Հորձանուտն ափին մի սքանչելի շուշան տեսավ, որը նրա վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում: Եվ նա որոշեց ամեն գնով գրավել նրան:
Ինչեր ասես, որ չառաջարկեց գեղեցկուհուն՝ և՛ իր ալիքների վրա պտտվել, և՛ ջրի զովությունը զգալ տապի ժամանակ, և՛ տարատեսակ զվարճանքների ու հաճույքների մի ողջ հորձանուտ:
Տատանվեց գեղեցկուհին: Նրան անհույս սիրող բզեզը նկատեց դա ու սկսեց ետ համոզել նրան.
- Կկործանի քեզ: Անհետ կկորչես:
Բայց շուշանը նույնիսկ լսել չէր ուզում:
- Նա այնքան ուժեղ է, գեղեցիկ ու խորհրդավոր,- առարկում էր նա,- կընդունեմ նրա առաջարկը:
- Ահա՛, թե ինչ,- բացականչեց բզեզը,- այդ դեպքում տե՛ս, թե քեզ ինչ է սպասվում:
Եվ թևիկները ծալելով՝ նետվեց հորձանուտի մեջ, որն էլ անխղճորեն պտտեց նրան նույն վայրկյանին: Շուտով բզեզն ընդմիշտ կորավ շուշանի աչքից, ով միայն հիմա հասկացավ, թե որն էր իսկական սերը…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի