22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հուլիսի 7-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ՄԻԱՎ-ով ապրող երևանաբնակ և Երևանի մերձակա շրջաններում բնակվող առավել կարիքավոր ընտանիքների թվով տասնհինգ երեխաներ (9-12 տ.) ուրախ և խաղերով հագեցած օր ունեցան Աղվերանի գեղատեսիլ բնության գրկում: Ուրախ և անմոռանալի օրը երեխաներին նվիրել էին Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը՝ «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
«Ընտրվեցին առավել կարիքավոր ընտանիքների երեխաներ, որպեսզի նրանք էլ հնարավորություն ունենան քաղաքից դուրս հանգստանալու: Կջանանք երեխաների օրը դարձնել հետաքրքիր և անմոռանալի, իսկ օրվա վերջում նրանց համար ունենք անակնկալներ՝ խրախուսիչ նվերներ, որ պատրաստել է նրանց համար ՀԿԽ-ն»,- ասաց կամավոր Հերմինե Կաֆյանը:
ԵԿԽ-ի կամավորների ջանքերը զուր չանցան. ողջ օրվա ընթացքում երեխաները բարձր տրամադրությամբ կամավորների հետ միասին մասնակցում էին նրանց կողմից կազմակերպած խաղերին: Սպորտային խաղերին հաջորդում էին զարգացնող խաղերը, այնպես որ երեխաները չէին հասցնում ձանձրանալ: Երեխաները խաղերը դադարեցրին միայն այն ժամանակ, երբ պետք է ճաշեին: Այն որ երեխաները Աղվերանի գեղատեսիլ բնության գրկում անմոռանալի օր ունեցան, վկայում էին նրանց գոհունակ ժպիտները: Օրվա վերջում երեխաների բարձր տրամադրությունն ամբողջացրեց այն հաճելի անակնկալը՝ խրախուսիչ նվերները, որ ԵԿԽ-ի կամավորները փոխանցեցին նրանց:
Կարինե Սուգիկյան