23 Նոյեմբեր, Շբ
Փոքրիկ քաղաքում մի ծերունի էր ապրում, ում բոլորը սիրում և հարգում էին: Շատերն էին գալիս նրա հետ զրուցելու, խորհուրդ հարցնելու կամ խնդրելու, որ իրենց վեճը լուծի: Իմաստուն ծերունին հայտնի էր իր խաղաղասիրությամբ և սրտաբացությամբ, երբեք ոչ ոքի հետ չէր վիճում և ուրախ էր իր տանը հյուրեր ընդունել:
Մի անգամ հյուր եկավ նրա հարևանը, որ ունևոր, ամբարտավան ու նախանձ մարդ էր: Նա շատ կարևոր մարդու տեսք ուներ և անասելի հպարտ էր իրենով: Առանց բարևելու, հենց շեմից դիմեց ծերունուն.
- Ես կյանքում հասել եմ այն ամենին, ինչ ցանկացել եմ, հարուստ եմ և շքեղ կյանքով եմ ապրում: Կարող եմ գնել այն ամենն, ինչ ուզում եմ: Ուրեմն, ասա՛ ինձ, ինչո՞ւ է քաղաքի բնակիչների սերն ու հարգանքը քեզ բաժին հասել: Ես նույնիսկ արքայի տեսք ունեմ:
Իմաստուն մարդը նայեց հարևանին ու պատասխանեց.
- Դու աստվածային տեսք ունես:
Ամբարտավանի դեմքին մի լայն, ինքնահավան ժպիտ հայտնվեց: Բայց իր բացառիկության ընդունումն իրեն քիչ թվաց և որոշեց հեռանալուց առաջ նվաստացնել ծերունուն՝ ասելով.
- Իսկ դու մի կույտ գոմաղբի տեսք ունես:
Դրա պատասխանը եղավ բարի ժպիտը՝ առանց չարության կամ վիրավորանքի նշույլի, որ հարևանն այնքան ուզում էր տեսնել իմաստունի դեմքին: Դա նրան սարսափելի բարկացրեց և նա ասաց.
- Խոսքերս ինչո՞ւ չվիրավորեցին քեզ: Չէ որ դու ինձ Աստծո հետ համեմատեցիր, իսկ ես քեզ՝ մի կույտ գոմաղբի:
- Ես վիրավորվելու առիթ չունեմ,- պատասխանեց ծերունին,- ում սրտում Աստված է բնակվում՝ նա Նրան այլոց մեջ էլ կտեսնի: Իսկ ում սրտում գոմաղբ է՝ նրա համար բոլոր մարդիկ գոմաղբի են նման:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի