Մի եղբայր ծերին հարցրեց.
- Հա՛յր, հաճախ եմ Սուրբ Հայրերին խնդրում, որպեսզի հոգուս փրկության համար խրատներ տան ինձ, բայց ոչինչ չեմ հիշում նրանց ասածներից:
Ծերը եղբորն ասաց.
- Երկու դատարկ կուժ ունեմ, գնա դրանցից մեկը վերցրո՛ւ, ջուր լցրու մեջը, լվա՛, ջուրը թափի՛ր, իսկ անոթը շրջի՛ր և իր տեղը դի՛ր:
Եղբայրը կատարեց այդ հանձնարարությունը: Ծերը ևս երկու անգամ խնդրեց նույնն անել: Երբ կուժն արդեն երրորդ անգամ էր լվացվել, ծերն ասաց.
- Երկու անոթներն էլ այստեղ բե՛ր:
Այնուհետև հարցրեց.
- Այս երկուսից ո՞րն է ավելի մաքուր:
- Այն, որի մեջ ջուր էի լցնում և լվանում,- պատասխանեց եղբայրը:
- Այդպես էլ այն հոգին է, որդյա՛կ, որը հաճախ է Աստծո խոսքը լսում: Թեկուզ ոչինչ չի մտապահում իր լսածից, բայց ավելի է մաքրվում, քան այն հոգին, որը երբեք Աստծո խոսքը չի խնդրում և չի լսում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի