Մի մարդ իր երեք որդիներին թողեց քաղաքում և գնաց վանք: Երբ այնտեղ մնաց երեք տարի, խորհուրդներն սկսեցին նեղել նրան և տրտմեցնել իր որդիների համար: Երբ վանահայրը տեսավ նրան այդպես տխուր, չիմանալով տրտմության պատճառը` հարցրեց նրան և ասաց. «Ինչո՞ւ ես տխուր»: Այնժամ պատմեց նրան եղբայրը և ասաց. «Երեք որդիներս քաղաքում են, և ուզում եմ նրանց էլ բերել այստեղ»: Եվ հրամայեց հայրը գնալ և նրանց բերել վանք: Եվ երբ նա գնաց քաղաք, երկու որդուն վախճանված գտավ: Մի տղային և իր ունեցվածքի մի մասը վերցնելով՝ եկավ վանք և հոր հրահանգով տղային տեղավորեց վանքի հացատանը` աշխատելու այնտեղ: Իսկ երբ վանահայրը եկավ հացատուն և տեսավ տղային, համբուրեց նրան և նրա հորն ասաց. «Դու սաստիկ սիրո՞ւմ ես սրան»: Իսկ նա պատասխանեց. «Այո՛, հա՛յր, սիրում եմ»: Հայրն ասաց. «Գիտեմ, որ սիրում ես, սակայն վերցրո՛ւ սրան և գցի՛ր վառվող փուռը»: Ո՜վ ողորմած Քրիստոս, քանզի հնազանդվելով սուրբ հոր հրահանգին՝ այն տղայի երանելի հայրը, նույն պահին վերցնելով տղային, գցեց այն բորբոքված կրակի մեջ, և մեծ հրաշք եղավ: Ինչպես երեք երիտասարդների հնոցը (Դան. Գ 19-50), այստեղ ևս նույնը եղավ, քանզի փռի բոցը ցողի վերածվեց և չայրեց տղային, և նրա գլխի մեկ մազն իսկ չվնասվեց: Սա եղավ իբրև Աբելի և նախահայր Աբրահամի պատարագը, որոնք, ինչպես և այս երիտասարդը, ողջությամբ պահպանվեցին Քրիստոս Աստծո շնորհով: Եվ ովքեր լսում էին, գոհանում էին Աստծուց, քանզի հանելով տղային փռից` կարմրադեմ գեղեցկությամբ և քրտինքների մեջ, տվեցին հորը, և վանահայրն ասաց. «Այսպես սքանչելի է հնազանդության պտուղը»: Եվ հիացած փառք էին տալիս Աստծուն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016