«Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, Ի՛նձ արած եղաք»

Փետրվարի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Ջիվանի 23 հասցեում վարձակալությամբ բնակվող Վարդանյան ընտանիքին: Չորս հոգուց բաղկացած ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է հայտնվել, քանի որ ընտանիքի հայրը՝ Վարդանյան Դավիթը (31 տ.), շինարար լինելով, մշտական աշխատանք չունի, իսկ աշխատելու դեպքում էլ վարձատրվում է աշխատավարձի նվազագույն չափով: Ընտանիքի մայրը՝ Մելքոնյան Մարինեն (30 տ.), նշեց, որ ինքն առողջական խնդիր ունի, բայց ֆինանսական խնդրի պատճառով չի կարողանում վիրահատվել: Ընտանիքն ստանում է ընտանեկան նպաստ, որի գումարը չի բավարարում անգամ իրենց նվազագույն կարիքները հոգալու համար: «Այժմ մտահոգությունս իմ զավակների առողջական խնդիրն է, ծանր գրիպային վիրուսից հետո մեկ տարեկան ինը ամսեկան և երկու ամսեկան տղաներս դժվարությամբ են ապաքինվում»,- ասաց Մարինեն:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Մարինեին հանձնեց դրամական օգնություն (100 եվրո), որ տրամադրել էին Ավստրիայում բնակվող տէր և տիկին Օհանէս Նալպանտեանը և Մարօ Աւետիսեանը: Ընտանիքն անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին:

Մերձավորի հետ մեր ունեցած փոխհարաբերության մեջ է թաքնված մեր փրկության գաղտնիքը: Այդ մասին վկայում է Ավետարանը հետևյալ խոսքերով՝ մի՛ դատեք, որպեսզի Աստված էլ ձեզ չդատի, ներեցե՛ք ուրիշներին, և Աստված էլ ձեզ կների, ինչ չափով, որ չափեք ուրիշներին, նույն չափով Աստված ձեզ կչափի (Ղուկաս 6:37-39): Այս և նմանատիպ պատվիրաններն ուսուցանում են մեզ, որ Աստծո հետ մեր փոխհարաբերությունն անմիջականորեն կապված է մերձավորի հետ մեր փոխհարաբերությամբ: Եթե չենք դատում, ներում ենք, օգնում և բարին կամենում մերձավորին, ապա մեր արարքներն ուղղում ենք Տիրոջը, Ով ասում է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, Ի՛նձ արած եղաք» (Մատթ. 25:40):

 

Կարինե Սուգիկյան

03.02.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․