25 Նոյեմբեր, Բշ
Հոբի իմաստուն խոսքերից է ողջախոհության հորդորող հետևյալ միտքը. «Ուխտ եդի աչաց իմոց ոչ հայիլ ի կոյս - Դաշինք կնքեցի աչքերիս հետ` չնայելու ոչ մի կույսի»,- ասում է Հոբը (Հոբ 31.1): Հոբի այս խոսքերը հիշեցնում են Քրիստոսի խոսքերը. «Ամեն մարդ որ կնոջը նայում է նրան ցանկանալու համար, արդեն իսկ շնացավ նրա հետ իր սրտում» (Մատթ. 5.28): Հոբի նույն խրատը կրկնում է նաև Սիրաք իմաստունը. «Երկար մի՛ նայիր կույսին, որպեսզի չգայթակղվես նրա հմայքով» (9.5): Այս խրատներում նայելու արգելքը վերաբերում է հատկապես հոգևոր իմաստով մեղսալից կերպով ներքին աչքերով նայելուն և ուսուցանում, որ մարդն իր բարի կամքով պետք է հսկի իր բանականության ու մտքերի վրա, որպեսզի հաճելիին հաճախ անգամ պատահականորեն նայելով` չընկնի հաճոյական մտավոր մեղքերի մեջ, որն էլ բերում է գործնական մեղքի: Բայց այստեղ հարց է առաջանում. «Ուրեմն, գուցե ճի՞շտ են վարվում մահմեդական ազգերը, որ արգելում են կանանց ազատ կերպով երևալ հասարակության մեջ և թույլատրում են դրսում մարդկանց մեջ լինել միայն ծածկող զգեստներով, որով և վերանում է կնոջը մեղսալի ցանկությամբ նայելու վտանգը»: Բայց եթե քաղցից տառապող մեկին նստեցնենք փակ սենյակի դռան առջև և ասենք, որ ներսում զանազան համեղ ուտելիքներ կան, ապա նրա մտքերը պիտի պտտվեն միայն ներսի, իրեն ցանկալի իրողությունների շուրջ: Սակայն եթե մարդը հավատարիմ է Աստծուն, գիտի իշխել իր մտքերին ու ցանկություններին, նա անգամ մարմնական նեղությունն անտեսելով` հեռու կվանի արգելքը բացելու և այն կողմ անցնելու ամեն միտք, եթե դա հակառակ է սիրելի Աստծո կամքին, որովհետև ինչպես Պողոս առաքյալն է ասում․ «Ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգները, թե՞ սուրը» (Հռ. 8.35):
Մարդ չի կարող զերծ լինել մեղքից: Եթե իրեն հեռու է պահում գործով մեղանչելուց, հաճախ մեղք է գործում խոսքով, եթե սրանից էլ զգուշանում է, ապա մեղք է գործում մտքով, ինչպես Սիրաք իմաստունն է ասում. «Ո՞վ է, որ մեղք չի գործում մտքով կամ լեզվով» (19.17): Բայց եթե անգամ մարդն իր սրբությամբ սրանցից էլ հեռու է, ապա զերծ չի սկզբնական` ադամական մեղքից, ինչպես Հոբը: Դրա համար Քրիստոս մեզ պատվիրեց Տերունական աղոթքում ասել` թող մեզ զպարտիս մեր, որպեսզի հիշենք, որ մենք էլ մեղավոր ենք, ուրիշների համեմատ մեզ անմեղ և սուրբ չկարծենք, ինչպես փարիսեցին (Ղուկ. 18.11-12), և նրա նման չդատապարտվենք:
«Մահը մարդու համար հանգիստ է»,- ասում է Հոբը (3.22): Ոմանք Աստվածաշնչից նման նախադասություններ հանելով` տեսություններ են հորինում և մոլորեցնելով ուսուցանում, որ մարդու հոգին անմահ չէ, և մարդը մեռնելով ոչնչանում է, բայց Աստված հետո կարող է վերաստեղծել նրան: Բայց մենք միշտ ասում ենք, որ Աստվածաշնչի խոսքերը պետք է դիտարկենք ամբողջականության մեջ և ոչ թե դրանցից մի քանիսի վրա տեսություններ սարքենք, որոնց ենթակայության տակ էլ հետո դրվում է Աստվածաշունչն ինքը: Պետք է իմանալ, որ Հոբի` «մահը մարդու համար հանգիստ է» խոսքերի կողքին կան նաև Սողոմոն իմաստունի խոսքերը. «Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց» (Իմաստութ. 3.1): Խաչի վրա Քրիստոս յոթ խոսք ասաց, որոնցից վերջինն էր. «Հա՛յր, Քո ձեռքն եմ ավանդում Իմ հոգին» (Ղուկ. 23.46): Սրանով Տերը մեզ ուսուցանեց այնպես ապրել, որ կյանքի վերջում հոգին ավանդեք Աստծո ձեռքը և ոչ թե չարի տվայտանքներին` արժանանալու Երկնքի Արքայության հավիտենական երջանկությանն ու երանությանը:
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից