25 Նոյեմբեր, Բշ
Սուրբ Պափնոտիոսը ցանկացավ շրջել անապատով և տեսնել Տիրոջ ծառաներին: Չորս օր ու գիշեր ընթանալով՝ թուլացավ հոգնությունից և քաղցից: Եվ երևաց նրան մի փառավոր այր և զորացրեց նրան` օծելով շրթունքները: Գնաց ևս չորս օր ու գիշեր և մի քարայր գտավ՝ դռները փակ, և ներս մտնելով՝ մի ծերի տեսավ նստած, և երբ իր ողջույնը չառավ, մոտեցավ ձեռք տվեց, իսկ ծերը փոշիացավ, և արտասուքներով նրան հողին հանձնեց: Գնաց օրեր շարունակ և տեսնելով ոտնահետքեր` նստեց այնտեղ մինչև երեկո, ապա տեսավ գոմեշների մի նախիր և մի ծեր` նրանց մեջ՝ մազերով ծածկված. և աղոթելով` նրանք մոտեցան միմյանց: Եվ ծերը պատմեց. «Իմ անունը Տիմոթեոս է. բնակվում էի միաբանների մեջ և կտավ էի գործում, սակայն չարի ազդեցությամբ ուրիշ ճանապարհ ընտրեցի. շինեցի հյուրանոց և այնտեղ հյուրեր էի ընդունում, սակայն սատանայի պատրանքով կնոջ մեղքի մեջ ընկա վեց ամիս: Խղճմտանքից մաշված` եկա այս անապատը, սակայն մեծամեծ տագնապներից չէի կարողանում ոտքի վրա մնալ, այլ գետնին թավալվելով էի աղոթք անում: Եվ ինձ լյարդի ցավ բռնեց, բայց հայտնվեց մի փառավոր այր և հարցրեց. «Ի՞նչ է պատահել քեզ»: Ես ասացի. «Տե՛ր, լյարդս է ցավում»: Նա ուժգին հարվածելով՝ պատռեց իմ կողը, հանելով ցույց տվեց իմ լյարդը, և ցավը սրբելով` տեղը դրեց և ասաց. «Ահա առողջացար, այլևս մի՛ մեղանչիր» (Հովհ. Ե, 14): Եվ ես լիովին նորոգվեցի, հնացած հանդերձն ընկավ, և ահա այստեղ եմ երեսուն տարի»: Տիմոթեոսը թույլ չտվեց այդ գիշեր Պափնոտիոսին մնալ իր մոտ և ասաց. «Չես կարող դիմանալ դևերի պատերազմին»: «Եվ գնացի տասնհինգ օր»,– ասաց Պափնոտիոս սուրբը,– «և գտա մեծն Ոնոփրիոսին, որի գլխի մազերը ծածկում էին ողջ մարմինը, և բանջարով ծածկել էր գոտկատեղը: Սա պատմեց իր մասին և ասաց. «Երիտասարդ ժամանակ բնակվում էի հարյուր սրբագույն միաբան եղբայրների հետ, և քանի որ նրանք գովում էին առանձնակեցությունը, որը Եղիայի և Հովհաննեսի նման է դարձնում, քանզի միայն Աստծուն են ունենում ապավեն բոլոր պատահած վշտերի ժամանակ, և ոչ թե` մարդկանց, ապա մի գիշեր ելա ու գնացի, և իմ առջև լույս երևաց: Երկյուղեցի և կամենում էի ետ դառնալ, բայց եկավ ինձ մոտ Աստծո հրեշտակը և ասաց. «Մի՛ երկնչիր, Տիրոջից առաքվեցի՝ պահպանելու քեզ»: Եվ անապատով գնացինք յոթ մղոն ու հասանք մի փակված այրի, և երբ բախեցինք, փառահեղ դեմքով մի ծեր դուրս ելավ և ասաց. «Բարի՛ եկար, եղբա՛յր Ոնոփրիոս»: Եվ ողջագուրելով ինձ` հյուրընկալեց իր մոտ մի քանի օր, ապա բերեց այս հեռագույն այրը. մնաց ինձ հետ երեսուն օր, ուսուցանեց դևերի պատերազմների որպիսությունը, համբերության խրատներ տվեց և գնաց ինձ մոտից: Տարին մեկ անգամ այցելում էր ինձ` մինչև փոխվեց առ Քրիստոս: Ես նրա սուրբ նշխարները դրեցի ինձ մոտ և այստեղ եմ ահա վաթսունհինգ տարի: Եվ այդ արմավենին, որ ինձ մոտ է, տարեկան պտղաբերում է տասներկու բազուկ, և ամեն մեկը ինձ բավականացնում է մեկ ամիս: Տիրոջ հրեշտակը մխիթարում է ինձ և բոլոր նրանց, որ անապատում են, և Տիրոջ Մարմինն ու Արյունն է բերում: Եվ երբ մեկը մարդու տեսքի կարոտ է լինում, բարձրացնում է երկինք և ցույց է տալիս արդարներին ու սրբերի հոգիները, և մենք մոռանում ենք ամեն տեսակ տքնություն ու հոգնություն»: Եվ այս խոսքերն ասելիս նրա երեսը լուսավորվեց` ինչպես արեգակ, և Պափնոտիոսին ասաց. «Որդյա՛կ, ես այսօր ավարտում եմ կյանքիս ընթացքը. եթե մե կը հանուն ինձ պատարագ մատուցի Տիրոջը կամ «Հա՛յր մեր, որ յերկինս…» ասի, կամ եղբայրներին կերակրի, կամ խունկ ծխի Տիրոջը, ես կհիշեմ նրան իմ աղոթքներում, և Տերը նրան առաջին եկածների հետ կդասի»: Եվ օրհնեց Պափնոտիոսին և ասաց. «Թո՛ղ թշնամին քո մեջ արատ չգտնի՝ Քրիստոսի ահեղ ատյանին քեզ մեղադրելու համար, այլ պատասխան տաս քո ողջ վարքի համար»: Եվ այս ասելով` ննջեց: Պափնոտիոսը, պատելով նրա սուրբ նշխարները, դրեց հողը, իսկ ին քը խնդրեց Աստծուն՝ մնալ այդ տեղում, սակայն նույն պահին փլվեց ապաստանը, և արմավենին տապալվեց: Եվ Պափնոտիոսը գիտակցելով, որ Տիրոջը հաճո չէր բնակվելն այդտեղ, վեր կացավ և գնաց, իսկ Տիրոջ հրեշտակը երևալով` զորացրեց նրան և առաջնորդեց: Չորս օր անց հանդիպեց չորս ծերունիների, որոնք ասացին. «Բարով եկար, եղբայր և գործակից Պափնոտիոս, որ ամփոփեցիր սուրբ Ոնոփրիոսին. Տերը մեզ ցույց տվեց քո այսօրվա գալուստը, քանզի վաթսուն տարի մարդու երես չտեսանք՝ բացի քեզանից»: Եվ աղոթքի կանգնելուց հետո բազմեցին, և նրանց առջև հինգ նկանակ հայտնվեց` սպիտակ և փափուկ, կարծես թոնրից նոր հանված, և ուտելով գոհացան և ասացին. «Վաթսուն տարի է՝ Աստված չորս նկանակ է տալիս մեզ, իսկ այսօր ողորմածն Աստված հինգ նկանակ առաքեց»: Եվ գիշերը հսկում արեցին, որովհետև հաջորդ օրը կիրակի էր, և ասացին. «Գնա՛, եղբա՛յր, Եգիպտոս, պատմի՛ր մեծի մահը և մեր մասին, որպեսզի հիշեն` ի օգուտ իրենց»: Եվ երբ Պափնոտիոսը հարցրեց նրանց անունները, չհայտնեցին՝ ասելով. «Աստված գիտե մեր անունները, այլ դու աղոթի՛ր, որ տեսնենք իրար Աստծո գավթում»: Դուրս գալով` գնաց Պափնոտիոսը մի օրվա ճանապարհ և հանդիպեց մի դրախտի` լի ամեն տեսակ մրգերով՝ արմավ, թութ, դեղձ, փշատ, խաղող, թուզ, մուրտ և այլևայլ անուշահոտ գեղեցիկ ծառեր: Նրան թվաց, թե դա Աստծո դրախտն է, քանզի անպատմելի բույր էր տարածվում, և մի վճիտ աղբյուր ոռոգում էր այն: Հրեշտակների նման գեղեցիկ մանուկներ եկան և անունով դիմելով՝ ողջունեցին Պափնոտիոսին, և նա պատմեց, թե որտեղից էր գալիս, և նրանց մոտ եղավ յոթ օր` վայելելով այնտեղի մրգերը: Եվ հարցումին ի պատասխան՝ տղաները պատմեցին. «Որդիներն ենք Ոքսիրինքոս քաղաքի նախարարների, որոնք մեզ աշխարհիկ կրթության տվեցին, ինչպես նաև ուսանեցինք մեր Քրիստոս Աստծո մասին, և հասկացանք, որ այս սուտ կյանքը ոչինչ է, և փոքրինչ հաց ու ջուր վերցնելով, որ կբավականացներ յոթ օր, գաղտնի փախանք անապատ, և աղոթելով շրջում էինք, որ Աստված մեզ այցելի. և այցելեց իսկ, քանզի հայտնվեց մեզ մի փառավոր այր և բռնելով մեր ձեռքից՝ բերեց այստեղ, ուր մի սուրբ ծեր կար: Նա նրան հանձնարարեց ուսուցանել մեզ, և նա մի տարի ուսուցանելուց հետո վախճանվեց: Եվ մենք մնացինք այստեղ արդեն վեց տարի: Շաբաթվա հինգ օրը ցրվում ենք և առանձին աղոթում, իսկ շաբաթ և կիրակի հավաքվում ենք` հսկումի: Տիրոջ հրեշտակը գալիս և մեզ Հաղորդություն է բաժանում, և մխիթարվելով` համբերում ենք բոլոր նեղություններին և փորձու թյուններին»: Այդ խոսքն ասելու պահին նոր, անծանոթ և հրաշալի բույր տարածվեց, և Տիրոջ հրեշտակը գալով՝ հաղորդեցրեց նրանց Տիրոջ սուրբ Մարմնին և Արյանը. նույնպես և հաջորդ օրը: «Եվ հրաման ստացա երկնքից,– ասաց սուրբ Պափնոտիոսը,– գնացի Եգիպտոս և պատմեցի եղբայրներին այս ամենն ի փառս Աստծո»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016