«Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում»

Հունվարի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սիրիահայ համայնքից Օհանես Նվարդին (67 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Նվարդը նշեց, որ Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունների պատճառով իրենց տունը երեք անգամ վնասվել էր, վերանորոգել էին, բայց չորրորդ պայթյունից հետո, այլևս հնարավոր չէր եղել վերանորոգել: Եվ նա մեկ տարի առաջ իր քրոջ՝ Օհանես Սիրանուշի (59 տ.) հետ տեղափոխվել է Հայաստան՝ վարձակալությամբ բնակվելով Գյուլբենկյան 25/32 հասցեում: «Տասը ամիս մեր տան վարձը մասամբ վճարեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հայաստան գալուց հետո ոտքս կոտրեցի և շաքարային դիաբետ ունենալու պատճառով՝ բուժման երկարատև ընթացք անցա, քույրս էր ինձ խնամում: Մեկ ամիս առաջ էլ ձեռքս կոտրեցի և արդեն ապաքինվել եմ: Այժմ ես և քույրս չենք կարողանում որևէ աշխատանք գտնել, որպեսզի կարողանանք հոգալ մեր կարիքները»,- ասաց տիկին Նվարդը և իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:

«Քրիստոս պատվիրան տվեց «Սիրիր մերձավորիդ»: Իսկ սիրելն ինչպե՞ս է արտահայտվում: Սիրո գլխավոր օրինակն ո՞վ է հանդիսանում մեզ համար: Իհարկե Նա, Ով այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց (Հովհ. 3:16): Եվ Հիսուսն էլ ցույց տվեց մեզ Իրեն ու միմյանց սիրելու, բարեկամանալու ճշմարիտ ճանապարհը՝ ասելով, որ Իր Հոր խոսքը պիտի լսենք ու կատարենք. «Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում» (Ղուկ. 8:21): Ավետարանական այս մի տողով միայն Հիսուս տալիս է Աստծո ընտանիքի բանաձևը: Մերձավորին սիրելու վերաբերյալ Ս. Հովհան Ոսկեբերանը հետևալ խոսքերն է ասել. «Ինձ այդպիսի անգութ խոսքեր մի ասա, թե ինչո՞ւ պետք է հոգ տանեմ: Ես նրա հետ ընդհանուր ոչինչ չունեմ: Մենք ընդհանուր ոչինչ միայն սատանայի հետ չունենք, իսկ բոլոր մարդկանց հետ շատ ընդհանուր բաներ ունենք: Նրանք մեզ հետ նույն բնույթն են կրում, բնակեցնում են միևնույն Երկիրը, սնվում են միևնույն կերակուրներով, նույն Ամենակալն ունեն, նույն օրենքներն են ստացել և կանչված են այն նույն բարուն՝ ինչ որ մենք: Այդ պատճառով էլ չասենք, թե նրանց հետ ընդհանուր ոչինչ չունենք, որովհետև դա չարի ձայնն է, սատանայական անմարդկայնությունը: Արդ այսպիսի բաներ չասենք, այլ եղբայրներին վայել հոգատարություն ցուցաբերենք»»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

24.01.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․