Հոգևոր հովվի հանդիպումը Զորավոր տիկնանց միության անդամների հետ

2015թ-ի հունիսի 23-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կայացավ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հանդիպումը Տիկնանց միության անդամների հետ: Հանդիպմանը ներկա և մասնակից էին նաև ներկայացուցիչներ եկեղեցու Ծխական խորհրդից:

Տիկնանց միությունն արդեն մեկ տարի է, որ կազմավորվել և իր գործունեությունն է ծավալել: Իհարկե, առայժմ միայն շատ նախաձեռնությունների հիմքերն են գցվում, բայց դատելով արդեն կատարված գործերից՝ վիրավոր զինվորների բուժման հարցեր, այցելություններ ծերանոցներ, հոգևոր տոներին նվիրված միջոցառումներ և ներկայացումներ, կիրակնօրյա դպրոց, ուխտագնացություններ և այլն,  դժվար չէ պատկերացնել, որ մնացյալներն էլ լինելու են սրտացավ և հոգեշահ, ուղղված ոչ միայն համայնքի ներքին խնդիրները լուծելուն, այլ նաև  ժողովրդի ընդհանրական կարիքները հոգալուն, եկեղեցու և ժողովրդի կապն ավելի սերտացնելուն և որ «հունձքն առատ է լինելու»…

Տեր հայրը հավաքն սկսեց աղոթքով… Եկեղեցու բակի գլուխ-գլխի տված և շեկլիկ պտուղներով ծանրաբեռ ծիրանենիների շուքի տակ ՚խմբված հավատացյալները «Հայր մեր»-ի մրմնջոցի հետ ասես նաև առ երկինք առաքեցին Աստծուն ծառայելու իրենց  պատրաստակամությունն ու հաստատակամությունը, և, վստահաբար, ստացան նաև օրհնության հեղումը երկնային հեռուներից: Ասում եմ՝ վստահաբար, որովհետև սիրո և խաղաղության այն լույսը, որ առկա էր բոլորի աչքերում, հուշում էր երկնային էակների ներկայությունն ինչ-որ տեղ շատ մոտիկ:

Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց Տիկնանց միության մինչ այժմ արված աշխատանքների համար, որոշ առաջարկներ և լրացումներ արեց Զորավոր եկեղեցու ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանի ներկայացրած գործունեության ծրագրում ընդգրկելու համար:

Ծրագիրն իր մեջ ներառում է Տիկնանց  միության նպատակները, անդամների ցանկը, աշխատանքային տարբեր խմբերը (հոգևոր և մշակութային միջոցառումներ կազմակերպող, եկեղեցու «Զորավոր» պարբերականի հրատարակման, ուխտագնացությունների կազմակերպման, վիրավոր զինծառայողներին աջակցության, ծերանոցներ այցելության, առողջապահական, իրավաբանական խորհրդատվությունների, կիրակնօրյա դպրոցի և այլն), խմբերի գործունեության առաջիկա քայլերը, պատասխանատուներին:

Ծրագրի օրինակները բաժանվեցին ներկաներին՝ քննարկման և լրացումների համար:

Սաթենիկ Սիմոնյանը ուրախությամբ նշեց, որ խորհրդում ընգրկվածները նվիրյալներ են իրենց գործում և հենց դա է իրենց գործունեության արդեն գրանցված արդյունքների հիմնական պատճառը:

Տեր հայրն էլ հաստատեց, որ համայնքը համախումբ է և Աստծուն ծառայելու գործում նախանձախնդիր, իսկ «հանուն Աստծո արված ամեն գործ անպայման ունենում է իր վարձքը»:

 

Նանե

23.06.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․