Իմ Հոր կամքը

Իմ Հոր կամքը | Im Hor Kamqy

«Այս է կամքը Իմ Հոր, որ Ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն Ինձ տվել է, նրանցից ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց» (Հովհ. 6.39):

Ի՞նչ է ուզում ասել մեր Տերը: Բոլոր մարդիկ Աստծու արարածներն են, Աստված է մարդկանց ստեղծել: Եվ բոլոր մարդիկ, ինչպես դրախտային ընտանիքը` Ադամն ու Եվան, պատկանում էին Տիրոջը, որովհետև Աստված մարդուն Իր պատկերով է ստեղծել: Եվ եթե Աստծո պատկերով ու նմանությամբ է ստեղծված մարդը, ուրեմն Աստծո կնիքն ու դրոշմը կա մարդու վրա. և յուրաքանչյուր կնիք ու դրոշմ կրող մարդ (որ Աստծո դրոշմն է) պատկանում է դրոշմի Տիրոջը, այսինքն` Աստծուն: Աստված մարդու հոգին Իր պատկերով է ստեղծել և աստվածային պատկերի նմանությունը մարդու մեջ երևում է հոգով, բանականությամբ, սրտով և էությամբ: Սակայն մենք այս պատկերի նմանությունը կորցրեցինք, որովհետև Աստված սուրբ է և Հոգի է, և մեր հոգին էլ պետք է սուրբ և աստվածային լինի: Բայց մենք չպահեցինք այս պատվիրանը, մեղք գործեցինք, դարձանք մեղավոր, մարդկային և ոչ թե աստվածային և սուրբ: Եվ Ադամի մեղանչումից սկսած մարդիկ սկսեցին չպատկանել Աստծուն, որովհետև աստվածային պատկերն ու նմանությունը սկսեց աղճատվել, քանդվել և ձևափոխվել: Բայց մեր Տերը` Հիսուս Քրիստոս, եկավ մարդկության մեջ կրկին վերականգնելու աստվածային պատկերը, որովհետև Աստված մարդուն ուրախ, երջանիկ, խաղաղ է ստեղծել, բայց մեղքը խաթարում է այս խաղաղությունը, ուրախությունն է վերացնում, երջանկությունն է հեռացնում, Աստծո և մարդու միջև պատնեշ է դառնում մեղքը: Ուստի պետք է քանդել մեղքի պատնեշը, վերացնել այդ միջնորմը և Աստված կրկին կդառնա մերձավոր Աստված:

Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, եկավ փնտրելու և գտնելու աստվածային պատկերը, կորսված պատկերը մարդու մեջ: Եվ խաչը բարձրացավ Քրիստոս մեր մեղքերը ջնջելու, մեզ սրբագործելու և աստվածային նախկին պատկերին դարձնելու համար: Եվ մենք մեզ չենք պատկանում, մենք Քրիստոսի անգին պատվական արյան գինն ենք: Ս. Գրիգոր Տաթևացին ասում է, որ եթե ամբողջ տարերքն ու տիեզերքը դառնան անգին քար, ապա մի կաթիլ Քրիստոսի արյուն չարժեն: Այսքան պատվական է Քրիստոսի արյունը և այսպիսի անգին գնով ենք մենք գնված: Եվ չպետք է Տիրոջ արյան գինը իզուր անցկացնենք, որովհետև մենք կոչված ենք սուրբ լինելու, որովհետև մեր Տերն այսօր Ավետարանում ասում է. «Իմ Հոր կամքն այն է, որ բոլոր նրանց, ում Հայրն Ինձ է տվել», այսինքն՝ Քրիստոսի արյամբ գնվածներին, «որևէ մեկին չկորցնեմ»: Քրիստոս անսահման սիրով է սիրում մեզ, որովհետև երկինքը թողեց, եկավ աշխարհ, խոնարհ կերպարանք ստացավ, մարդկային բնություն առավ, ծնվեց մսուրում` անասունների մեջ, որպեսզի մեզ փրկի: Եվ այս բոլորով չբավարարվեց, աղքատ ընտանիքի մեջ ծնվեց, Հովսեփի` հյուսնի որդին էր և աղքատ էր ապրում մեր Տերը. երկնքի ու երկրի Արարիչն էր, տերերի Տերը, թագավորների Թագավորը, աստվածների Աստվածը, բայց մարդկանց ողորմություններով էր ապրում, որովհետև Ավետարանում ասվում է. «Եվ Նրա հետ էին Տասներկուսը և մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից ու հիվանդություններիցորոնք իրենց ունեցվածքից մատակարարում էին Նրան» (Ղուկ. 8.2-3): Տեսեք, որքան խոնարհություն: Մենք ուրիշի ձեռքին չենք նայում, հպարտանում ենք` ասելով. «Արժան չէ ուրիշի ձեռքով կերակրվել, մենք մեր ձեռքի վաստակով պետք է կերակրվենք»: Բայց Քրիստոս ուրիշի ձեռքին էր նայում մեզ համար, որպեսզի հնարավորություն տար ուրիշներին ևս փրկվել, որովհետև Տիրոջը ողորմություն տալով իրենք էլ երկնքում ողորմություն պետք է գտնեին: Այս բոլորը մեզ համար Տերն արեց և այսքանով չբավարարվեց, այլ Նա Իր ամբողջ կյանքը զոհաբերեց մեզ համար, Իր արյունը հեղեց խաչի վրա, մորը թողեց և իջավ դժոխք մարդկանց փրկելու համար: Ուստի մենք պետք է ճշտենք` Քրիստոսի՞ն ենք պատկանում, թե` աշխարհի՞ն, սրբությա՞նն ենք պատկանում, թե` մեղքի՞ն: Սա շատ կարևոր հարց է, որովհետև Քրիստոսին պատկանել նշանակում է ամբողջ մտքով, սրտով, հոգով փափագել արդարություն, սրբություն, ժուժկալություն, մաքրություն: Իսկ եթե մեղքն ենք սիրում, աշխարհը, մարմինն ենք սիրում, ապա Քրիստոսին չենք պատկանում: Եվ Քրիստոս խնդրել է, որպեսզի հարություն տա բոլոր նրանց, ովքեր Իրեն են պատկանում: Իսկ ի՞նչ է նշանակում «վերջին օր»: Վերջին օրը մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի գալստյան օրն է, աշխարհի վախճանը, մեռելների հարության, ահեղ դատաստանի օրը: Եվ բոլոր մարդիկ կկանգնեն Աստծու դատաստանի առջև և հատ առ հատ պատասխան կտան իրենց արածների համար. որևէ մեկը Աստծու դատաստանից չի փրկվելու: Վերջին օրը ժամանակը կդադարի, որովհետև մենք այժմ գտնվում ենք ժամանակի մեջ, ժամանակավոր կյանքի մեջ, իսկ Տիրոջ գալստյան ժամանակ կդադարի ժամանակը: Ժամանակը սկսվեց, երբ Աստված արեգակը ստեղծեց, որովհետև արեգակով էր ժամանակը հաշվվում, և այդ օրն էլ եղավ առաջին օրը, որը չուներ առավոտ, սակայն ունեցավ երեկո, որովհետև, երբ մութն ընկավ, իմացան, որ առաջին օրն անցավ: Արարչագործության մյուս բոլոր օրերն ունեին և առավոտ, և երեկո: Իսկ վերջին օրը, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը գա, յուրահատուկ օր պետք է լինի` կունենա առավոտ, սակայն չի ունենա երեկո, որովհետև արեգակն այլևս անելիք չի ունենա, չի ծագի և մայր չի մտնի, որովհետև պետք է երևա Արդարության Արեգակը, մեր Տերը` Հիսուս Քրիստոս, քանզի Երկնքի Արքայության մեջ, հավիտենական կյանքում չի լինելու արեգակ: Եվ ինչպես ասում է Հայտնության Գիրքը` «Եվ քաղաքին պետք չէին արեգակ ու լուսին, որպեսզի լուսավորեն այն. քանզի Աստծու փառքն էր լուսավորում քաղաքը ամեն ժամ, և Գառը ճրագ էր նրա մեջ» (Հայտ. 21.23): Եվ Քրիստոս` Արդարության Արեգակն է լինելու մեր արեգակը և մեզ ուրախացնելու է, միշտ տեսնելու ենք Քրիստոսին, եթե արժանանանք, և ուրախ ենք լինելու: Ուրեմն, ի՞նչ է մեզ մնում. ապրել սուրբ կյանքով, փնտրել և փափագել Տիրոջ խաղաղությունը, Երկնքի Արքայությունը և պատրաստվել վերջին օրվան` աներեկո օրվան, որպեսզի Տիրոջ առջև կանգնելիս մենք արդարանանք, փրկվենք և մտնենք Երկնքի Արքայություն: Ամեն:

Տեր Միքայել վարդապետ Գևորգյան

 

 

18.12.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․