Հոգևոր կյանքը՝ ինչպես ծաղիկը, մշտական խնամք է պահանջում

Հոգևոր կյանքում անչափ կարևոր է ամեն օր հաստատակամ քայլերով դեպի փրկարար նպատակ ընթանալը: Հոգևոր կյանքն աճում է աստիճանաբար և ներդաշնակ աճի համար մշտական և երկարատև ջանքեր են պահանջվում. աստիճաններով բարձրահարկ շենք բարձրացողը չի կարող անմիջապես հայտնվել շենքի վերջին հարկում, այլ պետք է բարձրանա աստիճան առ աստիճան՝ սկսելով առաջինից: Հոգևոր կյանքը՝ ինչպես ծաղիկը, մշտական ուշադրություն և երկարատև խնամք է պահանջում:

Ինչպե՞ս զարգացնել հոգևոր կյանքի համար այդքան անհրաժեշտ համառությունն ու հաստատակամությունը: Սուրբ Գրքում կարդում ենք քանանացի կնոջ մասին, որը, Քրիստոսի մոտ գալով, բարձրաձայն խնդրում էր, որ Տերը ողորմի իրեն, քանի որ իր աղջիկը տանջվում էր չար ոգուց, բայց Հիսուս չէր պատասխանում նրան: Առաքյալներն էլ աղաչում էին Հիսուսին, որ արձակի կնոջը: Կինը կրկին մոտենում է Քրիստոսին, և ծնկի գալով, կրկին օգնություն խնդրում: Հիսուս նրան պատասխանում է՝ ճիշտ բան չէ մանուկների ձեռքից հացն առնել և շներին գցել: Կինն ասում է. «Այո՛, տեր, բայց նույնիսկ շներն իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով են կերակրվում»: Այն ժամանակ Հիսուս նրան պատասխանում է. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը, թող քո ասածի պես լինի»: Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվում է: Քանանացի կինն անլուծելի խնդրի առջև էր կանգնել: Նա փորձեց մոտենալ Հիսուսին, թեև Նրանից խիստ խոսքեր լսեց, բայց չվիրավորվեց, այլ խոնարհությամբ ընդունեց Տիրոջ խոսքերը և կրկին անգամ օգնության դիմեց ու չընկրկեց երբեք: Քրիստոս բուժեց քանանացի կնոջ դստերը՝ գնահատելով նրա անսասան հավատքը (Մատթ. 15: 21-28): 

Իսկ Ղուկասի Ավետարանի 18-րդ գլխում Տերը պատմում է մի առակ այրի կնոջ և դատավորի մասին: Առակում անիրավ դատավորին, ով ո՛չ Աստծուց էր վախենում, ո՛չ մարդկանցից ամաչում, մի այրի կին է դիմում՝ խնդրելով, որ իր իրավունքները պաշտպանի հակառակորդից: Դատավորը երկար ժամանակ մերժում է նրա դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասում է. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին ինձ նեղություն է տալիս, նրա դատը տեսնեմ»: Հիսուս այս առակը պատմեց հորդորելու համար, թե պետք է առանց վհատվելու միշտ աղոթել: Նա ասաց. «Լսեցե՛ք, թե ի՛նչ է ասում այդ անիրավ դատավորը: Իսկ Աստված ինչքա՞ն կհամբերի իր ընտրյալների կրած անիրավությունը, չի՞ պաշտպանի նրանց, որոնք գիշեր ու ցերեկ դիմում են իրեն: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իրավունքն իսկույն կպաշտպանի»: Առակից տեսանելի է, թե որքան կարևոր է աղոթքի մեջ հարատև լինելը և ոչ միայն աղոթքի, այլ նաև յուրաքանչյուր առաքինի և բարի գործի մեջ անհրաժեշտ է հարատև ու հաստատակամ լինել:  

Սրբերի վարքագրությունն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ նրանց ողջ կյանքը համակված էր կարևորագույն նպատակով՝ նրանք ձգտում էին դեպի Աստված և հոգու փրկություն, նրանք, իրենց կյանքն Աստծո կամքին հանձնելով, մեծ համբերատարությամբ էին ապրում: Երբ մարդը ողջ սրտով սիրում է Աստծուն, ապա նա մշտապես զգում է Աստծո ներկայությունը, նրա ձգտումների կենտրոնը Աստված է և նրա յուրաքանչյուր քայլը որոշվում է Աստծուն հաճելի լինելու ձգտումով: Երբ Նյուտոնին՝ բոլոր ժամանակների և ազգերի մեծագույն աստղագետին, հարցրին, թե ինչ կերպով է հասել այդպիսի բացահայտումների, նա պատասխանեց՝ անդադար այդ մասին էի մտածում: Քրիստոսի հետևորդն ընդօրինակում է Քրիստոսին, Ում կարևորագույն նպատակը մեղքի մեջ կործանվող մարդու փրկագործությունն է: Որտեղ էլ, որ լիներ Քրիստոս և ինչ էլ, որ քարոզեր, Նրա քարոզի հիմնական թեման Աստված էր և մարդու փրկագործությունը: Ողջ Ավետարանում հնարավոր չէ հանդիպել մի հատվածի, որտեղ Քրիստոս հոգար Իր մասին կամ երկրայինի հանդեպ ձգտում ուներ: «Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային»,- ասում է Քրիստոս, և առաջինը Ինքն էր, որ Իր կյանքով մարմնավորեց Աստծուն ծառայելու ամբողջականությունը: Քանի դեռ մարդու կյանքում կա ևս մեկ «աստված»՝ մամոնան, ապա նա Աստծուն ծառայելուց զատ ծառայելու է կուռքերին և երկրային նպատակներին, կամ Աստծուն փոխարինելու է մամոնայով և չունենալով հոգևոր կյանքի համար անհրաժեշտ համառությունը՝ լինելու է տարուբերվող և անհաստատ:

Հոգևոր կյանքում համառ աշխատանքը զարմանալի արդյունքներ է տալիս. Աստծո օգնությամբ մարդը նորոգվում է և ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ դառնում է նոր արարած Քրիստոսով: Եթե համառությունը դիտում ենք խոսքը պնդելու և այն իրագործելու սովորություն, ապա հոգևոր կյանքում համառությունն Աստծո կամքին հանձնվելն է և Նրան հնազանդվելը: Գուցե առաջին հայացքից անհամատեղելի են համառությունն ու հնազանդությունը, բայց հոգևոր կյանքում դրանք համատեղելի են: Անկասկած, աստվածային պատվիրանների իրագործման մեջ մարդը պետք է համառ լինի, քանի որ Աստծո կամքը կատարելով՝ մարդն իր կամքն է կատարում: Աստծո կամքին ամբողջովին հուսացողն ու ապավինողը հոգևոր անսահման համառություն և քաջություն է ունենում, քան անհավատը, որը բացառապես միայն իր «ես»-ին է ծառայում: Հոգևոր կյանքում համառություն ունենալու համար պետք է նաև համբերություն ունենալ: Առանց համբերության հնարավոր չէ անդադար պայքար մղել մեղքերի և փորձությունների դեմ: Համբերել չարչարանքների՝ իմանալով, որ դրանք Աստծո թույլտվությամբ մարդու հոգևոր աճի համար են, անհամեմատ ավելի հեշտ է, քան չհասկանալը, թե ինչի համար են այդ փորձությունները: Երբեմն մարդ անհամբերություն է ցուցաբերում՝ ցանկանալով անմիջապես վայելել իր ջանքերի պտուղները, իսկ եթե այդպես չի լինում, կարծում է, որ զուր են անցել իր ջանքերը և ընկնում է հուսահատության մեղքի մեջ: Հաճախ մարդն ընդունակ է մեծ սխրանք գործելու, որպեսզի անմիջապես վայելի սխրանքի պտուղները, բայց այն գործերում, որոնցում արդյունքներն արագ նկատելի չեն, մարդու ջանքերը երբեմն նվազում են և մարում: Հոգևոր կյանքը նման է ծառի աճին, որ շատ դանդաղ է աճում և նկատելի չէ, թե օրվա մեջ որքան աճեց: Սուրբ Գիրքը հորդորում է, որ ոչ մի ջանք՝ անգամ ամենաաննշան թվացողը, զուր չի անցնում. «Ով որ ձեզ մի բաժակ ջուր տա նրա համար, որ դուք Քրիստոսին եք պատկանում, վստա՛հ եղեք, նա իր վարձը չի կորցնի»,- ասում է Տերը (Մարկ. 9:41):

 

Կարինե Սուգիկյան

26.03.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․