22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
1. Գործերդ, ինչպիսին էլ որ լինեն, մի հպարտացիր (Անտոն Անապատական):
2. Հպարտությունն ու մեծամտությունը սատանային երկնքից վտարեցին, իսկ խոնարհությունն ու հեզությունը մարդուն բարձրացնում են երկրից երկինք (Անտոն Անապատական):
3. Սրտի հպարտությունը ատելի է Աստծուն, հրեշտակներին ու սուրբերին: Հպարտության համար Աստված ստեղծեց դժոխքը (Անտոն Անապատական):
4. Ինքդ քեզ իմաստուն մի համարիր, ապա թե ոչ` մեջդ գլուխ կբարձրացնի հպարտության ոգին, և դու կընկնես քո թշնամիների ձեռքը (Անտոն Անապատական):
5. Հպարտությունը` ստորջրյա ժայռի է նման, որին բախվելով կործանվել են նույնիսկ նրանք, որոնք երկար ժամանակ դիմակայել են զանազան մոլությունների ու փորձությունների (Հովհան Ոսկեբերան):
6. Աստված Իրեն խոնարհեցրեց քեզ համար, իսկ դու քեզ համար չե՞ս ուզում խոնարհվել ու պարծենում ես հպարտանալով (Մակար Մեծ):
7. Հպարտության դևը պատճառ է հոգու դժբախտ անկման: Նա համոզում է, որպեսզի Աստծուն` որպես իրեն օգնական չխոստովանեն և իրենց համարեն ուղղվելու պատճառ: Եվ բարձրացնում է մարդու անձը եղբայրների վրա, ինչպես տգետների: Հպարտությանը հետևում է բարկությունը և վերջին չարիքը` խելագարությունը, և օդի մեջ դևերի հայտնապես երևալը (Եվագր Պոնտացի):
8. Տերևի սոսափյունը սարսափեցնում է հպարտին, իսկ ջրի խշշոցը խոցում է նրա հոգին (Նեղոս Սինայեցի):
9. Հպարտությունը հոգու ուռուցք է` լեցուն աղտոտված արյամբ, եթե այն հասունանա` դուրս պիտի ժայթքի (Նեղոս Սինայեցի):
10. Հպարտացած անձը վախի ստրուկն է, ինքն իր վրա հույս դնելով` վախենում է ձայներից և նույնիսկ սեփական ստվերից (Հովհաննես Սանդուղք):
11. Եթե հպարտության թույնը քեզ ուռճացնի, դիմիր Սուրբ Հաղորդությանը: Այդ օրհնյալ հացը, որի երևույթի տակ Աստված է աներևութացել` քեզ խոնարհվել կսովորեցնի (Կյուրեղ Երուսաղեմացի):
12. Ամենահեշտը ինքն իրեն խաբելն է, հպարտանալ փուչ փառքով, ինքն իրեն երևակայել, երբ իրականում ոչինչ ես (Գրիգոր Աստվածաբան):
13. Քրիստոս հեզերինն է և ոչ թե նրանցը, ովքեր իրենց բարձրացնում են Իր հոտի վրա: Աստծո մեծության գավազանը` մեր Տեր Հիսուս Քրիստոս, չեկավ պարծանքի և հպարտության փայլով, թեև կարող էր, այլ` խոնարհությամբ (Կղեմես Հռովմեացի):
14. Նա, ով իրեն իմաստուն է համարում, զրկվում է Աստծո իմաստությունից (Իսահակ Ասորի):
15. Չհպարտանանք, քանի որ եթե Աստված Իր շնորհը վերցնի, մենք էլ Սոդոմ Գոմորին կնմանվենք (Թովմաս Ակվինացի):
16. Չկա ավելի մեծ մեղք, քան հպարտությունը` բոլոր չարիքների արմատը, որը մարդուն նմանեցնում է դևի («Հոգևոր Պատերազմ» գրքից):
17. Միշտ պետք է վախենալ հոգևոր հպարտությունից, քանի որ նա փուչ է դարձնում մեր բոլոր գործերը («Հոգևոր Պատերազմ» գրքից):
18. Երբ զգում ես, որ լցվում ես հպարտությամբ, ապա իմացի՛ր, որ դա ուրիշներից ստացած գովեստների արդյունքն է (Հոգեշահ գրքերից):
19. Հայհոյող դևը չնայած հարձակվում է բոլորի վրա, բայց հպարտներն ավելի շատ են տառապում նրա հայհոյիչ մտքերից (Հոգեշահ գրքերից):
20. Պարծենկոտությունը ջնջում է բարի գործերը (Հոգեշահ գրքերից):
21. Հպարտների սրտում ծնվում են հայհոյական խոսքեր, իսկ խոնարհամիտների հոգիներում երկնային հայտնություններ (Հոգեշահ գրքերից):
22. Առանց Աստծո օրհնության մեր բոլոր բարի և օգտակար գործերում հպարտություն կա, որը հակառակ է Աստծուն (Հոգեշահ գրքերից):
23. Հպարտն ուզում է ամեն բանի մեջ առաջին տեղը բռնել, մարդկանց հիացմունքին և ուշադրությանն արժանանալ, բոլորի սերն ու համակրանքը շահել, բայց իր բոլոր ջանքերին հակառակ` նա դառնում է շատերի համար ծաղրի առարկա (Տեր Գաբրիել քահանա):
24. Հպարտությունն ամենավսեմ առաքինությունների մեջ էլ է խցկվում, և ամենազարմանալին այն է, որ նույնիսկ խոնարհության մեջ էլ է ինքն իրեն հայտնում և սա կոչվում է հոգևոր հպարտություն: Մարմավոր հպարտության պես հոգևոր հպարտությունն էլ մեծ չարիքներ է առաջ բերում. մանավանդ չարիքներից ամենամեծը, քանի որ Աստծուն իրեն հակառակորդ և թշնամի է դարձնում, ինչպես Սուրբ Գիրքն էլ վկայում է. «Աստված հակառակ է ամբարտավաններին», նաև` «Ահա Ես քեզ դեմ եմ, ո՛վ հպարտ, ասում է Զորությունների Տերը», իսկապես, Աստված բոլոր մոլություններից էլ զզվում է, բայց գոնե նրանց Իրեն թշնամի չի հայտարարում: Մարդ որքա՜ն ավելի պատճառ ունի ահ ու դողի մեջ լինելու, երբ Աստված իրեն որպես թշնամի ունենա: Ուրեմն պետք է հպարտության ամեն տեսակ դրսևորումները հաղթահարել և զգույշ լինել. թեպետ այս մեղքը պարտության մատնելը դյուրին չէ: Շատ կարևոր է նրա դեմ գործածվող զենքերը ընտրել իմանանք, որ է` խոնարհության զենքը (Տեր Գաբրիել քահանա):
25. Հիշիր նաև վերջդ, թե ինչպես հողից ստեղծված մարմինդ դարձյալ հողին պիտի դառնա ու փոշու պիտի վերածվի. վայե՞լ է արդյոք հպարտանալ հող ու մոխրին: Իսկ եթե կյանքդ բարի գործերով ու ծառայություններով լեցուն է, և սրանց համար ես հպարտանում, այդժամ Քրիստոսի պատվիրանի համեմատ պետք է ասես. «Անպիտան ծառա եմ, ինչ-որ պարտական էի անելու` արեցի» (Տեր Գաբրիել քահանա):
26. Շողոքորթներն առավել խաբում են հպարտ առաջնորդներին և նրանց գցում վտանգի մեջ: Նրանք չեն խոսում ճշմարիտը, որ գիտեն, այլ խոսում են այնպես, ինչպես որ հաճո է առաջնորդի կամքին, դրա համար էլ միշտ փոխում են և այլայլում ճշմարիտը, մանավանդ այն, ինչ վերաբերվում է առաջնորդին (հովվին) (Պողոս Պատրիարք):
27. Հպարտությունն ու նախանձն էր, որ սատանային աստվածանալու ցանկությանը մղեց, և այժմ էլ ջանում է բոլոր մարդկանց կողմից երկրպագվել (Գրիգոր Տաթևացի):
28. Խոնարհություն է, որ մարդ բոլոր դրժելի իրերից զարհուրում, զգուշանում և չի հպարտանում` ասելով. «Ո՞վ ինձ կհաղթի», որի մասին Սողոմոնն ասում է. «Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, իսկ հպարտն ինքն իրեն ապավինելով, որոգայթի մեջ է ընկնում» (Անանիա Նարեկացի):
29. Սովորեցրու լեզվիդ արտաբերել. «Ներիր ինձ», և կխոնարհվես, այդպիսի խոնարհությունը կքանդի սատանայի բոլոր խարդավանքները (Անտոն Անապատական):
30. Սիրիր խոնարհություն, և նա կծածկի քո բոլոր մեղքերը (Անտոն Անապատական):
31. Քո ընթացքում հետևիր խոնարհությանը (Անտոն Անապատական):
32. Մի զարմացիր, երբ սիրելիներդ թշնամանում են քեզ հետ: Դա չարի հնարքներն են: Մի նեղացիր, երբ վատ կխոսեն քո մասին, դա չար ոգիների ազդեցությունն է, որոնք ջանում են արգելքներ դնել մարդու հոգևոր առաջադիմությանը, որը ձեռք է բերվում հնազանդությամբ (Անտոն Անապատական):
33. Ամեն բանում խոնարհ եղիր` կեցվածքում, հանդերձանքում, նստելիս, կանգնելիս, անկողնում և տանդ (Անտոն Անապատական):
34. Ով առաքինություններով զիջում է քեզ, դու նրան համարիր քեզ հավասար, իսկ ով հավասար է քեզ` դու նրան համարիր քեզանից շատ անգամ ավելի բարձր (Անտոն Անապատական):
35. Մի նախանձիր նրանց, ովքեր վեր են բարձրանում, այլ ավելի լավ է, որ բոլոր մարդկանց համարես քեզանից բարձր, այնժամ Աստված կլինի քեզ հետ (Անտոն Անապատական):
36. Մի գնա հպարտների հետ, այլ նախընտրիր խոնարհներին (Անտոն Անապատական):
37. Սիրիր աշխատանքը, ենթարկվիր բոլորին, շուրթերդ միշտ փակ պահիր և կհասնես խոնարհության, իսկ խոնարհությունդ կթողնի քո բոլոր մեղքերը (Անտոն Անապատական):
38. Ամեն ինչից առաջ մի համարիր, թե ինչ-որ մի բան ես ներկայացնում քեզանից, քանի որ, եթե այդպես վարվես` դա քո մեջ խոնարհություն կծնի, խոնարհությունը կծնի գիտություն (փորձառություն և ողջախոհություն), գիտությունը կծնի հավատ, հավատն էլ իր հերթին կծնի ապավինություն, ապավինությունը կծնի սեր, իսկ սերն էլ իր հերթին կծնի հնազանդություն, իսկ հնազանդությունը կծնի անփոփոխ և մշտական ամրություն` բարին գործելու (Անտոն Անապատական):
39. Երբ կսկսեն գովել քեզ քո արած գործերի համար, դու մի ուրախացիր դրանով, և թող այդ բանը քեզ հաճելի չթվա: Թաքցրու քո գործերը, որքանով որ այդ հնարավոր է, թույլ մի տուր քեզ, որպեսզի ինչ-որ մեկին առիթ տաս դրանց մասին խոսելու և ամեն կերպ աշխատիր հասնել այն բանին, որ մարդիկ չգովեն քեզ (Անտոն Անապատական):
40. Եթե մեկը քեզ հանդիմանի մեղքի համար, որին դու անհաղորդ ես` խոնարհվիր քեզ հանդիմանողի առջև ու անապականության պսակ կստանաս (Անտոն Անապատական):
41. Եթե գովում են քեզ, ապա Աստծուց չես գովվի (Հովհան Ոսկեբերան):
42. Խոնարհվող մեղավորները առանց բարի գործերի էլ են արդարանում, իսկ արդարները, իրենց ձեռք բերածն էլ են կորցնում հպարտության պատճառով (Հովհան Ոսկեբերան):
43. Նա է իր մասին շատ իմանում, ով իրեն ոչինչ է համարում (Հովհան Ոսկեբերան):
44. Եղիր խոհեմ, լռությամբ փակիր չարախոսների բերանները: Մի նեղացիր, երբ որևէ մեկը չարախոսի քեզ, դա չար ոգիների ներգործությունն է, որոնք ջանում են արգելքներ դնել մարդու հոգևոր առաջընթացին (Հովհան Ոսկեբերան):
45. Եթե չես ասում, թե մեղավոր եմ, ուրեմն չես ատում անձդ, քանզի հենց միայն «մեղավոր չեմ» ասելով մեղանչում ես: Բայց մանավանդ ասա՛, թե մեղավորներից էլ ավելի հանցավոր եմ Աստծո պատվիրանների հանդեպ: Այսպես է պետք խորհել ամեն ժամ և ասել, թե անպիտան եմ, նաև միմյանց խոնարհությամբ ավելի մեծարել, քան սեփական անձերը: Այսուհետև երկյուղով և խոնարհությամբ մոտեցիր Աստծուն, իսկ երբ մատուցես խոնարհության խոսքը, ասա` «Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր, քանզի երկայնամտությամբ ներեցիր ինձ և ցայժմ առանց տանջանքների պահեցիր, քանզի, Տե՛ր, ես արժանի էի մեծ պատուհաս կրելու և Քո կողմից արհամարհվելու: Իսկ Քո անոխակալ մարդասիրությունը ներողամիտ գտնվեց իմ հանդեպ: Գոհանում եմ քեզանից, թեպետ արժանի չեմ երկայնամտությանդ գովությանը»: Եվ երբ երկուսն էլ` փառաբանությունն ու խոնարհությունը կատարես, այնժամ խնդրի՛ր այն, ինչ որ պետք է խնդրեիր (Բարսեղ Կեսարացի):
46. Ոչ ոքի մի՛ հարցրու բաների մասին, որ քեզ պետք չեն: Սովորի՛ր ամեն մարդու մասին բարին խոսել, իսկ քեզ նվաստացնել, դրանում մեծ խոնարհություն կա, որ հոգին դժոխքից բարձրացնում և հատում է կրքերը, սա մեծ հաղթանակ և զենք է սատանայի դեմ (Եփրեմ Ասորի):
47. Ով ուզում է տեղաշարժել քարը, նա ոչ թե վերևից է դնում լծակը, այլ ներքևից և հեշտությամբ շրջում է այն: Սա խոնարհության օրինակ է (Եփրեմ Ասորի):
48. Հիշիր զորավորների անկումը և խոնարհվիր առաքինություններիդ մեջ (Եփրեմ Ասորի):
49. Եթե ուզում ես ճշմարիտ խոնարհություն ձեռք բերել, ապա քաջաբար համբերի՛ր ուրիշների կողմից հասցրած վիրավորանքներին (Հայր Սրապիոն):
50. Խոնարհի աղոթքը խոնարհեցնում է Աստծուն, իսկ հպարտի խնդրանքը վիրավորում է Նրան (Նեղոս Սինայեցի):
51. Ճշմարիտ խոնարհությունն այն է, որ խոնարհվենք բոլորի առջև, քանզի եթե խոնարհվում ենք ոմանց առջև, նշանակում է խոնարհությունը կեղծ է (Նեղոս Սինայեցի):
52. Եթե ինքդ քեզ չափում ես փոքր չափով, քեզ ուրիշի հետ չես չափի (Նեղոս Սինայեցի):
53. Անարգված Դավիթը ոչ մի հակառակ բան չասաց, այլ կանգնեցրեց նույնիսկ Աբեսայի վրեժխնդրությունը (Բ Թագ. 16:10): Դու էլ, երբ ենթարկվում ես անարգանքների, ոչ միայն մի պատասխանիր այդ լուտանքներին, այլ սանձիր նաև նրան, ով ուզում է վրեժխնդիր լինել քո փոխարեն (Նեղոս Սինայեցի):
54. Հանդարտ ծովը հաճելի տեսարան է, բայց ավելի հաճելի է հոգու անդորրը (Նեղոս Սինայեցի):
55. Եթե ուզում ես խոնարհվել և փշրված սիրտ ձեռք բերել, մի կարդա աշխարհիկ գրականություն (ոչ պատմական, ոչ էլ այլ բովանդակության), մի ծանրացիր նույնիսկ Հին Ուխտի գրքերի վրա, այլ կարդա «Նոր Կտակարանը», հայրերի տառապալից վարքը, և այս ամենից մեծ օգուտ ձեռք կբերես (Նեղոս Սինայեցի):
56. Խոնարհություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է կարդալ և հիշել սրբերի վարքը ու նրանց կյանքը համեմատել մեր կյանքի հետ (Նեղոս Սինայեցի):
57. Կապանքներ դնելով ծնոտներիդ, դու զգալի ցավ կպատճառես քեզ սպառնացողին ու անարգողին (Նեղոս Սինայեցի):
58. Չսպասենք, որ մեզ առաջինը բարևեն, և ապա նոր մենք պատասխանենք, դա գոռոզամտության և անմտության նշան է, ընդհակառակը, միշտ առաջինը պետք է բարևել թե՛ բարեկամներին, թե՛ թշնամիներին (Նեղոս Սինայեցի):
59. Առաքինությունները բախում են Աստծո սրտի դռները, բայց խոնարհությունն է բացում այն (Օգոստինոս Երանելի):
60. Հոգու խոնարհությունը անպարտելի զենք է (Եվագր Պոնտացի):
61. Չարին չարով մի պատասխանիր և վիրավորանքով` վիրավորողին, քանի որ դրանցով Աստված խոնարհեցնում է քեզ` տեսնելով, որ դու ինքդ չես ուզում խոնարհվել (Եվագր Պոնտացի):
62. Ամենից շատ, ինչպես գեհենի կրակներից, պետք է զգուշանալ այն մտքից, որ մենք աստվածահաճո կյանքով ենք ապրում (Աբբա Դորոթեոս):
63. Ինքն իրեն դատելը խոնարհություն է: Քրիստոնեական խոնարհության առաջին աստիճանը եղբորն ավելի խելացի և ամեն ինչում քեզնից առավել համարելն է, մի խոսքով, ինչպես ասել են սուրբ հայրերը, համարես ինքդ քեզ ամենից ցածրը: Խոնարհության երկրորդ աստիճանը բոլոր հոգևոր հաղթանակներդ Աստծուն վերագրելն է: Սա է սրբերի խոնարհությունը և կատարելությունը (Աբբա Դորոթեոս):
64. Ավելի ջանա չտեսնելու և չլսելու այլոց մեղքերը (Աբբա Դորոթեոս):
65. Մեզ համար սովորական է դարձել «ես մեղավոր եմ» ասելը, սա հաճելի է Աստծուն, բայց հոգանք, որ միայն բերանի խոսք չլինի, այլ սրտից բխած (Աբբա Դորոթեոս):
66. Պատահում է, որ մարդ իրեն խոնարհեցնում է, բայց իր փառքի համար (Աբբա Դորոթեոս):
67. Խոնարհությունը ոչ ոքի վրա չի բարկանում և ոչ ոքի չի բարկացնում (Աբբա Դորոթեոս):
68. Ամբարտավան ու հպարտացող անձի դեմ միայն խոնարհությամբ կարելի է պատերազմել ու հաղթել (Աբբա Դորոթեոս):
69. Հոգին, երբ խոնարհվում է, միայն այնժամ է պտղաբերում (Աբբա Դորոթեոս):
70. Քեզ միշտ այնպես պահիր, որպես թե հեռու ես ամեն առաքինությունից և Աստծո պատվիրաններից. անարգ, քան ամեն մարդ, և մեղավորներից ամենամեղավո՛րը համարիր քեզ: «Եվ եթե համեմատվեմ քրիստոնյայի հետ, հող և մոխիր լինելով` ստվերի պես է իմ ողջ արդարությունը, եթե Աստծո մեծ ողորմությունը և շնորհը չունենամ: Այլ ըստ Գրքի ճշմարտության` չեմ ակնկալում ապրել, այլ միայն ընկնել հավիտենական տանջանքների մեջ, եթե կամենա ինձ դատել` ըստ իմ մեղքերի կամ ըստ կասկածելի իմ բարության: Չեմ կարող վեր նայել, քանզի լի եմ անարգանքով» (Հայր Սրապիոն):
71. Ով երկնչում է չար ոգիների հարձակումից, ցույց է տալիս իր անհավատությունը Աստծու հանդեպ, իսկ եթե իրեն խոնարհեցնի Քրիստոսի առջև, նրանցից ավելի հզոր կլինի (Հայր Սրապիոն):
72. Եթե ուզում ես ձեռք բերել ճշմարիտ խոնարհություն, ապա սովորիր քաջաբար համբերել ուրիշի կողմից հասցվող վիրավորանքներին (Հայր Սրապիոն):
73. Շատերը փրկության արժանացան առանց մարգարեության, առանց նշանների ու հրաշքների, բայց առանց խոնարհության ոչ ոք չի տեսնի երկնային օթևանները (Հովհաննես Սանդուղք):
74. Ջանասիրաբար խմիր անարգանքները, ինչպես կխմեիր կենաց ջուրը` ամեն մեկի ձեռքից, ով կցանկանա քեզ խմեցնել այդ դեղամիջոցից, քանզի այն կմաքրի քեզ շնության կրքից և խորունկ մաքրություն կփայլատակի անձիդ մեջ, և Աստծո լույսը չի մարի քո սրտում (Հովհաննես Սանդուղք):
75. Մի փոքր կրակը կակղեցնում է մոմի մեծ քանակություն: Շատ հաճախ, մի փոքր անպատվությունը, որ հասցվում է մեզ, հանկարծ կակղեցնում ու ոչնչացնում է մեր մեջ եղող բոլոր վայրագությունները ու անզգամությունները և սրտի կարծրացումը (Հովհաննես Սանդուղք):
76. Սնդիկը, եղբայրնե՛ր, մեզ համար կարող է հնազանդության հոյակապ օրինակ ծառայել. բոլոր հեղուկներից ավելի ցած է իջնում և երբեք չի խառնվում անմաքուր նյութերի հետ (Հովհաննես Սանդուղք):
77. Երանելի են այն աչքերը, որոնք մարդը խոնարհության պատճառով չի համարձակվում Աստծուն բարձրացնել (Աբբա Եսայի):
78. Եթե մեկը խոնարհությամբ ասի. ների՛ր ինձ, դրանով նա կայրի դևերին (Աբբա Եսայի):
79. Խոնարհությունն այն է, երբ մարդ իրեն Աստծո առջև միշտ մեղավոր է ճանաչում, և համարում է, որ ինքը ոչ մի բարի գործ չի արել Աստծո համար (Աբբա Եսայի):
80. Ինքնաանարգանքն այն տեղն է, որտեղ ձեռք է բերվում հանդարտությունը (Աբբա Եսայի):
81. Հեզությունն ի հայտ է գալիս համբերության մեջ (Աբբա Եսայի):
82. Ում սիրտը մաքուր է, նա բոլոր մարդկանց մաքուր է համարում, բայց ում սիրտը պղծված է մոլություններով, նա ոչ ոքի մաքուր չի համարում և բոլորին իր նման է տեսնում (Աբբա Եսայի):
83. Որքան կարող ես նվաստացրու քեզ, այսինքն հանդիմանիր, մեղադրիր ինքդ քեզ մեղքերիդ համար, հարկադրելով քեզ տեսնել բոլոր մարդկանցից ցածր: Սա է ճշմարիտ ճանապարհը, այլ ճանապարհ չկա (Բարսիլիսկոս Մեծ):
84. Չունե՞ս խոնարհություն. խոնարհության գործեր արա: Եթե հակաճառում են` զիջիր, եթե վրադ զայրանում են` լռիր և քեզ մեղադրիր, իսկ առավել աղոթիր նրա համար` ասելով «Փրկիր նրան, Տեր, և ողորմիր: Նրա սուրբ աղոթքներով շնորհիր ինձ խոնարհություն և համբերություն» (Բարսիլիսկոս Մեծ):
85. Երբ քեզ չեն պարգևատրում, երբ քո աշխատությունները չեն նկատում և քեզ վերջինն են համարում, այս ամենը համարիր քեզ համար հոգեշահ, քանի որ քեզ համար լավ առիթ է խոնարհվելու համար (Բարսիլիսկոս Մեծ):
86. Միշտ ցանկացիր նախանձախնդրությամբ, մեծ ջանքով և Աստծո օգնությամբ անձդ խոնարհեցնել եղբայրների առջև և նրանց համար հրաժարվել սեփական ցանկություններից (Բարսիլիսկոս Մեծ):
87. Համբերությամբ կրենք ուրիշների անմտությունը, անհասկացողությունը, անարգանքը, բարկությունը և անհոգությունը (Բարսիլիսկոս Մեծ):
88. Հարց. -Ես դոգմատիկ գրականություն ունեմ: Եվ երբ կարդում եմ, միտքս կրքոտ խորհուրդներից տեղափոխվում է դոգմատիկ ոլորտը: Երբեմն ներքին մի ձայն արգելում է ինձ կարդալ այդ գրքերը, ես ինչպե՞ս վարվեմ:
Պատ. -Չէի ցանկանա նման գրականություն կարդայիր, որովետև դրանք տառապանք են տալիս մտքին: Ավելի լավ է հայրերի խրատները լսես, որոնք միտքը սանձում են` խոնարհեցնելով: Ես սա ասացի ոչ թե դոգմատիկ գրականությունը թերագնահատելու պատճառով, այլ այդ քեզ եմ խորհուրդ տալիս, քանզի բազմապիսի է կերակուրը (Բարսիլիսկոս Մեծ):
89. Հարց. -Եթե ակնհայտ դառնա, որ ես որևէ մեկի դեմ չեմ մեղանչել, այլ ընդհակառակը, իմ դեմ են մեղանչել, ինչպե՞ս կարող եմ հանդիմանել ինքս ինձ: Օրինակ, եթե ճանապարհին ինձ մի մարդ պատահի, որին երբեք չեմ ճանաչել, և հանդիպելիս ոչ մի բառ չարտաբերած, նա ինձ հարվածի, ինչպե՞ս կարող եմ ինքս ինձ մեղադրել:
Պատ. -Կարող ես ասել` ես եմ մեղավոր, եթե չգնայի այդ ճանապարհով, չէի հանդիպի այդ մարդուն, և նա չէր խփի ինձ: Տեսնո՞ւմ ես, անգամ այս դեպքում կարող ես քեզ մեղադրել (Բարսիլիսկոս Մեծ):
90. Հարց. -Երբ որևէ մեկի հետ զրուցում եմ Սուրբ Հայրերի կյանքի վերաբերյալ կամ նրանց պատասխաններն եմ քննում, սիրտս ամբարտավան է դառնում: Ասա ինձ, ինչպե՞ս կարող եմ հեզ ու իմաստուն վարել զրույցը: Ո՞վ կարող է խոսել նրանց մասին և ի՞նչ նպատակով:
Պատ. -Երբ դու Սուրբ Հայրերի կյանքի կամ նրանց տված պատասխանների մասին ես խոսում, պետք է դատես ինքդ քեզ, ասելով` վայ ինձ, որ խոսում եմ առաքինություններից, սակայն ինքս ոչ մի բան չունեմ և չեմ վաստակել: Եվ ապրում եմ ուրիշներին սովորեցնելու համար` նրանց իսկ օգուտի համար. հանկարծ ես էլ առաքյալի ասածը չդառնամ. «Դու, որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չե՞ս ուսուցանում» (Հռոմ. 2:21): Եվ երբ այսպես ասես, սիրտդ կհնազանդվի, իսկ խոսքդ խոնարհությամբ կհնչի: Սակայն դու պետք է հաշվի առնես, թե ում ես ասում: Երբ գիտես, որ լսողը օգուտ է քաղում, ապա խոսիր, այլապես չարժե անգամ զրուցել, քանզի գրված է. «Պայծառ շարված սարդիոն և ոսկի գինդեր են իմաստուն խոսքերը լսող ականջների համար» (Առակ. 25:12), որ այնպես չլինի թե. «Մի տվեք սրբությունը շներին. և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք» (Մատթ. 7:6): Տերը թող քեզ պահպանի, եղբայր, որպեսզի խոնարհությամբ անցնես ճամփադ (Բարսիլիսկոս Մեծ):
91. Կա արարք և հակվածություն, որն առաջնորդում է խոնարհության` լռակյացությունը, իր մասին խոնարհ կարծիքը, խոնարհաբար խոսելը, համեստ հագնվելը, ինքնանվաստացումը, փշրված հոգին և իրեն միշտ վերջինը համարելը (Հարանց Վարք):
92. Քո մշտական մտածումների առարկան թող լինի մահը (Հարանց Վարք):
93. Սովորեցրու սրտիդ կամաց-կամաց ամեն եղբոր համար ասել. «Իսկապես նա ինձանից լավն է», այսպիսով կամաց-կամաց կսովորես քեզ բոլորից մեղավոր համարել (Հարանց Վարք):
94. Երբ պատերազմներ չունենք, մեզ առավել է պետք խոնարհվել, որովհետև Աստված տեսավ մեր տկարությունը ու մեզ առանց պատերազմի թողեց: Իսկ եթե պարծենում ենք, վերցնում է Իր օգնությունը ու կործանվում ենք (Հայր Քսաֆոթս):
95. Հավատացյալի զարդը խոնարհությունն է, ինչպես լեռները երբեք շուռ չեն գալիս, նույնպես խոնարհը երբեք չի բարկանում և չի բարկացնում ոչ ոքի (Հայր Քսաֆոթս):
96. Նա, որ խոնարհ է, խոնարհեցնում է դևերին, իսկ նա որ խոնարհ չէ, ինքն է խոնարհվում դևերին (Հայր Մովսես):
97. Ինչպես առանց աղի է ամեն կերակուր անհամ, այդպես էլ առանց խոնարհության` յուրաքանչյուր առաքինություն (Իսահակ Ասորի):
98. Քո հանդեպ արված բարեգործությունները գրիր քարի վրա, իսկ վիրավորանքները` ջրի (Հայր Իսիդոր):
99. Մեծ է բարձունքը խոնարհության, խորն է անդունդը մեծամտության, և սրա համար էլ խորհուրդ եմ տալիս ձեզ. սիրեցեք առաջինը, որպեսզի չընկնեք երկրորդի մեջ (Հայր Իսիդոր):
100. Խոնարհությունը մեր մեջ կյանք չի դառնա, եթե նախ դուրս չնետենք մեր հոգիները սպանող բեռը` ամբարտավանությունը (Հայր Հելասիոս):
101. Խոնարհություն է չնեղանալ մարդկանցից, որոնք մեզ թերություններ ու մեղքեր են վերագրում («Հոգևոր Պատերազմ» գրքից):
102. Խոնարհություն է ինքն իրեն Աստծո առջև նվաստացնելը, որպես թե մեկը, որը որևէ բարի բան չի գործում: Խոնարհություն է չվիճելը, աչքի առջև մահն ունենալը, ղեկավարին չհակաճառելը, բոլոր գործերում ջանալը, չզայրացնելը և չնախանձելը ոչ ոքի («Հոգևոր Պատերազմ»):
103. Խոնարհություն է սովորելու մշտական ձգտումը («Հոգևոր պատերազմ»):
104. Բոլոր դեպքերում ասա. «Ես ո՞վ եմ» և մի դատիր ոչ մեկին: Քո մասին երբեք ոչ մի լավ բան մի ասա («Հոգևոր Պատերազմ»):
105. Խոնարհության երեք խոսքերն են` ներիր, օրհնիր և աղոթիր ինձ համար («Հոգևոր Պատերազմ»):
106. Չարը բռնում է այն հոգուն, որը սիրում է հիշել իր բարի գործերը, հպարտանալով ուրիշների առջև և ինքն իր առջև, դրանով իսկ կորցնում է իր ծառայությունը Տիրոջ առջև («Հոգևոր Պատերազմ»):
107. Եթե որևէ մեկը բարկանա քեզ վրա, ասա նրան. «Մեղանչեցի, ներիր հանուն Աստծու»: Եթե այս այբուբենը չսովորես, ոչ մի տեղ հանգիստ չես լինի (Հոգեշահ գրքերից ):
108. Խորհուրդ եմ տալիս աղոթքների մեջ հիշել այն մարդկանց, որոնք ձեզ թշնամացած են թվում (Հոգեշահ գրքերից):
109. Ե՞րբ և ինչպե՞ս արտասանել «Ների՛ր» բառը:
Ամեն խոսքի և գործի ժամանակ պետք է ասել` ների՛ր, ոչ ստիպողաբար, այլ ապաշխարությամբ և խոնարհությամբ (Հոգեշահ գրքերից):
110. Պետք է անձդ խոնարhեցնես քեզ վրա իշխանություն բանեցնել ցանկացողի առջև (Հոգեշահ գրքերից):
111. Անհրաժեշտ է ներողություն խնդրել կատարած մեղքի համար, եթե մեղքդ մեծ է` խոնարհվիր, եթե փոքր է, ասա բերանով և սրտի զղջմամբ. «Ներիր ինձ, եղբայր» (Հոգեշահ գրքերից):
112. Խոնարհության համար անհրաժեշտ է մտածել մեղքերի մասին, բայց չխորանալ մանրամասնությունների մեջ (Հոգեշահ գրքերից):
113. Վախեցեք ձեզ համարել պահք պահող, երբեմն համտես արեք ինչ-որ համեղ բան, որպեսզի ձեզ պահեցող չհամարեք (Հոգեշահ գրքերից):
114. Պետք է քեզ համարես անմիտ, ցածրագույնը և ընդհանրապես ոչինչ չնշանակող մեկը (Հոգեշահ գրքերից):
115. Արդեն որքան է, որ դու քրիստոնյա ես, բայց մինչև հիմա խոնարհություն ձեռք չես բերել, միշտ արդարացնում ես քեզ, և չես կարողանում մեղքդ գիտակցել և ասել դիմացինին. «Ներիր և Աստված կների» (Հոգեշահ գրքերից):
116. Ինչպիսի վիշտ էլ քեզ պատահի, բացի քեզանից ոչ ոքի մի՛ մեղադրիր, այլ ասա` այս ինձ պատահեց իմ մեղքերի պատճառով (Հոգեշահ գրքերից):
117.Խոնարհությունն առանց ջանքերի շատերին է փրկել: Իսկ ջանքերն առանց խոնարհության զուր են, նրանք կործանում են մարդուն (Հոգեշահ գրքերից):
118. Ավելի գերադասում եմ պարտությունը խոնարհությամբ, քան հաղթանակը` հպարտությամբ (Հոգեշահ գրքերից):
119. Քո հանդեպ եղող չարախոսությունները և թյուրիմացություններն Աստծո թույլատու կամքով են լինում` քեզ համբերությամբ օժտելու համար, և դու շատ մի՛ արդարացիր, որպեսզի չզրկվես վարձքից և նախկին մեղքերիցդ էլ մաքրվես (Հոգեշահ գրքերից):
120. Ինչպե՞ս վերաբերվել ինքնաարդարացմանը:
Ինքնաարդարացումը մարդուն դժոխք է տանում, հրաժարումը ինքնաարդարացումից սովորեցնում է խոնարհություն (Հոգեշահ գրքերից):
121. -Ուզում եմ խոնարհ լինել:
- Եթե իսկապես ցանկանում ես խոնարհ լինել, ապա ցանկացիր ամեն տեսակի վիրավորանքներ, նեղություններ, ինչպես որ քաղցածն ուտելիք է ցանկանում (Հոգեշահ գրքերից):
122. Շատ դժվար է զիջել ուրիշներին: Սա կարող են անել միայն զորեղները, իսկ թույլերը պնդում են իրենցը (Հոգեշահ գրքերից):
123. Ամենակարևոր և օգտակար գիտությունն ինքնաճանաչողությունն է և սեփական «եսն» արհամարհելը (Թովմաս Գեմբացի):
124. Ոչ մի լավ բան սեփական անձին չվերագրելը, ուրիշների մասին բարին խորհելը իմաստություն է վսեմ և մեծագույն կատարելություն (Թովմաս Գեմբացի):
125. Երբ տեսնես եղբայրդ բացեիբաց հանցանք է գործում, մի կարծիր, թե դու իրենից լավն ես, որովհետև չգիտես, թե որքան ժամանակ ես հարատևելու բարու մեջ: Մենք բոլորս էլ տկար ենք: Սակայն մտածիր, որ դու ես բոլորից տկարը (Թովմաս Գեմբացի):
126. Դատաստանի օրը մեզ չեն հարցնելու, թե ինչ ենք կարդացել, այլ` ինչ ենք արել: Ոչ էլ կհարցնեն, թե ինչպես խոսեցինք, այլ` ապրեցի՞նք արդյոք անբասիր կյանքով (Թովմաս Գեմբացի):
127. Իրոք, մեծ է նա, ով եղբայրասեր է: Արդարև մեծ է նա, ով իր աչքին փոքր է երևում և ում համար աշխարհի պատիվն ունայն է (Թովմաս Գեմբացի):
128. Մի վստահիր քո գիտելիքներին և կամ ճարպկությանը, այլ վստահիր Աստծու շնորհին, որն օգնում է խոնարհներին և խոնարհեցնում է ամբարտավաններին (Թովմաս Գեմբացի):
129. Դու քեզ ուրիշներից ավելի լավը մի համարիր, գուցե թե Աստծու աչքին ամենաամբարտավան մարդն ես, որովհետև միայն Աստված գիտի, թե ինչ է թաքնված մարդու սրտում (Թովմաս Գեմբացի):
130. Մի հպարտացիր բարի գործերովդ, որովհետև Աստծու դատաստանը տարբերվում է մարդու դատաստանից, և ինչը հաճելի է մարդկանց, հաճախ տհաճ է Աստծուն (Թովմաս Գեմբացի):
131. Եթե քո մեջ բարություն կա, համոզված եղիր, որ ուրիշներն ավելի բարի են, և սա քեզ կօգնի միշտ խոնարհ լինել (Թովմաս Գեմբացի):
132. Ոչ մի բան վտանգի չես ենթարկում, եթե քեզ թերագնահատում ես, սակայն մեծ վնասներ կկրես, եթե գերադասես քեզ ուրիշներից (Թովմաս Գեմբացի):
133. Խոնարհ մարդն անխռով խաղաղություն ունի: Բարկությունն ու նախանձը կրծում են ամբարտավանի սիրտը (Թովմաս Գեմբացի):
134. Դու մի շողոքորթիր հարուստներին և մի ցանկացիր աշխարհի հզորների կողքին կանգնել: Խոնարհներին, պարզերին և աստվածապաշտ անձանց ընկերակցիր` զարդարված բարի վարքով, զրույցներդ կենտրոնացրու շահեկան նյութերի շուրջ (Թովմաս Գեմբացի):
135. Որպեսզի մենք միշտ խոնարհ լինենք, հաճախ ավելի օգտակար է, որ ուրիշները տեսնեն մեր թերություններն ու հանդիմանեն մեզ (Թովմաս Գեմբացի):
136. Որդյակ, թե շնորհը քեզ բարեպաշտության ձգտում ներշնչի, քեզ համար լավ է և ապահով ծածուկ պահել այն, չհպարտանալ, քիչ խոսել այդ մասին, չգերագնահատել այն, այլ ընդհակառակը` մնալ համեստ և դողալ ստացած շնորհի համար, որին գուցե թե արժանի չէիր (Թովմաս Գեմբացի):
137. Մեր բնությունը սարսափում է խոնարհեցումներից ու արհամարհանքից: Շնորհն, ընդհակառակը, վայելում է «Հիսուսի անվան համար ընդունված նախատինքները» (Գործք. 5:41) (Թովմաս Գեմբացի):
138. Սիրիր հարցեր տալ: Լռությամբ ունկնդրիր սրբերի խոսքը, մի արհամարհիր ծերերի մեկնությունները: Դրանք զուր չեն ասվել (Թովմաս Գեմբացի):
139. Եղբայր, անպտուղ երազանքների մեջ չմսխենք մեր օրերը, այլ ձգտենք արտասվախառն ողբով ստանալ երանություն և աշխատենք հասնել աղքատների ու հեզերի վիճակին (Թովմաս Գեմբացի):
140. Առանց խոնարհության բարեգործությունները փոշու են նման, որ թեթև սյուքը հօդս է ցնդեցնում (Ներսես Լամբրոնացի):
141. Արդ, ինչպես ասում է առաքյալը. «Ամենայն խոնարհությամբ միմյանց պետք է ավելի լավ համարել, քան ինքներդ ձեզ»: Արդ, «ամենայն» ասելով` հայտնում է, որ խոնարհության մասերը շատ են. կան ոմանք, որ խոնարհությունից քիչ մաս ունեն, ոմանք` շատ, և մյուսները` ամբողջը (Անանիա Նարեկացի):
142. Խոնարհություն է, երբ մարդ համբերում է եղբորը բարկության ժամին և իրեն է հանցավոր համարում, քանզի զայրանալը և ընդդիմանալը հպարտություն է, ինչպես ասում է Սողոմոնը. «Ամբարտավան մարդը նախատինքների չի համբերում» (Անանիա Նարեկացի):
143. Խոնարհություն է լռությունը, երբ մարդ իրեն արժան չի համարում առաջ գալ և բազմության առջև խոսել, ինչպես ասում է Տերը. «Ով իր անձից է խոսում, իր անձի փառքն է որոնում» (Անանիա Նարեկացի):
144. Խոնարհություն է, երբ մեծարում են ընկերոջդ և քեզ անտեսում, դու չես տրտմում, այլ այսպես ես ասում, թե. «Սրան էլ արժանի չեմ, ինչ ունեմ», ինչպես ասում է Սողոմոնը. «Մեծամեծներին մի ձգտիր, այլ չափի մեջ պահիր քո անձը և Տիրոջ առջև շնորհներ կգտնես» (Անանիա Նարեկացի):
145. Խոնարհություն է, երբ ընկերոջը ծառա չի պահում, այլ ինքն է նրան ծառայում, ինչպես ասում է Տերը. «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» (Անանիա Նարեկացի):
146. Խոնարհություն է, երբ տեսնում ես որևէ մեկի հանցանքը և չես բամբասում և ոչ էլ դատում նրան, այլ այսպես ասում, թե. «Ես ինքս հանցավոր եմ, ուրիշ մեկին ինչպե՞ս դատեմ», որի մասին Տերն ասում է. «Մի դատեք, որպեսզի չդատվեք» (Անանիա Նարեկացի):
147. Հպարտն արժանի չի համարում եղբոր առջև խոնարհվելու, այլ իրեն բոլորից վեր է համարում: Այս մասին գրված է, թե. «Խոնարհությունը որպես աղ համեմիչ է ողջ առաքինության, և ուր սեր և խոնարհություն չկա, առաքինությունը նեխած է և անարգ»: Խոնարհություն է, երբ ինչ առաքինություն էլ գործում ես, չես խորհում այդ մասին և հպարտանում, ինչպես փարիսեցին, այլ խորհում ես մեղանչածներիդ մասին և խոնարհեցնում միտքդ, ինչպես առաքյալն էր իրեն հանցավոր համարում և ասում. «Հայհոյիչ էի և հալածիչ և ողորմություն գտա». և դարձյալ, թե. «Մոռացել եմ հետևում մնացած առաքինությունները և ձգտում եմ դեպի առջևումս եղածները» (Անանիա Նարեկացի):
148. Խոնարհություն է, երբ մարդիկ քեզ փառաբանում են և պարգևներ տալիս, սակայն դու քո անձի արժանիքներին չես վերագրում, այլ Աստծուն ես փառաբանում, Աստծուց գոհանում և ասում, թե` այն Քո ողորմությունից է և ոչ ըստ իմ արժանիքների, ինչպես ասում է Սողոմոնը. «Որչափ մեծության էլ հասնես, քեզ խոնարհ պահիր և շնորհ և ողորմություն կգտնես Աստծո առջև»: Խոնարհություն է, երբ վշտի ես հանդիպում, և նեղություն է քեզ վրա հասնում, դու չես տրտմում, այլ գոհանում Աստծուց. «Ըստ իմ մեղքերի ես ոչ միայն այսչափ, այլև բազում պատիժների եմ արժանի, և օրհնյալ է Աստված, որ այս անցավոր կյանքում և մահկանացու մարմնի մեջ ինձ վշտի արժանացրեց», ինչպես ասում է առաքյալը. «Հոժար եմ նեղությունների, վշտերի, չարչարանքների, որովհետև երբ տկարանում եմ, այդժամ զորանում եմ» (Անանիա Նարեկացի):
149. Խոնարհություն է, երբ օրը խաղաղությամբ է անցնում, հասնում ես երեկոյին և գոհանում Աստծուց, թե` «Մարդկանցից և սուրբերից շատերն իսկ անհանգիստ և կարոտ են, իսկ ինձ, որ անարժան եմ, հաց և կերակուր տվեցիր և օրս խաղաղությամբ անցկացրեցիր, այդ Քո ողորմությունից է և ոչ ըստ իմ արժանիքների», որի մասին մարգարեն ասում էր. «Ով եմ ես, Տեր իմ, Տեր, և իմ ազգականի տունն ինչ է, որ այդչափ սիրեցիր ինձ»: Խոնարհություն է, երբ կամենում ես առաքինություններ գործել, սկսելու և ավարտելու համար քեզ բավարար չես համարում, այլ Աստծուց ես առաքինություն և օգնականություն խնդրում, թե` «Օգնիր իմ տկարությանը, որ կարողանամ կատարել Քո կամքը», ինչպես և Տերն է ասում. «Ով հաստատված է Իմ մեջ, և Ես` նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց Ինձ ոչինչ անել չեք կարող» (Անանիա Նարեկացի):
150. Խոնարհություն է, երբ սիրում ես ոչ միայն նրանց, որ փառավորված են մարդկանցից, այլ խոնարհվում ես աղքատների առջև և մխիթարում պանդուխտներին, ինչպես Տերն էր անում: Պիղատոսը խոսում էր, և Նա պատասխան չէր տալիս, իսկ ավազակի հետ գթառատությամբ խոսում և պարգևներ էր տալիս. երբ կույրերն աղաղակում էին, կանգ առավ և դիպչելով նրանց աչքերին` բացեց:
Խոնարհություն է, երբ միշտ քո կամքով չես գործում, այլ վարդապետներից և առաջնորդներից խրատ ես վերցնում, ինչպես Մովսեսը, որ չանտեսեց Հոթորի խրատները, այլ ընդունեց և բոլորը կատարեց (Անանիա Նարեկացի):
151. Խոնարհություն է` երբ առաքինություն ես կատարում, չես խորհում, թե` «Իմ անձով և զորությամբ կատարեցի, այլ` Աստծո օգնականությամբ», ինչպես ասում է առաքյալը. «Ոչ ես, այլ Աստծու շնորհը, որ իմ մեջ է»: Խոնարհություն է` որ առաջ չես ձգտում և ունեցածիցդ ավելի բարձր աստիճան չես վերցնում, այլ առաջնորդների կողմից կանչվելով ես ընդունում, ինչպես ասում է առաքյալը. «Ոչ թե նա է ընտրյալ, ով ինքն է իրեն գովում, այլ ում Աստված է գովում» (Անանիա Նարեկացի):
152. Արդ, ողջ առաքինության հիմքը խոնարհությունն է, և բոլոր սրբերը խոնարհությամբ են հաճո եղել Աստծուն: Ինչպես Աբրահամն էր խոնարհվում և ասում. «Ես հող եմ ու մոխիր», դրա համար նահապետների գլուխ եղավ: Այսպես և Դավիթն էր ասում. «Ես որդ եմ և ոչ մարդ, նախատինք եմ մարդկանց համար», դրա համար Աստծուց մարգարեության շնորհ ստացավ և կանչվեց ժողովրդին թագավորելու: Այսպես և Եսային էր ասում. «Վա՜յ ինձ, որովհետև պիղծ շուրթեր ունեմ», դրա համար աստվածաբան կոչվեց մարգարեների մեջ: Այսպես և Կարապետն էր ասում. «Արժանի չեմ արձակելու Նրա կոշիկների կապերը», դրա համար արժանի եղավ Քրիստոսին մկրտելու: Այսպես և Պետրոսն էր ասում. «Հեռու գնա ինձանից, Տեր, որովհետև մեղավոր եմ ես», դրա համար երկնքի արքայության բանալիներն ստացավ և Եկեղեցու Հիմք եղավ: Այսպես և Պողոսն էր ասում. «Արժանի չեմ առաքյալ կոչվելու», դրա համար երկինք ելավ և դրախտը տեսավ (Անանիա Նարեկացի):
153. Արդ խոնարհությունն է ողջ առաքինության գլուխը: Եվ վարդապետներից անթիվ վկայություններ կան խոնարհության մասին, քանզի ոչ ոք Աստծուն այնպես սիրելի չէ, ինչպես նա, ով խոնարհ է և իրեն ետին է համարում հանուն Քրիստոսի, որովհետև Նրան վայել է փառք և իշխանություն այժմ և հավիտյանս. ամեն (Անանիա Նարեկացի):
154. Մի եղիր փառասեր և սրտիդ մեջ մի պահիր ինքնագովություն, ասելով. «Ես այս և այն բաները արեցի, և առաջադիմեցի այս և այն բաների մեջ»: Այսպիսի մտածումները շնչում են փառամոլությամբ, և ով որ բտված է նրանցով, նա դարձել է չար ոգիների բնակատեղի (Անտոն Անապատական):
155. Երբ տրվում ես հոգևոր սխրանքների, մի գովաբանվիր դրանցով (Անտոն Անապատական):
156. Երբ որևէ առաքինի գործ ես կատարում, մի մեծամտացիր, ասելով. «Սա ես ինքս արեցի»: Այդպես վարվելով իմաստուն չես լինի (Անտոն Անապատական):
157. Յուրաքանչյուր խոսք, որ արտասանում ես քեզ գովաբանելով, վնասակար համարիր (Հովհան Ոսկեբերան):
158. Հոգու հիվանդությունը` փառամոլ վարքն է (Եվագր Պոնտացի) :
159. Փառամոլ հոգին` անջուր հոր է (Եվագր Պոնտացի):
160. Դժվար է խուսափել փառամոլության ոգուց, քանի որ, ինչ-որ ձեռնարկես նրան քշելու համար, հենց այդ բանն էլ սկսում է դառնալ սկիզբը մի նոր սնափառության: Մեր ամեն մի ուղիղ մտքին հակառակում են դևերը, բայց որոշներ այդ չար գազանները ողջունում են, սակայն նպատակ ունենալով դրանով իսկ խաբել մեզ (Եվագր Պոնտացի):
161. Ինչպես որ ծակ պարկը չի կարող պահել իր միջի պարունակությունը, այնպես էլ սնափառն է ոչնչացնում իր առաքինությունների վարձը (Նեղոս Սինայեցի):
162. Փառասիրությունը ստորջրյա խութի է նման. եթե բախվես նրան, ապա ամբողջ ունեցած բեռդ կարող ես կորցնել (Նեղոս Սինայեցի):
163. Ողջամիտ այրը թաքցնում է գանձերը, իսկ ուղղամիտը` առաքինության գործերը (Նեղոս Սինայեցի):
164. Եթե ուզում ես հաղթահարել փառասիրությունը` մի սիրիր գովաբանություններ, ոչ մեծարանք, ոչ լավ հագուստ, ոչ առաջին աթոռներ, ոչ նախապատվություն, այլ ընդհակառակը, սիրիր, որ կշտամբեն և անպատվեն, մեղադրանքները քեզ վրա բարդի՛ր ու կշտամբիր ինքդ քեզ, համարելով, որ դու մեղավոր ես յուրաքանչյուր մեղավորից (Եփրեմ Ասորի):
165. Փառասիրությունը հոգևոր հիվանդություն է և անիրավ կիրք (Եփրեմ Ասորի):
166. Փառամոլության դևը ուրախանում է` տեսնելով մեր առաքինությունների բազմապատկվելը, որքան որ շատ են մեր հաջողությունները հոգևոր կյանքում, այնքան ավելի է մեծանում հավանականությունը փառամոլության մեջ ընկնելու (Հովհաննես Սանդուղք):
167. Արեցի՞ր ինչ-որ բան փառասիրությամբ` սպասիր անփառունակության (Հոգեշահ գրքերից):
168. Չի կարելի գովել որևէ մեկին առերես: Դրանով կարող ես մեծ վնաս հասցնել այդ մարդու հոգուն (Հոգեշահ գրքերից):
169. Հաճախ Տերը անպատվաբեր դիպվածներով բժշկում է փառամոլին փառասիրությունից (Հոգեշահ գրքերից):
170. Մեծ գործ է, երբ հեռացնում ես անձիցդ մարդկային գովասանքները, բայց ավելի մեծ է, երբ հեռացնում ես քեզանից դիվային գովքը (Հոգեշահ գրքերից):
171. Մեծ մարդկանց համար բնական է վիրավորանքներ կրել արժանապատվությամբ և ուրախությամբ, իսկ սրբերի համար լսել գովասանքներ` առանց վնասվելու (Հոգեշահ գրքերից):
172. Ով չի ծիծաղի փառասերի վրա, երբ այս կիրքը ստիպում է նրան ծիծաղել, իսկ երբեմն էլ լացել բոլորի առջև` սաղմոսերգության կամ աղոթքի պահին (Հոգեշահ գրքերից):
173. Երբ թշնամին մտքումդ սկսի գովել քեզ քո կողմից արված որևէ գործի համար, դու նրան պատասխանիր. «Ոչ, թշնամի, հիմա ինձ մի գովիր, այլ այն ժամանակ գովիր, երբ Դրախտ կմտնեմ», և նա կանհետանա («Հոգևոր Պատերազմ»):
174. Չկա ավելի չար մտածում, քան ինքնահավանությունը և մեծամտությունը: Սա ուղիղ հարձակվում է կոտրած սրտի վրա և սառեցնում է այն («Հոգևոր Պատերազմ»):
175. Երբ մոտենա թշնամին և սկսի փող հարել ձեր սրտերում, ձեր առջև, որ դուք այնպիսին չեք, ինչ ուրիշները, այս և այն բանը շատ անգամ ավելի լավ եք անում մյուսներից, այնժամ վերցրեք ինքներդ ձեզ և սկսեք մտովի ման տալ բոլոր այն մեղքերի և սխալների մեջ, որոնք դուք գործել եք և դարձյալ մտովի ասեք, իսկ այս մե՞կն ով է արել, իսկ այս մյո՞ւսը, իսկ սրա մասին ի՞նչ կասեք («Հոգևոր Պատերազմ»):
176. Թող մեզ Աստված գովի և ոչ թե մենք, քանզի Աստված ատում է նրանց, ովքեր իրենք իրենց են փառաբանում: Թող մեր բարի վարքի վկայությունը տրվի ուրիշների կողմից, ինչպես որ այն տրվեց մեր արդար հայրերին: Լկտիությունը, գոռոզությունն ու հանդգնությունը հատուկ են Աստծուց անիծվածներին, իսկ չափավորությունը, խոնարհամտությունն ու համեստությունը` Աստծուց օրհնըվածներին (Կղեմես Հռովմեացի):
177. Բոլոր առաքինությունների գլուխը խոնարհությունն է, իսկ ախտերի գլուխը` փառասիրությունը (Հովհան Մանդակունի):
178. Ոմանք փնտրում են Աստծո արքայությունը, բայց չեն գտնում: Սրանք սնափառներն են ու մարդահաճները, որոնք պերճանում են փառասիրության հողմով. բարիք են գործում, սակայն փառամոլության պատճառով կորցնում են իրենց վարձը. մարմնով մեռնում են, սակայն հոգով չեն ապրում. չարչարվում են, սակայն չեն հանգստանում. տանջվում են, բայց պսակի չեն արժանանում, քանզի այդ իսկ է նրանց վարձը: Սրանց մասին է ասում Տերը.»Միմյանցից եք փառք ստանում, իսկ Միակ Աստծուց փառք չեք փնտրում»: Սրանց մասին ասում է Դավիթ մարգարեն. «Տերը կցրի մարդահաճների ոսկորները» (Գրիգոր Տաթևացի):
179. Մի՛ աշխատիր դուր գալ որևէ մեկին, բացի Քրիստոսից, և ոչ մի բանից մի՛ սարսափիր, բացի Աստծո բարկությունից (Անտոն Անապատական):
180. Գործերը, որ դրված են մեր վրա Աստծուց, չի կարելի հետաձգել մարդկանց դուր գալու համար (Անտոն Անապատական):
181. Մարդկանց հանդեպ ունեցած հարգանքից ելնելով Աստծո պատվիրանները մի խախտիր (Անտոն Անապատական):
182. Ոչ միայն մարդկանց առջև արդար երևա, այլ ինքդ քո մեջ եղիր իմաստուն, հեզ, բարեհոգի, համբերատար, նախանձախնդիր (բարին գործելու մեջ) և մարդասեր (Անտոն Անապատական):
183. Մի՛ թող Աստծո կամքը` մարդկանց կամքը կատարելու համար (Անտոն Անապատական):
184. Մի եղիր կեղծավոր կամ երեսպաշտ, մանավանդ` ստախոս (Անտոն Անապատական):
185. Երբ մեծ մեկի առջև ես ներկայանում, ապա հիշի՛ր, որ Ամենակարողը տեսնում է ամեն բան, ինչ կատարվում է և աշխատի՛ր ավելի հաճո լինել Նրան, քան մյուսին (Անտոն Անապատական):
186. Որքան էլ քարը ուժեղ նետես երկինք, այն տեղ չի հասնի, այնպես էլ մարդահաճի աղոթքը չի հասնի իր նպատակին (Նեղոս Սինայեցի):
187. Մարդահաճությունը թուլացնում է կրոնավորի զորությունը: Մարդիկ կայուն չեն. այսօր կգովեն, վաղը կգլորեն (Պողոս Պատրիարք):
188. Մարդահաճները սովոր են հիմնականում գովել չարերին, քան բարիներին, քանզի գիտեն, որ պետք է ավելի շատ վախենալ չարերից, քան բարիներից (Պողոս Պատրիարք):
189. Շատ նենգավորներ շողոքորթ քաղցրությամբ սիրելի են դառնում, իսկ մարդասեր և շատ առաքինի մարդիկ իրենց անաչառ և խիստ վարքով ատելի են լինում, իբրև դաժանաբարո և անպիտան (Պողոս Պատրիարք):
190. Քծնողներն այնքան գեղջուկներին չեն գցում իրենց ցանցը, որքան իշխանավորներին: Որևէ իշխան, որ այդպիսինին չի վռնդում և չի սիրում ճշմարտախոսին, իր ձեռքով իր կորուստն է նախապատրաստում (Պողոս Պատրիարք):
191. Մեծամեծ խռովությունները շատ անգամ առաջանում են չնչին պատճառներից, ինչպես մեծ հրդեհները` փոքրիկ կայծերից: Ով կամենում է ամենքի հետ հաշտ և անխռով ապրել, նրբանկատ թող լինի, մինչև իսկ փոքրերի նկատմամբ, որպեսզի խռովություն չծագի իրար մեջ (Պողոս Պատրիարք):
192. Կուռքեր են նաև փառասիրությունն ու մարդահաճությունը, որոնք հալածում են մարդու միջից նույնիսկ հավատը, համաձայն Տիրոջ դատաստանի, որ ասում է. «Ինչպե՞ս կարող եք դուք հավատալ, երբ իրարից փառք եք փնտրում (Հովհ. 5:44) (Սարգիս Շնորհալի):
193. Փառասիրության կուռքը խորտակենք նվաստությամբ, մարդահաճությանը` անաչառությամբ, սնապարծությանը` ճշմարտությամբ, իսկ ամբարտավանության կուռքը` խոնարհությամբ: Մեր մտքերից բոլորովին ջնջենք կռապաշտությունը` հեզությամբ, բոլոր մարդկանցից հետինը նկատելով մեզ և հանցավոր` բյուրապատիկ պատժի արժանի (Սարգիս Շնորհալի):
194. Անձի համար մարդկանցից փառք փնտրելը ոչ միայն հակառակ է Աստծո փառքին, ինչպես ասաց Տերը ոմանց մասին, թե` փառքն ավելի սիրեցին, քան Աստծո փառքը» (Հովհ. 12:43), այլև
«Մարդկանց պատճառ է դառնում, որ նրանց առերես գովողներն իսկ իրենց անարգեն որպես ախտավորի, երբ տեսնում են նրանց` գովասանքի և փառքի հետամուտ լինելը (Ներսես Շնորհալի):
195. Վերջին ռամիկին դուր գալու համար ընկա աչքից մեծ Թագավորի (Գրիգոր Նարեկացի):
196. Մեզանից ոչ ոք չի ուզում հողեղեն ու մահկանացու մարդուց արժանանալ պատվի, որը ուտիճն ու ցեցն են ապականում և գողն էլ տանում է մի ակնթարթում (Ղևոնդ Երեց):
Նյութերը վերցված են <<Խրատանի ապաշխարության>> գրքից: