է բացում տիեզերքի առաջ ու գոհություն հայտնում իրեն պահպանող Բարձրյալին: «Աղոթքը հաղթում է պատերազմը, ինչպես Մովսեսն աղոթքներով հաղթեց Ամաղեկին, Դավիթը՝ այլազգի Գողիաթին, և Հոբը՝ թշնամի սատանային: Այսպես և մենք ենք աղոթքներով հաղթում, երբ թե՛ հոգևոր, թե՛ մարմնավոր պատերազմ է լինում» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Եվ քանի որ, Լույսի Զինվորի պայքարը արդար պայքար է, և Տերը արդար է ու արդարություն է սիրում (Սաղմոս 10:8), ուստի կփրկի վշտացած ժողովրդին, իսկ ամբարտավանների աչքերը կխոնարհեցնի (Բ Թագավորություններ 22:28): Քրիստոսի Զինվորի պայքարը արդարության հաղթանակի, Մայր Հայրենիքի պաշտպանության և Աստծո փառքի համար է:
Այս օրհասական պահին անդադար հրետակոծությունների ժամանակ չեն լռում մեր եկեղեցու զանգերը, անդադար աղոթքները զորությունների Տիրոջը, Պատարագներն ու ժամերգությունները:
Անշուք, անզարդ, հաճախ մամռապատ քարերի տակ հանգչում են Լույսի Զինվորների աճյունները: Այս քարերից անմահության հոտ է բուրում: Յուրաքանչյուր անբիծ հոգի և անկեղծ սիրտ լսում է այն լեզուն, որ քարերն են ասում. «Մահ իմացեալ՝ անմահութիւն է»:
Գայանե Սուգիկյան