Հիվանդություններն օգնում են մարդկանց

- Հա՛յր, ի՞նչ է նշանակում «քեզ բարի դրախտ» արտահայտությունը:

- Քեզ բարի ճանապարհ դեպի դրախտ:

- Իսկ միգուցե՞ այդ արտահայտությունը նշանակում է. «Մաղթում եմ, որպեսզի բարի դրախտում հայտնվես»:

- Դու երբևէ լսե՞լ ես, որ ինչ-որ մեկը ոչ բարի դրախտի մասին խոսի: Սակայն ինչ էլ որ պատահի, քաղցր դրախտ հասնելու համար մարդ այս կյանքում պետք է շատ դառնություն ճաշակի: Այսպես նա իր անցած փորձությունների «ելքի թույլտվությունը» կունենա ձեռքին: Իսկ ի՜նչ է կատարվում հիվանդանոցներում: Ինչպիսի՜ ողբերգություններ: Ինչպիսի՜ ցավեր ունեն մարդիկ: Որքա՜ն դժբախտ մայրեր կան, որ վիրահատության գնալիս իրենց երեխաների մասին են մտածում և մտահոգվում են իրենց ընտանիքների համար: Քանի՜-քանի՜ հայրեր քաղցկեղով հիվանդ են, գնում են ճառագայթման և որքա՜ն են տանջվում: Այդ մարդիկ ի վիճակի չեն աշխատելու, բայց պետք է ապրուստի համար վճարեն, չէ՞ որ այդքան ծախսեր ունեն: Նույնիսկ առողջ մարդիկ չեն կարողանում հաղթահարել այդ դժվարությունները, էլ ի՜նչ ասես նրանց մասին, ովքեր հիվանդ են և միևնույն ժամանակ ուժասպառ են լինում, աշխատում են, որպեսզի գոնե ինչ-որ կերպ իրենց ընտանեկան ծախսերը հոգան: Մարդկային վիշտը սարսափելի ճնշում է ինձ: Ինչե՜ր եմ լսում ամեն օր: Անվերջ տառապանք, դժվարություններ… Ողջ օրը բերանս լի է մարդկային ցավի դառնությամբ, իսկ երեկոյան սոված պառկում եմ գոնե մի քիչ հանգստանալու: Մեծ ֆիզիկական հոգնածություն եմ զգում, բայց միևնույն ժամանակ և ներքին հանգստություն եմ ստանում:

- Հա՛յր, հիվանդությունը մի՞շտ է մարդուն օգուտ բերում:

- Այո՛, այն միշտ մեծ օգուտ է բերում: Հիվանդություններն օգնում են առաքինություններից զուրկ մարդկանց շարժել Աստծու ողորմածությունը: Առողջությունը մեծ բան է, բայց այն բարիքը, որ հիվանդությունն է բերում մարդուն՝ առաղջությունը տալ չի կարող: Հիվանդությունը մարդուն հոգևոր բարիք է բերում: Հիվանդությունը շատ մեծ լավություն է: Այն մարդուն մաքրում է մեղքից, իսկ երբեմն «երաշխավորում է» [երկնային] վարձքը: Մարդու հոգին ոսկու պես է, իսկ հիվանդությունը՝ կրակի, որ մաքրում է այդ ոսկին: Տե՛ս, Քրիստոս էլ Պողոս առաքյալին ասաց. «Իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» (Բ Կորնթ. 12:9): Որքան շատ է մարդը տառապում հիվանդությունից, այնքան ավելի մաքուր ու սրբագործված է դառնում, միայն թե համբերի ու հիվանդությունն ուրախությամբ ընդունի:

Միակ բանը, որ անհրաժեշտ է որոշ հիվանդությունների դեպքում, մի փոքր համբերությունն է: Աստված հիվանդությունը թույլ է տալիս, որպեսզի մարդ մի փոքր վարձքի արժանանա և այդ հիվանդության միջոցով Աստված մաքրում է մարդուն իր թերություններից: Չէ՞ որ ֆիզիկական հիվանդությունը նպաստում է հոգևոր հիվանդության ապաքինմանը: Մարմնի հիվանդությունը մարդուն խոնարհություն է բերում և այդ կերպ չեզոքացնում է նրա հոգևոր հիվանդությունը: Աստված ամեն ինչ հօգուտ մարդու բարօրության է անում: Այն ամենն, ինչ Աստծու թողտվությամբ է լինում, մեզ մեծ հոգևոր օգուտ է բերում: Նա գիտի, թե մեզանից յուրաքանչյուրին ինչ է անհրաժեշտ և դրան համապատասխան հիվանդություն է տալիս, կամ, որպեսզի վարձք ստանանք դրա դիմաց, կամ, որպեսզի ինչ-որ մեղք քավենք:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

20.07.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․