Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Ալեքսանդրիայում գնացինք աբբա Թեոդորի մոտ, որ Փարո­նում էր` սուրբ Սոֆիայի մոտ: Եվ ծերը պատմեց մեզ ու ասաց. «Հրա­ման ստացա մեր սուրբ հայր Թեոդոս Անապատականից՝ մեր Քրիստոս Աստծո սուրբ քաղաքը գնալու, և այնտեղ գտա մի ծերի, որի անունն էր Քրիստափոր, ազգությամբ` հռոմեացի: Ծունր դրի նրա առաջ և ասացի. «Շնո՛րհ արա, հա՛յր, և պատմի՛ր քո երիտասարդության գոր­ծերը»: Եվ մեծ սփոփանք արեց ծերը, պատմեց ինձ և ասաց. «Երբ մեծագույն կրոնական ջերմեռանդության հասա, սահմանված կար­գով ցերեկները փակվում էի, իսկ գիշերները գնում էի սուրբ Թեոդոսի այրը: Այնտեղ էին գալիս և ուրիշ հայրեր և գիշերային աղոթք էին կատարում, և ովքեր գալիս էին այս այրը` հարյուր անգամ ծնրադ­րում էին Աստծուն: Այրն ուներ տասնութ աստիճան, և այնտեղ իջ­նող եղբայրները մնում էին այնքան, մինչև ժամհարի կոչնակը չէր ազդարարում օրհներգության ժամը, ապա գնում էինք հասարակաց վանք: Աղոթքի համար այս այրն իջնելը կատարում էինք մեծ ժուժկա­լությամբ և հոժարակամությամբ: Մի օր զարմանալի տեսիլք երևաց ինձ. իբր թե այրի ողջ հատակին կանթեղներ էին դրված, և նրանցից մի մասը վառվում էր, իսկ մյուսները չէին վառվում: Եվ երկու մարդու տեսա` քղամիդ հագած և գոտևորված, որոնք պատրաստում էին կան­թեղները: Այնժամ նրանց ասացի. «Ինչո՞ւ դրեցիք կանթեղներն այս­տեղ, քանզի այրում տեղ չի լինի նրանց, որոնք գալու են աղոթքի»: Եվ նրանք ասացին. «Այս կանթեղները հայրերինն են»: Ես դարձյալ ասացի. «Ինչո՞ւ ոմանք վառվում են, իսկ ոմանք` ոչ»: Եվ նրանք պա­տասխանեցին. «Եթե կամենան` մնացածներն էլ կվառվեն»: Այնժամ ասացի. «Ի սեր Աստծո, ասացե՛ք, իմ կանթեղը վառվո՞ւմ է, թե՞ ոչ»: Եվ նրանք ասացին. «Աղոթի՛ր, և մենք կվառենք այն»: Ասացի. «Դեռ էլի՞ պետք է աղոթեմ, իսկ մինչև այժմ ի՞նչ էի անում»: Եվ այս խոսքի վրա սթափվեցի և ոչ ոքի չտեսա ինձ մոտ: Այնժամ ինքս ինձ ասացի. «Քրիստափո՛ր, եթե կամենում ես ապրել, առավել պետք է ճգնես»: Եվ հաջորդ օրը հեռացա վանքից, գնացի Սինա լեռը` ոչինչ չվերցնե­լով ինձ հետ՝ բացի նրանից, ինչ հագել էի: Եվ այնտեղ հիսուն տարի ճգնելուց հետո ինձ ձայն եկավ և ասաց. «Քրիստափո՛ր, գնա՛ քո միա­բանությունը, որտեղ բարվոք ճգնել ես, որպեսզի այնտեղ փոխվես քո հայրերի մոտ»: Եվ ահա եկա այստեղ»: Եվ երբ այս ամենը պատմեց ինձ, քիչ անց ննջեց ի Տեր»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.12.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․