23 Դեկտեմբեր, Բշ
Փետրվարի 25-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար և «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը «LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում երիտասարդներին բանախոսեց «Արդ կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» թեմայի շուրջ: Կենտրոնը բանախոսությունը կազմակերպել էր «69.120 բարության րոպե» (Մեծ պահքի 48 օրվա րոպեներն են) նախագծի շրջանակներում:
«LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնը կոչված է իր հարկի տակ ներառելու մշակույթի, արվեստի, սպորտի, կրթության, գիտության և այլ ոլորտների ներկայացուցիչների: Կենտրոնի տնօրեն Արևիկ Համբարձումյանը նշեց, որ «LOFT»-ը գեղեցիկ ավանդույթ ունի. Մեծ պահքի շրջանին, ողջ անձնակազմը պահեցողության շրջան է մտնում իր ռեսուրսներով, իր գործունեության մի մասով, կազմակերպված բարեգործական միջոցառումներով՝ փորձելով հանրությանը, երիտասարդներին իրազեկել պահքի բուն իմաստը և նպատակը: «Ողջ պահքի ընթացքում՝ ամեն շաբաթ ընտրվում է համապատասխան և հարմար մի օր, և «LOFT»-ը վերածվում է ազատ հարթակի, որտեղ բոլորին՝ անկախ կրոնական պատկանելիությունից, հնարավորություն է տրվում ինքնարտահայտվելու: Քննարկումներն ու զրույցներն ընթանում են կրոնի, հավատքի և պահքի վերաբերյալ: Երիտասարդության շրջանում իրոք կա կողմնորոշման խնդիր, իրենք հարցեր ունեն, որոնց ճիշտ պատասխաններ են անհրաժեշտ: Մեծ պահքի ընթացքում, ամեն կիրակի «LOFT»-ը կազմակերպում է նաև ուխտագնացություններ՝ Սուրբ Պատարագի մասնակցությամբ»,- ասաց Արևիկը:
Բանախոսությունը Տեր Վահանը սկսեց «Տերունական աղոթք»-ով: Նա շնորհակալություն հայտնեց հրավերի համար և ներկայացրեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության գործունեությունը: Հանդիպմանը ներկա էին նաև միության անդամները:
Ապա, անդրադառնալով ընտրված ավետարանական հատվածին, թե՝ «Արդ կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48)՝ Տեր Հայրն ասաց, որ հնարավոր չէ ապրել և չմեղանչել, այդ պատճառով անհրաժեշտ է մեղքը ճանաչել, զղջալ՝ անցնելու համար կատարելության ուղին:
-Քրիստոսի այս խոսքերը հասանելի են բոլորին, կատարելության ձգտելով, բոլորս հնարավորություն ունենք կատարյալ լինելու: Ավետարանական տվյալ հատվածին նախորդում է թշնամիներին սիրելու, անիծողներին օրհնելու, ատողներին բարություն անելու և նրանց համար աղոթելու պատգամը, որի կատարման դեպքում անձը կարող է Երկնավոր Հոր որդին համարվել: Գուցե մարդկայնորեն մտածենք, թե հնարավոր չէ այս պատգամն իրագործել, բայց Քրիստոսի միջոցով հնարավոր է այն կյանքի վերածել: Քրիստոնեությունը քարոզ, խոսք, գիր ու գրականություն չէ, կամ քահանան չէ իր սև հագուստով, այլ քրիստոնեությունը կյանք է, որ պետք է ապրել: Եկեղեցու հայրերի կողմից սահմանված Մեծ պահքի այս օրերին լավագույն հնարավորություն է տրված յուրաքանչյուրիս, որպեսզի ապաշխարությամբ և ինքնամաքրումով հասնենք Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը,- նշեց Տեր Հայրը:
Երիտասարդները, Տեր Վահանի բացատրությամբ, մանրամասնորեն ծանոթացան Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթային՝ իր խորհուրդներով:
Ամփոփելով բանախոսությունը՝ Տեր Հայրն ասաց, որ Քրիստոսի մահը մեղքի արդյունք էր, բայց Տերը հաղթեց մեղքին ու մահվանը, և հարություն առավ՝ ասելով. «Ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16:33): Քրիստոսի հարությունը մեզ համար մեղքերից հարություն առնելու մի կարևոր օրինակ է: Ապաշխարության ընթացքում բոլորս՝ որպես արդար դատավորներ, մեր հոգիների խորքը նայելով, կտեսնենք բազմաթիվ բացթողումներ՝ անտարբերություն, եսասիրություն և այլ մեղքեր: Պահեցողությամբ ինքներս մեզ ապացուցում ենք, որ կարող ենք հանուն Աստծո փառքի ինչ-որ բանից հրաժարվել, այսինքն՝ նաև մեղքից:
Հոգևորականի հետ հանդիպումը վերածվեց զրույց-քննարկման՝ տարբեր թեմաների շուրջ ծավալվելով:
«LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի տնօրեն Արևիկ Համբարձումյանը և երիտասարդները շնորհակալություն հայտնեցին Տեր Վահան քահանա Առաքելյանին՝ հետաքրքիր հանդիպման և զրույցի համար:
Տեր Հայրը բանախոսությունն ավարտեց «Պահպանիչ» աղոթքով:
Կարինե Սուգիկյան