23 Նոյեմբեր, Շբ
Կրտսեր դասարանի մի աշակերտ հարցրեց ուսուցչուհուն.
- Սերն ի՞նչ է:
Ուսուցչուհին զգաց, որ մյուս երեխաներն էլ ուշադրությամբ լսում են, ուստի ինքը պարտավոր է ազնվորեն պատասխանել: Շուտով դասամիջոց էր, և նա երեխաներին դպրոցի պարտեզ տարավ ու խնդրեց, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը որևէ բան բերի, որը ցույց կտար նրանց սրտի սերը:
Երեխաները ոգևորությամբ ցրվեցին ու երբ վերադարձան, ուսուցչուհին ասաց.
- Այժմ, թող յուրաքանչյուրը ցույց տա, թե ինչ է բերել:
Առաջին աշակերտն ասաց.
- Ես ծաղիկ եմ բերել, այն շատ գեղեցիկ է:
Երկրորդն ասաց.
- Ես թիթեռ եմ բերել, տեսե՛ք ի՜նչ գույնզգույն թևեր ունի: Ես նրան իմ հավաքածուի մեջ կդնեմ:
Երրորդն ասաց.
- Իսկ ես թռչնի այս հրաշք ձագուկին եմ բերել: Նա ընկել էր բնից:
Այդպես հերթով նրանք ցույց տվեցին, թե ինչ են հավաքել պարտեզում:
Երբ բոլորն ավարտեցին ցուցադրությունը, ուսուցչուհին նկատեց, որ մի աղջիկ ոչինչ չէր բերել և իրեն անհարմար էր զգում այդ պատճառով: Նա հարցրեց աղջկան.
- Իսկ դու ոչինչ չգտա՞ր:
Աղջիկը ամաչելով պատասխանեց.
- Ներեցե՛ք ինձ: Ես տեսա ծաղիկը, զգացի դրա բույրը, ցանկացա պոկել, բայց հետո որոշեցի ձեռք չտալ, որպեսզի բույրը տարածվի ողջ այգում: Թիթեռնիկին էլ տեսա, բայց նա այնքան երջանիկ էր թվում մի ծաղկից մյուսը թռչելիս, որ չհամարձակվեցի բռնել նրան: Բնից ծառի ճյուղերին ընկած ձագուկին էլ տեսա, բայց երբ բարձրացա ծառի վրա ու տեսա նրա մոր տագնապով լի աչքերը, նախընտրեցի նրան իր բույնը վերադարձնել: Բայց ես ինձ բերել եմ ծաղկի բույրը, թիթեռի ազատությունն ու ձագուկի մոր երախտագիտությունը: Դրանք ինչպե՞ս կարող եմ ցույց տալ:
Ուսուցչուհին գովեց աղջկան ու բացատրեց երեխաներին, որ սերը կարելի է միայն սրտում պահած բերել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի