Հրեշտակները լուսեղեն էակներ են, որոնք, ինչպես ակնարկում է Աստվածաշունչ մատյանը, ստեղծվել են առաջին օրը, լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորելու մարդուն: Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով, իրենց մասնակցությունն են բերում երկրավոր կյանքի ընթացքին և գործում են ժամանակի ու տարածքի մեջ կենցաղավարող մարդու հետ, մարդու համար (Եբր. 1:14):
Հրեշտակները ավետարանական պատկերների անբաժանելի մասն են կազմում: Քրիստոսի և Աստվածածնի հետ հրեշտակներին (հիմնականում հրեշտակապետերին) պատկերելը հիմնվում է Նոր Կտակարանի հետևյալ պատմության վրա: Մատթեոսի Ավետարանում գրված է, թե ինչպես Քրիստոսին երեք անգամ փորձելուց հետո «սատանան Նրան թողեց, և ահա հրեշտակները մոտեցան և ծառայում էին Նրան» (Մատթ. 4:11): Քրիստոնեական արվեստում հովանավոր պահապանի և երկրպագություն արտահայտող կեցվածքով հրեշտակները պատկերվում են ոչ միայն Քրիստոսի և Մանուկ Հիսուսին գրկած Աստվածածնի երկու կողմերում, այլ նաև Ծննդյան և մոգերի երկրպագության տեսարաններում և ներկայացվում որպես Քրիստոսի և Աստվածամոր «մշտական ուղեկիցներն սկսած 4-րդ դարից»: Հայկական հուշարձաններում պահպանված հրեշտակների պատկերաքանդակների քննությունից եզրակացնում ենք, որ նրանց հստակ ձևակերպում ստացած պատկերագրությունը ներառում է այնպիսի հատկանիշներ, որոնք, ընդհանուր լինելով վաղ շրջանի քրիստոնեական արվեստի գործերի համար, կրում են նաև ազգային մտածողության յուրահատկությունները:
Ուշագրավ է և խորհրդանշական իմաստով կարևոր այն դրվագը, երբ հրեշտակները պատկերվում են բաց ափով ձեռքը վեր բարձրացված շարժումով, որն ընդունված է Արևելքում և արտահայտում է ողջույն կամ պաշտամունք: Ձեռքի այսպիսի դիրքով պատկերներ արվել են նաև վաղ շրջանի արևելաքրիստոնեական արվեստի գործերում, ավելի հաճախ ղպտական քանդակներում: Հետագա դարերի հայ արվեստի հուշարձաններում ձեռքի խորհրդանշական այս շարժումը այլևս չի պատկերվում:
Պատկերագրության առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում երկու կոթողների վրա Աստվածածնի գլխավերևում տեղադրված գունդ բռնած հրեշտակի քանդակը: Խոշոր, երկար թռչնաթևերով, մինչև ոտնամանների ծայրը հասնող հագուստով ու թիկնոցով հրեշտակը երկու ձեռքով կրծքի վրա գունդ է բռնել: Մեկ այլ կոթողի վրա նույն դիրքով կանգնած հրեշտակի աջ ձեռքը վեր է բարձրացված՝ ողջունելու կամ երկրպագության շարժումով: Ուշագրավ է հրեշտակների ոտքերի դիրքը՝ կրունկները իրար մոտ, ոտնաթաթերը աջ ու ձախ շրջած, որը, ինչպես նկատում է Գ. Հովսեփյանը, «հնութեան նշաններից մեկն է»: Գունդը՝ որպես բացարձակ իշխանության խորհրդանիշ, հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից:
Քրիստոնեական արվեստում այն հիմնականում ավարտվում է խաչով, պատկերվում Հայր Աստծո, Քրիստոսի և հրեշտակապետերի ձեռքին՝ արտահայտելով քրիստոնեության թագավորությունն ամբողջ աշխարհում:
Միջին բյուզանդական շրջանի արվեստագետները երբեմն ներկայացնում են երկնքում թռչող հրեշտակներին: Հետագայում հրեշտակներին ներկայացնում են դևերի ձեռքերն ու ոտքերը կապելիս:
Պատկերներում հրեշտակի աջ ձեռքը՝ ուղղված դեպի Մարիամը, աստվածային հրամանի հաղորդման նշանակն է: Հովհաննես Խիզանցին Ավետման տեսարանում կերպարները վրձնելիս դիմել է յուրօրինակ հնարքի: Գաբրիելն ու Մարիամը կանգնած են ոտնաթաթերի ծայրերին և չեն հենվում գետնին: Թվում է, թե նրանք թեթևակի վեր են բարձրացել: Այս նկարչական հնարքը թեթևություն է հաղորդել ողջ հորինվածքին:
Մի շարք տեսարաններում հանդիպում ենք սրնգահար հրեշտակների պատկերների: Հմր. 316 ձեռագրի «Ավետման» տեսարանում Մարիամին հայտնված հրեշտակապետը բարի լուրը հաղորդելիս սրինգ է նվագում, այդ տարբերակը 13-14-րդ դդ. հայկական մանրանկարչության այլ հուշարձաններից մեզ հայտնի չէ: Սրնգահար հրեշտակին հանդիպում ենք նաև «Հարության» տեսարաններում (Մատենադարան, ձեռ. հմր. 316 և 6319): Նույն մոտիվը երբեմն կարելի է տեսնել Արցախին հարակից շրջանների՝ Տաթևի և Եղեգիսի ձեռագրերում:
Ըստ Աստվածաշնչի՝ Գաբրիել հրեշտակապետին է հանձնարարված հնչեցնել մեռելների հարության փողը, ուստի նա պատկերվում է փողհարելիս: Արցախի և Սյունիքի մանրանկարչական դպրոցների հուշարձաններում «Ավետման» և «Հարության» տեսարաններում առկա են շեփորահարող հրեշտակների նույնական կերպարները: Աստվածաշնչում հիշատակվում է նաև Միքայել հրեշտակապետի մասին: Թե՛ Սուրբ Գրքում, թե՛ ավանդության մեջ Միքայելը ներկայանում է իբրև մարտնչող և պայքարող իշխան, Աստծո փառքի և նրա ժողովրդի պաշտպան: Այդ իսկ պատճառով էլ պատկերների մեջ նա գրեթե միշտ ներկայացված է զինավորված, սուրը ձեռքին և վիշապը ոտքերի տակ: Մի ուրիշ պարագայում էլ նա ներկայացվում է կշեռքը ձեռքին, որով կշռում է ննջեցյալների հոգիները արդարներին Աստծուն ներկայացնելու և մեղավորներին դժոխք նետելու համար:
Հրեշտակներ պատկերվում են անվանաթերթերի գլխազարդերի վրա: Ավետարանների տարբեր թերթերում գտնվող հրեշտակագիր լուսանցազարդերը մանրանկարչական ամբողջականությունը ձևավորող գեղեցիկ նմուշներ են: Լուսանցազարդերը խորհրդաբանորեն կապված են ավետարանական բնագրի բովանդակության հետ: Օրինակ՝ «Գաբրիել հրեշտակ» լուսանցապատկերը առնչվում է Ավետման պատմության հետ: 1230-32 թթ. Ավետարանում Մատթեոսի ավետարանի տիտղոսաթերթին պատկերված նրա խորհրդանիշ հրեշտակը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել նոր միջոցներով դեմքերը և հագուստի ծալքերը պատկերելու նկարչի հմտության և նրանց ծավալային տեսք տալու ձգտման մասին: Հայ արվեստում դաստառակով հրեշտակների պատկերները տարածում են գտել 9-րդ դարից սկսած և հանդիպում են տերունական մի շարք տեսարաններում («Համբարձում», «Խաչելություն», «Ննջումն Աստվածածնի» և այլն): Նրանք դաստառակով բռնած ինչ-որ բան են ընծայաբերում Աստվածածնին և Հիսուսին: Հայոց եկեղեցում ընդունված ավանդույթ է դաստառակով Ավետարան, Խաչ, մասունք և ծիսաարարողական այլ սպասք բռնելը: Ինչպես Վարդան Հացունին է ընդհանրացնում. «Ամեն սրբութեանց հետ կը գործածուէր այս կտորը»: Մեր եկեղեցու կողմից ընդունված այս կարգը նկատի ունենալով կարող ենք միայն ենթադրել, որ հրեշտակները ինչ-որ սրբազան առարկա են մատուցում Աստվածածնին և Հիսուսին՝ որպես մեծարանքի ու պաշտամունքի նշան:
Հրեշտակները պատկերվում են ճախրելիս: Պատկերագրության մեջ հանդիպում ենք հրեշտակների գլուխների, որոնք պատկերվում են վերևի անկյուններում՝ ամպերի մեջ:
Հրեշտակների ինքնատիպ պատկերագրությամբ ընդգծվում է տեսարանի խորհրդանշական բովանդակությունը և հանդիսավորությունը: Վ. Լազարևը նկատում է, որ «հրեշտակների ներկայությունն ընդգծված հանդիսավորություն է հաղորդում սրբապատկերային հորինվածքին»: Նրանց երկար թռչնաթևերից մեկը թիկունքից ուղղաձիգ իջնում, հասնում է մինչև ոտնաթաթերը, իսկ մյուս երկուսը, աջից և ձախից դեպի կենտրոն ձգվելով, միանում և կամար են կապում Աստվածածնի ու Հիսուսի գլխավերևում, ապա իրար վրա գալով՝ շարունակվում և հասնում են մինչև հրեշտակների գլուխների վերևը: Հրեշտակները վերևից և ներքևից բռնել են գահի երկու կողքերից՝ ի նշան հովանավորության և սպասավորության: Երբեմն Աստծո հովանավորությունը հրեշտակներից բացի մարմնավորվում է աղավնակերպ Սուրբ Հոգու միջոցով:
Մոմիկի մանրանկարներն աչքի են ընկնում նուրբ կոլորիտով: Նրա տիպաժներն ունեն իրենց առանձնակի գույնը, որի շնորհիվ գրեթե անսխալ կարելի է որոշել յուրաքանչյուրին: Նրա հրեշտակներն ու հրեշտակապետերը բաց կարմիր տոներով հագուստ են կրում:
Հրեշտակների սրածայր օձիքով, յուրատեսակ ծալազարդումով զգեստների, թռչնաթևերի պատկերման եղանակը հուշում են հայ նկարչի կողմից եվրոպական արվեստի իմացությունն ու ստեղծագործաբար կիրառումը:
Կազմեց Գայանե Սուգիկյանը