Հոգևորականներին տեր կոչելու մասին

Աղանդավորները մեղադրում են մեզ, որ հոգևորականներին դիմում ենք նաև տեր ձևով, որը մենք գործածում ենք ոչ թե երկնային Տիրոջ իմաստով, այլ որպես մի պարզ պատվանուն: Աղանդավորների այս մեղադրանքը կրկին ցույց է տալիս, որ նրանց առաջնորդները խաբում են միամիտ շարքային աղանդավորներին, իսկ շարքային աղանդավորները պարզապես շատ տկար գիտելիքներ ունեն Աստվածաշնչից: Աստվածաշնչից հասարակ աղանդավորների տկար գիտելիքների պատճառն այն է, որ գրեթե բոլոր աղանդավորները աղանդ մտնելուց առաջ ընդհանրապես Աստվածաշունչ չեն իմացել և հետո ընդունել են այն, ինչ իրենց ասել են աղանդի մեջ: Նրանք միայն մեկ բան գիտեն տեր բառի գործածության վերաբերյալ, որն ամեն անգամ կրկնում են անգիր սովորած երեխայի պես. Քրիստոս Մատթեոսի Ավետարանում ասում է. «Բայց դուք որևէ մեկին ուսուցիչ մի կոչեք, որովհետև ձեր ուսուցիչը մեկ է, և դուք բոլորդ եղբայրներ եք: Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի կոչեք, որովհետև մեկ է ձեր Հայրը, որ երկնքում է: Եվ ուսուցիչներ չկոչվեք, որովհետև Քրիստոս է ձեր ուսուցիչը» (Մատթ. 23.8-10) կամ «մեզ համար միայն մե՛կ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, և մենք ապրում ենք նրանով. և` միայն մե՛կ Տեր Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, և մենք ապրում ենք նրանով» (Ա Կորնթ. 8.6): Ահա այն ամենը, ինչ նրանց հայտնի է հայր կամ տեր բառերի մասին: Քրիստոսի պատվերն իրականում վերաբերում է բացարձակ, աստվածային իմաստով որևէ մեկին տեր, ուսուցիչ կամ հայր չկոչելուն: Հայր և վարդապետ բառերի մասին վերոնշյալ բացատրությունը տրվեց, իսկ ինչ վերաբերում է տեր բառին, ապա Քրիստոս Ինքը ընդունում է տեր բառի գործածությունը կյանքի տարբեր պարագաներում: Այս են ցույց տալիս նրա բազմաթիվ խոսքերը Ավետարաններից: Ահա այդ օրինակները:

«Աշակերտը ավելին չէ, քան վարդապետը, և ոչ էլ ծառան` քան իր տերը: Աշակերտին հերիք է, եթե լինի իր վարդապետի նման, և ծառային` իր տիրոջ նման» (Մատթ. 10.24-25): Այստեղ Քրիստոս բացի տեր բառից օգտագործում է նաև վարդապետ` ուսուցիչ բառը: Քրիստոս Իր պատմած առակներում հաճախ համեմատություններ է անում տիրոջ և ծառայի հարաբերությունների հետ` շատ ընդունելի կերպով բազմաթիվ անգամներ գործածելով տեր բառը (Մատթ 13.27-29; 18.24-25, 33-35; 24.45-51; 25.19-21; Ղուկ 17.9-10): Սակայն կարող են ասել, որ առակներում տերը խորհրդանշում է Աստծուն, դրա համար էլ ընդունելի է տեր բառի գործածությունն այս առակների մեջ: Բայց եթե աղանդավորներն ասում են, որ ընդհանրապես չպետք է գործածենք տեր բառը, որովհետև Քրիստոս է այդպես ասել, ապա ստացվում է, որ երբեք որևէ մեկին չպետք է ասենք տան տեր, այգու տեր և այլն, ինչը պարզապես ծիծաղելի է թվում: Սակայն Քրիստոս Ինքը նման պարագաներում գործածեց այգու տեր (Մատթ. 20.8, 21.40, Մարկ. 12.9, Ղուկ. 20.15), տանուտեր (Մատթ. 13.52, 20.1, 21.33) բառերը, Ավետարանում հիշվում են ավանակի տերերը (Ղուկ. 19.33):

Լավ իմանալով բացարձակ իմաստով մարդուն Տեր կոչելու Քրիստոսի արգելքը` տեր բառը սովորական գործածության համար ընդունելի են համարել նաև Քրիստոսի առաքյաները և իրենք ևս շատ անգամներ օգտագործել են այն իրենց գրություններում: Օրինակ` «Եվ մինչ մենք աղոթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ` չար ոգի էր բռնել. սա գուշակութիւններով իր տերերին մեծ օգուտ էր տալիս» (Գործք 16.16): Պողոս առաքյալը ևս իր նամակներում տեր բառն օգտագործում է տարբեր հանգամանքների համար. «Թող մարդը կնոջ հանդեպ իր պարտքը կատարի, նույն ձևով և կինը` իր մարդու հանդեպ. որովհետև կինն իր մարմնի տերը չէ, այլ` մարդը: Նույնպես և` մարդը իր մարմնի տերը չէ, այլ` կինը» (Ա Կորնթ. 7.3-4): «Ծառանե՛ր, ամեն ինչում հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տերերին, ոչ թե մարդահաճո կերպով, ցուցադրական ծառայությամբ, այլ սրտի անկեղծությամբ` երկյուղ կրելով Տիրոջից» (Կողոս. 3.22): «Բոլոր նրանք, ովքեր ծառայության լծի տակ են, նրանցից յուրաքանչյուրը թող իր տերերին պատվի արժանի համարի, որպեսզի Աստծու անունն ու վարդապետությունը չանարգվի: Իսկ նրանք, որ հավատացյալ տերեր ունեն, թող չարհամարհեն, որ նրանք եղբայրներ են, այլ ավելի լավ ծառայեն, քանի որ հավատացյալներ են» (Ա Տիմ. 1-2): «Հորդորի՛ր ծառաներին, որ հնազանդ լինեն իրենց տերերին և ամեն ինչում լինեն հաճելի նրանց» (Տիտ. 2.9): Նույն կերպ է վարվում նաև Քրիստոսի ամենանախանձախնդիր առաքյալներից Սուրբ Պետրոս առաքյալը. «Ծառանե՛ր, ամեն ինչում երկյուղով հնազա՛նդ եղեք տերերին, ոչ միայն բարիներին և հեզաբարոներին, այլև դաժաններին, քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մեկը հանիրավի վիշտ է կրում բարի խղճով. քանզի ի՞նչ երախտիք կունենաք, եթե, մեղանչելուց հետո, տանջվեք և համբերեք: Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, այդ շնորհ է Աստծու մոտ» (Ա Պետ. 2.18-20): «Այդպէս էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն էր կոչում» (Ա Պետ. 3.6):

Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ աստվածային բացարձակ իմաստով մենք չպետք է ոչ ոքի կոչենք տեր, հայր կամ ուսուցիչ, սակայն որպես պատվանուն դրանք կարելի է օգտագործել, ինչպես որ արել են Քրիստոս և նրա առաքյալները: «Թեպետև այսպես կոչված աստվածներ կան թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա. արդարև, կան բազում աստվածներ և բազում տերեր: Բայց մեզ համար միայն մե՛կ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, և մենք ապրում ենք նրանով. և՝ միայն մե՛կ Տեր Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, և մենք ապրում ենք Նրանով»,- ասում է Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 8.5-6) և բացատրում նաև, որ այս երկրի վրա բոլոր տեր կոչվողները (սովորական իմաստով) իրենց միակ Տերը (բացարձակ, աստվածային իմաստով) ունեն երկնքում, որի առջև բոլորս պատասխանատու ենք. «Ծառանե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տերերին ահով և դողով և անկեղծ սրտով, ինչպես հնազանդ եք Քրիստոսին: Եվ դուք, տերե՛ր, նո՛ւյնն արեք նրանց հանդեպ` մի կողմ թողնելով սպառնալիքները. իմացե՛ք, որ և՛ նրանք, և՛ դուք Տեր ունեք երկնքում, և Նրա առաջ աչառություն չկա» (Եփես. 6.5, 9): Սա ավելի լավ հասկանալի է նաև Աստվածաշնչի այն հատվածներում, երբ նշվում է, որ Աստված տերերի Տերն է. «Որին իր ժամանակում հայտնի պիտի անի Երանելին և միակ Հզորը, թագավորների Թագավորը և տերերի Տերը» (Ա Տիմ. 6.15): «Եվ սրանք պատերազմելու են Գառան դեմ, և Գառը նրանց հաղթելու է, քանի որ նա Տերն է տերերի և Թագավորը`թագավորների» (Հայտն. 17.14): «Եվ Իր պատմուճանի ու Իր մարմնի մասերի վրա կար գրված մի գրություն` Թագավոր թագավորների և Տեր տերերի» (Հայտն. 19.16):

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

28.07.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․