Հոգեգալուստ

Հոգեգալուստ | Hogegalust

«Սո՛ւրբ Հոգի, Քեզ Աստված ենք խոստովանում և երկրպագում, որ արարածների կենդանության պատճառ ես և աշխարհի խաղաղարար, որ աշակերտների տգիտությունը լցրիր մեծ գիտությամբ և անճառելի կերպով հրեղեն լեզուների բաժանվելով՝ երևացիր նրանց, աղաչում ենք, պահի՛ր և պահպանի՛ր մեզ»:

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր՝ Սուրբ Հարությունից հիսուն օր հետո, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Հոգեգալստյան տոնն է, որով հիշատակում ենք առաքյալների վրա Սուրբ Հոգու հրատեսք էջքը: Այն տերունական տոների լրումն է, քանի որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, Իր երկրային առաքելությունը կատարելով, համբարձումից առաջ Իր աշակերտներին պատվիրեց նստել Երուսաղեմում, մինչև երկնքից զորություն ստանալը: «Լավ է ձեզ համար, որ Ես գնամ, որովհետև եթե Ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա, իսկ եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. 16:5-7): «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4): Սուրբ Հոգու էջքով ամբողջանում է Սուրբ Երրորդության մեր դավանությունն ու խոստովանությունը: Քրիստոս ճանաչեցրեց մեզ Հորը և Սուրբ Հոգուն: Չնայած որ Քրիստոս աշակերտներին իշխանություն էր տվել հիվանդներին բուժելու և դևեր հանելու, սակայն, առանց Սուրբ Հոգու ընդունելության, նրանք տակավին անկատար էին: Արդեն իսկ նախապես Քրիստոս նրանց պատրաստել էր՝ Սուրբ Հոգու մասին խոսելով. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել: Երբ որ գա Նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ» (Հովհ. 16:12-13): Վերնատանը առաքյալներն ընդունեցին Սուրբ Հոգին՝ իբրև հրե լեզու: «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները. և Ես պիտի աղաչեմ Հորը, և Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի Ճշմարտության Հոգին» (Հովհ. 14:15-17): «Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26): Սուրբ Հոգով են զորանում բոլոր բանական արարածները՝ հրեշտակներն ու մարդիկ: Նա է սուրբ մկրտության ժամանակ վերստին հոգևոր ծնունդ տալիս մեզ: Նա է, որ անուս հովիվներին մարգարեներ դարձրեց, իսկ ձկնորսներին էլ՝ տիեզերքի անվեհեր քարոզիչներ: Պողոս առաքյալն ասում է. «Նրանք, որ առաջնորդվում են Աստծու Հոգով, նրանք են Աստծու որդիներ, քանի որ չստացաք ծառայության հոգին վերստին երկյուղի մեջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրության հոգին, որով աղաղակում ենք Աբբա Հայր» (Հռոմ. 8:14-15): Սուրբ Հոգին Իր ներկայությամբ մեր հոգիներում փառաբանություն է ծնում առ Աստված: Ինչպես Սուրբ Աստվածամոր և Եղիսաբեթի պարագայում ենք ականատեսը լինում այդ աննկարագրելի բերկրանքին. «Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով և բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը» (Ղուկաս 1:41-42): Նույն պահին էլ Աստվածամայրն է օրհներգում Աստծուն. «Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով» (Ղուկաս 1:46-47): Սուրբ Հոգին ոչ միայն մեզ որդեգիր է դարձնում Աստծուն, մեզ միավորում Աստծո հետ, գոհաբանության ոգի տալիս, այլև առաքինության շնորհներ է պարգևում: Կորնթացիներին ուղղված նամակում Սուրբ Պողոս առաքյալը գրում է. «Յուրաքանչյուրին տրված է Հոգու հայտնություն՝ յուրաքանչյուրի օգուտի համար: Մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք, մյուսին՝ գիտության խոսք՝ նույն Հոգուց, մյուսին՝ հավատ՝ նույն Հոգով, մյուսին՝ բժշկումների շնորհ՝ նույն Հոգով, մյուսին՝ զորավոր գործերի կարողություններ, մյուսին՝ մարգարեություն, մյուսին՝ հոգիները զանազանելու շնորհ, մյուսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհ, մյուսին՝ լեզուների թարգմանության շնորհ: Բայց այս ամենը միևնույն Հոգին է առաջացնում և բաժանում յուրաքանչյուրին, ինչպես որ կամենում է» (Կորնթ. 12:7-11): Մենք բոլորս այս կյանքում անելիք ունենք, մենք բոլորս առաքելություն ունենք, մենք զարդարված ենք Սուրբ Հոգու զանազանակերպ շնորհներով, մենք հարստացել ենք ֆիզիկական, նյութական և հոգևոր կարողություններով, որոնք կոչված ենք կիսելու մեր եղբայրների ու քույրերի հետ, բաժին հանելու կարիքավորներին ու հիվանդներին, ընտանիքի անդամներին ու ընկերներին, ծանոթներին ու անծանոթներին: Քրիստոսի աշակերտները Սուրբ Հոգով դարձան քարոզիչ առաքյալներ՝ միաժամանակ հոգևոր և ֆիզիկական առողջություն պարգևելով բյուր-բյուրավոր մարդկանց: Այդպես նրանք լույս և ճրագ դարձան անհավատների համար: Մենք ևս պարտավոր ենք Սուրբ Հոգուց ստացած մեր շնորհներն ու տաղանդները բաժանել ու կիսել մարդկանց հետ, որպեսզի գործով քարոզիչներ դառնանք, որպեսզի կարողանանք առավելանալ մեր ստացած շնորհների մեջ, տալ՝ երկնքում վերագտնելու համար, որ «փայլի մեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն մեր բարի գործերն ու փառավորեն մեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:15-16): Սուրբ Հոգու հայտնությունը մարդկանց մի նոր դարաշրջան է սկզբնավորում մարդկային մտքի պատմության մեջ: Հիշենք բաբելոնյան աշտարակաշինությունը, երբ մարդկությունը հպարտությունից դրդված ձգտեց հասնել երկինք ու Աստծուն, սակայն հետ մղվեց՝ միմյանց լեզուները չհասկանալու պատճառով: Սակայն ժամանակների լրումը եղավ, և Տեր Աստված առաքեց Իր Միածին Որդուն: Աստծո Որդին խոնարհվեց մարդկանց բարձրացման համար: Հիսուս Քրիստոս ուղենշեց մեզ համար մի այլ ճանապարհ դեպի Աստված բարձրանալու, այն է՝ սիրո ճանապարհը: Այնուհետև Քրիստոս ուղարկեց Մխիթարիչին, Որը, լեզուների շնորհներ պարգևելով, միավորեց ազգերին աստվածային սիրով: Եկեք այսօր աղոթենք Սուրբ Հոգուն՝ զորավիգ և աջակից լինելու մեր ապաշխարող ընթացքին, որպեսզի ներվեն մեր մեղքերը, և մենք հագնենք Նրա զրահը՝ պաշտպանվելու չարի հարձակումներից, մաքրելու մեզ մեր մեղսավոր էությունից, լցնելու մեր հոգին և պերճանալու մեր առաքինությունների մեջ. Քո խաղաղությամբ, Սուրբ Հոգի, Ճշմարիտ Աստված, որ մտքից ու խորհուրդներից ավելի վեր է, մխիթարի՛ր քո ծառաներին՝ ընդունելով մեր աղաչանքները: Հեռացրո՛ւ մեզանից մեր հանցանքների ցասման պատուհասը Քո բարերարությամբ: Ների՛ր և լսի՛ր մեզ, քավի՛ր և թո՛ղ մեզ մեր մեղքերը: Արժանացրո՛ւ գոհությամբ փառավորել Քեզ Հոր և Միածին Որդու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

15.05.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․