Մի անգամ աբբա Անտոնիոսը լսեց ոմն երիտասարդ կրոնավորի մասին, որ նշաններ արեց ճանապարհին, այսինքն՝ մինչդեռ ճանապարհ էր գնում մի քանի ծերերի հետ, վայրի էշերին հրաման տվեց ետ գալ և վերցնել իրեն: Երբ այս բանը ծերերը պատմեցին աբբա Անտոնիոսին, նա ասաց նրանց. «Ափսոսում եմ այդ եղբորը, որ լի է բարությամբ՝ մեծամեծ բարիքներով բեռնված նավի նման, և չգիտեմ՝ կհասնի՞ նավահանգիստ, թե՞ ոչ»: Իսկ հետո՝ փոքր ժամանակ անց, հայր Անտոնիոսն սկսեց արցունքներ հորդել, մորուքը փետել և կուրծքը ծեծել: Եվ աշակերտները հարցրին նրան. «Ինչո՞ւ ես լալիս, հա՛յր»: Ասաց ծերը. «Ավա՜ղ, այս պահին եկեղեցու մեծ սյունն ընկավ»: Եվ այս ասում էր այն երիտասարդ կրոնավորի մասին: «Իսկ հիմա գնացե՛ք նրա մոտ,- ասաց,- և տեսե՛ք կատարվածը»: Գնացին աշակերտները և տեսան երիտասարդ մենակյացին՝ խսիրների վրա նստած լաց լինելիս իր մեղքերի համար, որ գործել էր: Եվ տեսնելով ծերի աշակերտներին՝ ասաց. «Ասացե՛ք ծերին, որ աղերսի Աստծուն՝ միայն տասն օր ինձ տալ, և հույս ունեմ պատասխան տալ և ապաշխարել մեղքերիս համար»: Եվ հինգ օր հետո վախճանվեց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016