25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ սուրբ հայր Մակարը գնում էր անապատով և տեսավ Բելիարին` ծերի կերպարանքով, սև հանդերձներով, որն իր մարմնի բոլոր անդամներից կախել էր բժժաթուրմով լի պարկիկներ: Աղոթքի կանգնեց սուրբ Մակարն առ Աստված և Տիրոջ անվան զորությամբ հարցրեց Բելիարին, թե այդ ի՞նչ է տանում և ինչպե՞ս է խաբում մարդկանց: Եվ Բելիարը, հրեշտակից բռնադատված, ասաց ճշմարտությունը. «Այս թուրմերը իմ խաբեության զենքերն են, և ամեն ամանում խաբեությանը համապատասխան նյութ կա, որոնցով օծում եմ մարդկանց. օրինապահներին՝ այն ամանից, որ գլխիս վրա է, ցավերի մեջ եմ գցում, աղոթքի մեջ ժրաջաններին` այն անոթից, որ հոնքերիս վրա է, քուն եմ տալիս, այն թուրմից, որ ականջներիս վրա է, անլսողություն եմ տալիս, ռունգերիս վրա եղող ամանից պոռնկության անուշահոտություն եմ տալիս, և որ կա բերանումս, սրանից տալիս եմ որկրամոլություն, շատախոսություն, ստախոսություն, խաբեություն և բոլոր չարիքները, որ մարդու բերանից են դուրս գալիս: Պարանոցիս անոթից տալիս եմ հպարտություն և սնափառություն, կրծքիս անոթից` հավիտենական կյանքը մոռանալու դեղ, իսկ որ որովայնիս է, սրանից էլ վերցնում և տալիս եմ անասնականություն և գազանություն, պորտիցս` գարշելի պղծություններ և խառնակություններ, իսկ ոտքերիս թուրմից` գողություն եմ գրգռում, ուսերիցս, բազուկներիցս և թիկունքիցս և մեջքիցս` կռիվ, ոխակալություն և ընչասիրություն եմ հրահրում, սակայն դու երբեք իմ ազդեցության տակ չընկար»: Եվ սուրբ Մակարն ասաց. «Թո՛ղ սաստի քեզ իմ Քրիստոս Աստված, որ օրհնյալ է հավիտյան»: Եվ Բելիարը չքացավ, իսկ սուրբ Մակարը փառք տվեց Աստծուն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016