Հուսահատությունը

Հուսահատությունը որոշեց ուրախ մարդկանց տրամադրությունը փչացնել: Մեկին հաջողվեց աշխատավայրում տեղի ունեցած տհաճ միջադեպի միջոցով վշտացնել, մյուսին՝ ընտանիքում ծագած վեճի: Իսկ երրորդը հավատացյալ մարդ էր: Հուսահատությունը նրան մեկ այս կողմից ցանկացավ մոտենալ, մեկ՝ մյուս, սակայն ոչինչ չստացվեց: Այդժամ այնպես արեց, որ մարդն իր ողջ հարստությունը կորցրեց:

- Աստված տվեց, Աստված վերցրեց,- ասաց մարդը,- Նա ավելի լավ գիտե, թե ինձ համար ինչն է օգտակար: Միգուցե վաղն ինձ սպանեին դրա պատճառով:

Այդժամ հուսահատությունն այնպես արեց, որ նրան զբաղեցրած պաշտոնից հեռացրեցին:

- Ինքս եմ մեղավոր,- ասաց մարդը,- նշանակում է վատ էի աշխատում: Այժմ ավելի շատ ժամանակ կունենամ ընտանիքիս տրամադրելու: Փա՜ռք Աստծո ամեն ինչի համար:

- Ուրեմն այդպե՞ս,- զայրացավ հուսահատությունն ու սարսափելի հիվանդություն ուղարկեց նրան:

- Իհարկե շատ է ցավում,- տնքաց մարդը,- բայց հիվանդության մեջ Աստված անմիջապես կողքիդ է գտնվում, իսկ դա այնպիսի՜ ուրախություն է:

Կարծես քարե պատ լիներ հուսահատության առջև: Արդյունքում միայն իր ուրախությունը փչացրեց: Ավելի ճիշտ՝ չարախնդությունը, որովհետև ի՞նչ ուրախություն կարող է ունենալ հուսահատությունը:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

04.04.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․