Երանելի հայր Արսենի աշակերտ հայր Դանիել Փարանացին պատմեց և ասաց. «Մեր հայր Արսենը պատմեց մեզ ոմն սկյութացու մասին և ասաց. «Բարեգործության մեծ վաստակ ուներ, սակայն հավատքի մեջ խորացած չէր և տգիտության պատճառով հանցանքի մեջ էր ընկնում և ասում էր. «Հացը, որ ընդունում ենք, բնությամբ Քրիստոսի մարմինը չէ»: Այս բանը լսեցին երկու ծերեր, որոնք գիտեին նրա բարի վարքն ու գործերը, և հասկացան, որ անմեղությամբ է ասում այդ խոսքը, գնացին նրա մոտ և ասացին. «Հա՛յր, մեկի մասին մի անհավատալի բան լսեցինք, որ ասում է, թե հացը, որ ընդունում ենք, ոչ թե բնությամբ Քրիստոսի մարմինն է, այլ՝ Քրիստոսի մարմնի օրինակը»: Իսկ ծերն ասաց. «Ե՛ս եմ, որ ասում եմ այդ»: Եվ աղաչեցին նրան ու ասացին. «Այդպես մի՛ մտածիր, հա՛յր, այլ այնպես, ինչպես մեզ ավանդեց Սուրբ Ընդհանրական Եկեղեցին. «Հավատում ենք, որ այս հացը, որ ընդունում ենք, Քրիստոսի մարմինն է ճշմարիտ և ոչ՝ օրինակը», ինչպես, օրինակ, հողը, վերցնելով երկրից, Աստված ստեղծեց մարդուն` ըստ Իր պատկերի, և ոչ ոք չի կարող ասել, թե ըստ Աստծո պատկերի չէ, նույնպես և անհասանելի է խորհուրդը, որ ասաց. «Հացն իմ մարմինն է և բաժակը` իմ արյունը (Մատթ. ԻԶ, 26-27, Մարկ. ԺԴ, 22-23, Ղուկ. ԻԲ, 19-20, Հովհ. Զ, 52-56)», և մենք ճշմարտապես հավատում ենք, որ Քրիստոսի մարմինն ու արյունն է»: Իսկ ծերն ասաց. «Եթե ճշմարիտ հայտնություն չստանամ, չեմ հավատա դրան»: Նրանք ասացին. «Պաղատենք այս շաբաթ Աստծուն այս խորհրդի համար, և, հուսանք առ Աստված, որ կհայտնի մեզ»: Ծերը խնդությամբ ընդունեց այս խոսքերը, և յուրաքանչյուրը գնաց իր խուցը: Ծերը պաղատում էր Աստծուն և ասում. «Տե՛ր, դու գիտես, որ չարամտությամբ չէ, որ թերամտեցի. որպեսզի տգիտությամբ չմոլորվեմ, հայտնի՛ր ինձ, Տե՛ր Հիսուս Քրիստոս»: Իսկ մյուս ծերերը աղաչում էին Աստծուն և ասում. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, հայտնի՛ր ծերին այս խորհուրդը, որ հավատա և չկորցնի իր վաստակը»: Եվ Աստված լսեց երեքի պաղատանքն էլ: Երբ շաբաթը լրացավ, կիրակի օրը եկան եկեղեցի, և բացվեցին նրանց իմացական աչքերը. երբ նշխարները դրեցին սուրբ սեղանի վրա, երեքին էլ այն իբրև մանուկ երևաց: Երբ երեցը կամենում էր բեկանել հացը, ահա Տիրոջ հրեշտակը` սուրը ձեռքին, իջնելով երկնքից` մորթեց մանկանը, արյունը հեղեց բաժակի մեջ, և երբ երեցը բեկանում էր հացը և մանրում, հրեշտակը ևս կտրատում և մանրում էր մանկանը: Երբ եկան հաղորդություն առնելու սուրբ նշխարներից, ծերին տվեց միայն արյունոտ հում միս: Եվ երբ տեսավ ծերը, զարհուրեց, բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հավատում եմ, Տե՛ր, որ այս հացը Քո մարմինն է և բաժակը` Քո արյունը»: Եվ նույն պահին միսը նրա ձեռքին հաց դարձավ` ըստ խորհրդի, և հաղորդվելով` գոհացան Աստծուց: Եվ ծերերն ասացին սկյութացուն. «Աստված գիտե մարդկանց բնությունը, որ հում միս չեն կարող ճաշակել. դրա համար իր մարմինը փոխարկեց հացի, արյունը` գինու, իսկ ովքեր հավատով են ընդունում` դառնում են Աստծո որդիներ»: Եվ գոհացան Աստծուց ծերի համար, որ չթողեց կորսվի նրա վաստակը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016