Հիսուս գիտեր ամեն ինչ

Հիսուս գիտեր ամեն ինչ  | Hisus Giter Amen Inch

  «Եվ երբ Հիսուս զատկի տոնին Երուսաղեմում էր գտնվում, շատեր հավատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր: Բայց Հիսուս անձամբ վստահություն չուներ նրանց նկատմամբ, որովհետև Ինքն ամենքին ճանաչում էր և կարիք չկար, որ որևէ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ Ինքն արդեն գիտեր, թե ինչ կար մարդու հոգու մեջ» (Հովհ.2.23-25):

Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Աստծո Որդին է և Աստված է: Այդ պատճառով շատերի խոսքերին Նա չէր վստահում, որովհետև Ինքն էր սրտեր քննողը, որովհետև Նրա աչքը ամենատես աչք է, մարդկանց սրտի ամենախոր անկյունները քննող, և մարդկանց միտքը, սիրտն ու հոգին, կյանքն ու ճանապարհները, կենցաղը ճանաչողն է մեր Տեր Աստված՝ Հիսուս Քրիստոսը: Եվ շատերը, ինչպես փարիսեցիները, օրենսգետներն ու դպիրները, կեղծավորաբար էին մոտենում Տիրոջը: Բայց Քրիստոս գիտեր նրանց խորհուրդները մինչև նրանց մոտենալը, մինչև նրանց խորհելն անգամ գիտեր, թե ինչ նենգությամբ ու խորամանկությամբ պետք է մոտենան իրեն, և արժանի պատասխան էր տալիս նրանց: Ինչպես փարիսեցիները ժամանակին մտածում էին, որ իրենց չար խորհուրդներն ու մտածումները պետք է գաղտնի մնան Տիրոջից, այնպես էլ մենք, երբեմն մեր սրտում խորհում ենք չար բաներ`նախանձ, բարկություն, քինախնդրություն, ցանկասիրություն: Եվ մեզ թվում է, թե մեր մարմինը պատնեշ է, մարդիկ չպետք է տեսնեն մեր խորհուրդները: Եվ եթե հանկարծակի նույն պահին ինչ որ մենք խորհում ենք, մտածում մեր սրտի մեջ, ցանկանում ու աճեցնում, հայտնի դառնա ներկա գտնվող մարդկանց, ապա մենք խիստ պետք է ամաչենք: Բայց մոռանում ենք, որ եթե մարդիկ չեն տեսնում, ապա Աստված է տեսնում, սուրբ հրեշտակն է հետևում մեր սրտի խորհուրդներին: Եվ հատկապես եկեղեցու մեջ է Աստծո աչքը ավելի զորավոր և ականջն ավելի լսող: Եվ Աստված ուշի-ուշով հետևում է մեզ, թե մենք ինչ խորհուրդներ ունեցանք, ինչ խոսքեր խոսեցինք և ինչ գործեր կատարեցինք: Եվ Աստծո աչքին որևէ գաղտնի բան չի մնում, այլ քննում է ամեն ինչ, և մենք միշտ պետք է մտածենք բարին, միշտ խորհենք բարին, զգանք և ապրենք մեր սրտով բարի զգացումներ, մեր լեզվով բարի խոսքեր պետք է խոսենք, և մեր գործերը պետք է Աստծո սուրբ պատվիրանների վկայությամբ իրականանան: Քանզի մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մեկ ուրիշ տեղ Ավետարանում ասում է. «Ով չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան» (Հովհ.3.20), որովհետև լույսը հայտնում է ամեն ինչ, որովհետև լույսով ամեն ինչ տեսանելի է, իսկ խավարի մեջ ոչ մի բան տեսանելի չէ: Այդպես էլ ամեն չարագործ մեղքերը գործում է խավարի մեջ, և բոլոր մեծամեծ մեղքերը խավարի մեջ են գործվում՝ գողություն, շնություն, հարբեցողություն, սպանություն: Եվ մենք մտածում ենք, թե խավարը պետք է ծածկի մեր մեղքերը, և դրանք հայտնի չպետք է դառնան: Այո, միգուցե այս աշխարհում հայտնի չդառնան: Բայց հանդերձյալ դատաստանի, ահեղ և սոսկալի դատաստանի ժամանակ դրանք հայտնի կդառնան: Եվ մենք այլևս չենք կարող արդարանալ  Աստծո առջև, եթե հետ չկանգնենք մեր չարիքներից, եթե չզղջանք դրանք, չհրաժարվենք իսպառ և դառնանք նոր մարդ:  Եթե զղջանք, ապաշխարենք, խոստովանենք, ապա կմաքրվեն, կսրբվեն այստեղ, ահեղ դատաստանի ժամանակ հայտնի չեն դառնա: Իսկ եթե այդպես չանենք, ապա ահեղ դատաստանի, Աստծո և հրեշտակների, սուրբերի, բոլոր արդարների առջև հայտնի կդառնան: Եվ այն ժամանակ մենք մեծ ամոթով ու ափսոսանքով կզղջանք, բայց ուշ կլինի այդ զղջումը, որովհետև ուշացած է: Եվ զղջումը մեզ չի արդարացնելու, չի փրկելու, այլ դատապարտվելու ենք հավիտենական տանջանքների, դժոխք ենք իջնելու: Բայց արդարները այսպես չեն: Արդարները ամեն կերպ փորձում են, որպեսզի իրենց խորհուրդները մաքուր լինեն, հասկանում են, որ չար խորհուրդները նախ Աստծուն անհաճելի են, որովհետև Աստված է այստեղ ներկա, և չար խորհուրդները պղծում են ոչ միայն մեր սիրտը, մեր հոգին, այլ նաև օդն են պղծում, շրջապատն են պղծում, և այդպիսի պղծություն Աստված չի ստեղծել, Աստված չի ուզում, որպեսզի մենք անմաքուր լինենք: Արդարներն ուզում են, որ իրենց սրտերը մաքուր լինեն ամեն տեսակի չար խորհուրդներից, արտասուքով են սրբում սիրտը: Ինչպես ձեռքերը տաք ջրով են սրբվում ու մաքրվում, այնպես էլ սիրտն է ջերմ արտասուքներով մաքրվում: Հառաչում են, ներողություն խնդրում Քրիստոսից, փնտրում են ամենուրեք սրտի սրբություն, որովհետև Տերն ասում է. «Երանի նրանց, որ  սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պետք է տեսնեն» (Մատթ. 5.8): Եվ փորձում են իրենց բոլոր գործերը Աստծո պատվիրանների համաձայն կատարել, որովհետև մեր Տերն ասում է. «Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստուծով կատարվեցին» (Հովհ. 3.21): Այսպիսին են արդարները և հակառակն են մեղավորները: Եվ անզեղջ մեղավորը երբեք չի զղջում, չի ափսոսում, որովհետև շատ մեծ կապվածություն ունի մեղքերին: Խորն են մեղքի արմատները, չար սովորությունները  մեղավոր մարդու սրտում: Նա այլևս երբեք չի կարող դարձի գալ, զղջալ, որովհետև շատ է սիրում մեղքը, որովհետև մեղքը նրա կյանքում երկարաժամկետ է եղել, ամբողջ կյանքում սիրել ու փափագել է մեղքը: Եվ այնքան խորն արմատներ են       գցել նրա սրտում, որ նա արդեն վախենում էլ է հետ նայել, չի պատկերացնում, որ հնարավոր է այդ մեղքերից դուրս գալ: Բայց Աստված ողորմած է և չի կամենում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից : Եվ եթե ամենածանր մեղավորը, ամենասոսկալի հանցագործը ետ դառնա ու զղջա իր մեղքերի համար անգամ իր մահվան մահճում, արտասուք հոսեցնի և Տիրոջը դիմի, ապա Աստված արդարացնելու է մեղավորին: Ինչպես մեր սուրբ վարդապետ Գրիգոր Նարեկացին է ասում. «Ամբողջ մարդկության մեղքը եթե վերցնենք, ապա նմանվում է մի փխրուն հողի, որ պետք է հալվի և վերանա աստվածային անսահման օվկիանոս ողորմության մեջ»: Աստված անսահման սիրով է սիրում մեզ և չի փափագում, որ Իր զավակներից մեկը կորստյան մատնվի, ուզում է, որ բոլորը փրկվեն: Աստված չէ, որ Իր երեսը թեքում է մեզնից, մենք ենք, որ հետ ենք կանգնում Տիրոջից: Եվ այն մեղավորը, որ հետ կանգնեց Աստծո ճանապարհից և թեքեց իր երեսը Տիրոջ ողորմությունից, այլևս ինքն է փակում  իր փրկության դուռը, այլևս ինքն է հետ կանգնում արդարության ճանապարհից և ինքն է հրաժարվում Տիրոջ ողորմությունից: Ինչպես մեղավորներն էին ասում Սուրբ Գրքում, թե չեն ուզում ճանաչել Տիրոջը, չեն ուզում ընդունել Աստծո ողորմությունը, և որ Աստված հեռանա իրենցից, որովհետև խարխափել էին խավարի մեջ, սատանայի ճիրանների ու որոգայթների մեջ, իսկ մենք այսպիսին չլինենք: Մենք զղջանք նույն պահին, երբ մեղքը գործեցինք, խոստովանենք Տիրոջը մեր սրտում՝ ասելով. «Տեր, ողորմիր ինձ, կրկին սխալ գործեցի: Գիտեմ, որ Դու ողորմած ես, գիտեմ, որ Դու գթառատ ես և կարող ես ինձ նորից ոտքի կանգնեցնել, նորից արդարացնել, նորից սրբել ու մաքրել»: Եվ Աստված ամեն մեղք ու հանցանք, որ զղջում ենք ու ապաշխարում, սիրով ներելու է, սիրով մեզ ընդունելու է իբրև որդի և Երկնքի Արքայության հավիտենական ուրախություններին և երանություններին է արժանացնելու: Ամեն:

 

Տեր Միքայել վարդապետ Գևորգյան 

16.01.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․