Վանքի վանահայրը՝ Հայր Աբրահամը, իմացավ, որ իրենց վանքի մոտակայքում մի ճգնավոր է ապրում, ով մեծագույն իմաստունի համբավ ունի:
Հայրը գտավ նրան ու հարցրեց.
- Եթե այսօր մի գեղեցկուհու տեսնեիր անկողնումդ, ապա կկարողանայի՞ր նրա մասին մտածել ոչ որպես կնոջ:
- Ոչ,- պատասխանեց իմաստունը,- բայց կկարողանայի զսպել ինձ ու չդիպչել նրան:
- Իսկ եթե անապատում մի կույտ ոսկեդրամներ տեսնեիր,- շարունակեց վանահայրը,- կկարողանայի՞ր դրանց որպես հասարակ քարերի նայել:
- Ոչ, բայց կկարողանայի սանձել ինձ ու չդիպչել դրանց:
- Իսկ եթե երկու վանական եղբայրներ գային քեզ մոտ, որոնցից մեկն ատելիս լիներ քեզ, իսկ մյուսը՝ սիրելիս, կկարողանայի՞ր նրանց մասին միանման կարծիք ունենալ:
- Դա չափազանց դժվար կլիներ ինձ համար,- պատասխանեց ճգնավորը,- սակայն երկուսի նկատմամբ էլ ինձ նույն կերպ կպահեի:
- Ես կբացատրեմ ձեզ, թե ով է իմաստունը,- մենաստան վերադառնալով՝ ասաց Հայր Աբրահամը,- դա այն մարդն է, ով չի փախչում կրքերից, այլ կարողանում է սանձահարել դրանք:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի