13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,
Մեծ ոգևորությամբ և առ Տեր երախտագիտությամբ շնորհավորում եմ ամենքիս այսօրվա շնորհառատ տոնի՝ Հոգեգալուստի կապակցությամբ:
Սուրբ Հոգու էջքը կամ գալուստը նախասահմանված էր Սուրբ Երրորդության կողմից, և հզորագույն այս իրադարձությամբ նոր էջ բացվեց մարդկության պատմության մատյանում, որ պիտի շարունակվի գրվել մինչև Տիրոջ Երկրորդ գալուստը: Սուրբ Հոգու գալստյամբ օծվեցին և հաստատվեցին Քրիստոսի եկեղեցու հիմքերը և Սուրբ Հոգու շնորհներով իմաստացած ու զորացած առաքյալները Տիրոջ Ավետարանի լույսը սփռեցին ողջ աշխարհում: Նրա շնորհիվ է, որ Եկեղեցին, թևակոխելով դարեր ու քաղաքակրթություններ, անցնելով ավերածությունների, անաստվածության ժամանակաշրջանների ու աստվածմարտության միջով, այսօր էլ վեհորեն կանգուն է աշխարհի բոլոր հողմերի դեմ՝ ի փառս Տեր Հիսուս Քրիստոսի և ի փրկություն Նրա հավատարիմ հետևորդների:
Սիրելի՛ հավատացյալներ, տոնի հետ անմիջական առնչություն ունեցող օրվա ընթերցվածքը, որ ընտրված է Հովհաննու ավետարանից, մեզ տանում է երուսաղեմյան Վերնատուն՝ հոգևորապես ներկա գտնվելու Վերջին ընթրիքի տեսարանին, որի ընթացքում Տեր Հիսուս Քրիստոս վերջին կարևոր բացահայտումներն արեց սիրելի առաքյալների համար և վերջին խրատները տվեց Իր չարչարանքներից ու խաչելությունից առաջ: «Այս բաները ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ: Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ»:- ասաց Քրիստոս և շարունակեց,- «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք» (Հովհ. 14:25-27): Եվ ես այսօր ուզում եմ կանգ առնել այս վերջին տողերի վրա, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, և ձեզ հետ միասին բացահայտել, թե այդ ի՞նչ խաղաղություն է թողել մեզ Փրկիչը և ինչպես է այն առնչվում Հոգեգալուստին:
Պատերազմական գոտում ապրող կամ երբևէ պատերազմի սարսափի միջով անցած մարդիկ հրաշալի գիտեն խաղաղության գինը: Խաղաղության մասին երգեր են հյուսվել բոլոր ժամանակներում, գրվել են փիլիսոփայական տրակտատներ: Խաղաղ երկինք ենք մաղթում նորածնի լույս աշխարհ գալուց և մեր զավակներին զինվորական ծառայության ճանապարհելիս: Հայկական օջախում անհնար է պատկերացնել ուրախության որևէ սեղան, որի ընթացքում խաղաղության համար բաժակ չբարձրացվի: «Խաղաղությունն այնքան բարերար է, որ բառն ինքը շոյում է լսողությունը»,- ասել է հռոմեացի փիլիսոփա Ցիցերոնը: Իսկ հայերենի բացատրական բառարանում խաղաղությունը բացատրվում է որպես աղմուկի բացակայություն, լռություն, խռովության՝ հուզմունքի բացակայություն, կռվի, վեճերի ու պատերազմի բացակայություն: Եվ, ի վերջո, այն որակվում է որպես հոգու անդորրություն և հանգստություն:
Եվ Քրիստոսի խաղաղությունը, սիրելի՛ հավատացյալներ, հենց հոգու անդորրությունն է, որ «նման չէ աշխարհի տվածին»: Հենց ա՛յս խաղաղությունն է Սուրբ Պատարագի ողջ ընթացքում ձեզ պարբերաբար մաղթում պատարագիչ քահանան և դուք էլ նույնը նրա հոգուն եք մաղթում ի պատասխան: Հենց ա՛յս խաղաղության ձգտումն է մենակյացին ստիպում հրաժարվել աշխարհի ուրախություններից ու վայելքներից և հեռանալ՝ ճգնելու լեռներում ու անապատներում: Այս խաղաղությունը շատ-շատերն են փնտրում, սակայն ապարդյուն, քանի որ փնտրում են աշխարհում՝ դիմելով կեղծ ուսմունքների, կեղծ վարդապետների, հոգեմետ դեղորայքի և այլնի օգնությանը:
Նույն Հովհաննու Ավետարանի քսաներորդ գլխում, երբ կարդում ենք աշակերտներին արդեն հարուցյալ Քրիստոսի հայտնվելու դրվագը, տեսնում ենք, որ Տերը ողջունում է նրանց «Խաղաղությո՜ւն ձեզ» ասելով և հետո կրկնելով Իր ողջույնը և նրանց վրա փչելով, հավելում. «Առե՛ք Սուրբ Հոգին» (19-22): Իսկ արդեն գաղատացիներին ուղղված նամակում Պողոս առաքյալը հստակեցնում է, որ Սուրբ Հոգու պտուղներից մեկն է խաղաղությունը (Գաղ. 5:22):
Հոգու այս երանելի վիճակը հիրավի երկնային գանձ է, սիրելինե՛ր, և Աստծու օրհնություն: Սա Տիրոջ թողած կարևորագույն և անգին պարգևներից մեկն է, որ ուղղակիորեն սնվում է Երկնավոր աղբյուրից: Եվ միայն Քրիստոսի պարգևած խաղաղությունն է, որ հաստատուն է, ճշմարիտ, լիարժեք ու անխաթար: Այս իրական խաղաղության պարգևած երանությունն է, որ զգացածին մոռացնել է տալիս նախկինում ունեցած կեղծ ապրումների ժամանակավոր ուրախությունը և մղում՝ տքնաջան աշխատանքի ու հոգևոր պայքարի:
Մարդը կորցրեց իր խաղաղությունը, երբ պատվիրանազանցության պատճառով թշնամացավ Արարչին: Ըմբոստությունից ու մեղքից ծնունդ առավ մի հսկայական անջրպետ, որը զրկեց մարդուն այն խաղաղությունից, որ մարդ-Աստված անմիջական կապի արդյունքն էր: Խզելով այդ կապը՝ մարդը զրկեց իրեն այն բոլոր բարիքներից, որ միմիայն Կենաց Աղբյուրն է պարգևում: «Եթե դու հետևեիր իմ պատվիրաններին, ապա քո խաղաղությունը գետի նման կլիներ»,- ասում է Տերը Եսայու մարգարեության մեջ (48:18): Եվ իրապես, մարդ արարածը միայն Աստծու մեջ կարող է գտնել ճշմարիտ երջանկություն ու խաղաղություն, քանի որ այդպես է արարված: Մեր էությունն է այդպիսին, սիրելի՛ հավատացյալներ. միայն Տիրոջ մեջ է իրապես խաղաղվում մարդու հոգին, միայն Նրանով է մխիթարվում և Նրա մեջ գտնում կյանքի իմաստը: Իսկ մեղանչելով և չապաշխարելով՝ մենք համառորեն ընդդիմանում ենք Աստծու սուրբ կամքին, մեղքերի դեմ պայքարելու փոխարեն Տիրոջ պատվիրանների դեմ ենք պայքարում, Քրիստոսին մեր կյանքի իմաստն ու գլխավոր նպատակը դարձնելու փոխարեն անմտորեն ընտրում ենք մեղքի ուղին և հետո զարմանում, թե ինչու խաղաղություն չենք գտնում ընտանիքում, հանգստավայրերում, ընկերների ու հարազատների շրջապատում:
Սուրբ Հովհան Ոսկեբերանը մի հրաշալի արտահայտություն ունի իր խոսքերից մեկի մեջ: Նա ասում է. «Նայի՛ր շուրջդ կամ եկեղեցի՛ մտիր և կտեսնես, որ եկեղեցին մի այնպիսի վայր է, ուր մտնում է գայլը, իսկ դուրս է գալիս գառնուկը»: Եվ իսկապես, սիրելի՛ հավատացյալներ, եկեղեցին այն վայրն է, ուր մարդը սեր ու մխիթարություն է գտնում և խաղաղվում են նրա հոգում փոթորկվող բոլոր հույզերը: Սուրբ Պատարագին մասնակցությամբ, աղոթական վիճակով ու քաղցրահունչ շարականներն ունկնդրելով վայելում ենք աստվածային երանավետ խաղաղությունը, որ առատապես շնորհում է Սուրբ Հոգին: Իսկ ինչպե՞ս կարող է չխաղաղավել հոգին սիրող Հոր հետ զրույցի ժամանակ: Ինչպե՞ս կարող է Մխիթարիչն առանց սփոփանքի թողնել խոնարհ ու հեզ սիրտը: «Խնդրեցե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցե՛ք, և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեզ համար, որովհետև, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է, և ով որ բախում է, բացվում է նրա առաջ» (Ղուկ.11:9-10): Ուստի կյանքի ամեն պարագայում, գիշեր թե ցերեկ, ուրախության թե տխրության ժամին պահպանեք անգին կապն Արարչի հետ, սիրելի՛ հավատավոր զավակներ: Աղոթեք Աստծուն հայրերի շուրթերով, աղոթեք ձեր սեփական խոսքերով, սաղմոսներ ու շարականներ երգելով աղոթեք: Մտքում մշտապես ունեցեք Տիրոջ, Սուրբ Աստվածածնի ու սրբերի անաղարտ կերպարները, և դա նույնպես աղոթք կլինի, և կպաշտպանի ձեր սիրտը չարի որոգայթներից ու նետերից: Մի՛ կորցրեք ձեզ ընձեռված անգին հնարավորությունն ու ժամանակը, նախանձախնդի՛ր եղեք հոգևոր կյանքում, և Սուրբ Հոգու պտուղներն իրենց երկար սպասեցնել չեն տա: Եվ հետևելով սրբի հորդորներին. «Հաճախեցե՛ք եկեղեցի, ծունկի եկեք և ձեռքերը պարզած աղոթեցեք: Նաև տանը աղոթեցեք՝ առանձնության մեջ: Սակայն, երբ անհնար է այդպիսի աղոթքը, մի՛ թողեք այն, և ինչպես ասացի, ջերմեռանդ կերպով աղոթեցեք և օգուտ կստանաք: Եթե այսպես տրամադրվեք, թե՛ այս կյանքում խաղաղություն կունենաք, թե՛ Երկնքի արքայությանը կարժանանաք» (Հովհան Ոսկեբերան): Ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան