«Հովհաննես ավետարանիչը թելադրում է Պրոխորոնին» պատկերի կոմպոզիցիան

«Հովհաննես ավետարանիչը Պատմոս կղզում Պրոխորոնին Հայտնության գիրքը թելադրելիս» նկարը բանաստեղծական և ոգեշնչող սյուժեներից է: Պատկերագրության մեջ այն մեծ մասամբ տրված է գեղեցիկ և հուզական ձևով: «Հովհաննես ավետարանիչը թելադրում է Պրոխորոնին» պատկերի հիմնական կառույցը հետևյալն է. ձախ կողմում՝ երկնքի հատվածում, պատկերվում է  Աստծո աջը, Հովհաննես առաքյալը՝ դեպի Աստծո աջը դարձած, Հովհաննեսի ոտքերի մոտ պատկերվում է նրա աշակերտ Պրոխորոնը, որը գրառում է «Աստծո բանը»:

Հովհաննես ավետարանչի ու Պրոխորոնի պատկերը՝ իր անվանաթերթով տեղ է գտել Մոմիկի «Ստեփանոս Օրբելյանի Ավետարանում»: Ինչպես ֆիգուրները, այնպես էլ դեկորատիվ զարդարանքները նկարիչը մեկնաբանում է լակոնիկ միջոցներով: Մանրանկարում հիմնական ուշադրությունը կենտրոնացված է ֆիգուրների շարժումներն ու դիմախաղը հաղորդելու վրա: «Հովհաննես ավետարանիչը թելադրում է Պրոխորոնին» պատկերում դինամիկ է Հովհաննեսի ֆիգուրը, իսկ գրիչ Պրոխորոնը նստած է հանգիստ: Մոմիկն այս կոմպոզիցիայի մեջ ներմուծել է նման մանրանկարներում երբեմն հանդիպող ճարտարապետական ստաֆաժ:

Հայկական ամենահին պատկերազարդ Աստվածաշնչերից՝ Երզնկայի Աստվածաշնչում (1269 թ.), «Հեղինակային դիմանկարներից» առանձնապես հաջողված է Հովհաննես աստվածաբանի պատկերը՝ «Յայտնութիւն Յովհաննու» գրքի սկզբում: Արտասովոր ձևով կիտված ժայռերի զանգվածի ֆոնի վրա պատկերված է Հովհաննես առաքյալը՝ դեպի Քրիստոսը դարձած, ում պատկերը զետեղված է տիտղոսաթերթի գլխազարդի մեդալիոնում: Հովհաննեսի ոտքերի մոտ պատկերված է նրա աշակերտ Պրոխորոնը, որը գրառում է «Աստծո բանը»: Այդ մանրանկարի մեջ հոյակապ կերպով համադրվում են գրքի ձևավորման բոլոր տարրերը՝ թեմատիկ մանրանկար, զարդանախշված գլխազարդ, նրբագեղ կերպով նկարված սկզբնատառ և լուսանցազարդ: Շքեղ ձևավորված տիտղոսաթերթի ընդհանուր տպավորությունը լրացնում է շարադրանքի վայելուչ գրչությունը: Հովհաննեսի լարված դիրքը, նրա հուզմունքը կարծես ընդգծվում են ժայռերի և՛ գծանկարային, և՛ գունային խիստ հակադիր լուծման անհանգիստ ռիթմով, մինչդեռ Քրիստոսի պատկերն առանձնանում է հանդարտությամբ և վեհությամբ, որին համապատասխանում է հենքը, որի վրա պատկերված է կլոր մեդալիոն՝ երիզված խիստ համաչափ ռիթմին ենթարկվող զարդանախշերով:

Կարնո ավետարանում (Մատ. ձեռ. № 7599) ավետարանիչների դիմանկարներից ամենահաջողվածը Հովհաննես ավետարանչի դիմանկարն է: Պրոխորոնի պատկերը չկա (սա պայմանավորված է ավելի ուշ շրջանի ավանդությամբ): Ձախ կողմում՝ երկնքի հատվածում, Աստծո աջի փոխարեն պատկերված է նրա պատվիրակի՝ իջնող հրեշտակի կիսամարմինը: Հովհաննեսը պատկերված է ոչ թե Պատմոս կղզում, այլ եկեղեցական շինությունների հենքի վրա: Աչքի են ընկնում ավետարանչի գեղեցիկ, նրբագեղ դեմքը, նուրբ նկարված ձեռքերը, հանդերձանքի փափուկ ծալքերը: Հովհաննես ավետարանչի դիմանկարի պատկերագրությանը նմանվող օրինակներ կարելի է տեսնել կիլիկյան մի շարք ձեռագրերում, որոնցից մեկը կարող էր որպես գաղափար ծառայած լինել վարպետի համար (օրինակ՝ Սմբատ Սպարապետի Ավետարանը, Հովհաննես արքաեղբոր ԺԳ դարի № 3452 Աստվածաշունչը և այլն):

Գլաձորի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ, մանրանկարիչ Թորոս Տարոնացու բոլոր ձեռագրերում Հովհաննես ավետարանչին ու նրա աշակերտ Պրոխորոնին պատկերող մանրանկարները երբեք չեն կրկնվում: Հմտորեն փոփոխելով մանրանկարի որոշ կողմերը՝ նկարիչը հասել է էական տարբերության: Ամենուրեք, ուր հնարավոր է եղել, Թորոս Տարոնացին ձգտել է թեմայի նոր մեկնաբանությամբ ու գունային գամմայի հարստությամբ կոմպոզիցիա ներմուծել ինքնատիպն ու յուրօրինակը:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

03.10.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․