Հոգետես և սքանչելագործ հայրեր

Ոմն կույս իր կյանքի բոլոր օրերն ապրեց իր մոր մոտ, և նրա վարքն այսպիսին էր. ողջ օրը պահեցողություն էր անում և կտավ գործում: Եվ սա արժանի եղավ ընդունելու Աստծո շնորհները: Նեղոս գետի մոտ երկու գյուղեր կային, և ուզում էին  պատերազմել  միմյանց հետ ջրաբաշխության համար, և շատերն էին մեռնում այս ջրաբաշխության պատճառով: Մի գյուղն ավելի հզոր էր, քան մյուսը, և կամեցան երկու գյուղերը իրար դեմ դուրս գալ` սրանք այս կողմից, նրանք` այն՝ կոտորելու միմյանց: Երանելի կույսին հայտնվեց Աստծո հրեշտակը և ասաց նրան. «Կանչե՛լ տուր երկու գյուղերի ծերերին և  ասա՛  նրանց. «Ելե՛ք  նրանց  դեմ  և  պայքարե՛ք,  որպեսզի  բոլորը չկոտորվեն»: Երբ  լսեցին  այդ  գյուղի  ծերերը,  մեծ  երկյուղով  ահաբեկվեցին,  ընկան  կույսի  ոտքերը,  աղաչեցին  նրան և ասացին. «Մենք չենք համարձակվում նրանց դեմ կանգնել, քանզի գիտենք նրանց կատաղությունը, փրկի՛ր մեզ մահվանից և բարի անուն կունենաս ողջ Եգիպտոսում»: Իսկ սուրբ կույսը չկամեցավ ընդառաջ դուրս գալ նրանց, այլ բարձրացավ իր տան կտուրը, կանգնեց աղոթքի առ Աստված և ասաց. «Տե՛ր ամենակալ, լսի՛ր քո աղախնի ձայնը, թո՛ղ ելնեն իմ աղերսանքները Քո առջև, Քո զորությամբ ե՛տ դարձրու նրանց այնտեղից,  որտեղից  դեռ գալիս են»: Եվ մինչ  սուրբ կույսը աղոթքի էր կանգնած, գյուղից երեք մղոն հեռավորության վրա նրանք կանգ առան, ինչպես որ խնդրեց սուրբ կույսն Աստծուց: Եվ հայտնություն եղավ նրանց և ասվեց. «Կույսի աղոթքները արգելեցին ձեզ»: Եվ հավատացին Աստծուն և եկան ու մկրտվեցին սուրբ կույսի ձեռքով:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.11.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․